HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Հրաչիկը համա՞ռ է, թե՞ բախտավոր

Ընդունված է Վանաձորը համարել բռնցքամարտի քաղաք: Վանաձորցիներ են աշխարհին հայտնի այնպիսի բռնցքամարտիկներ, ինչպես Սամսոն Խաչատրյանը, Մալո Սուքիասյանը, Լեռնիկ Պապյանը, Վախթանգ Դարչինյանը և ուրիշներ: Այս շարքում վանաձորցիներս արդեն նաև Հրաչիկ Ջավախյանի անունն ենք տալիս, ով 2010-ի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ: Հրաչիկի մարզիչ Գևորգ Միսակյանը նրա հաջողությունները վերագրում է բացառապես նրա աշխատասիրությանը: Նաև գնահատում է նրա կամքի ուժը: Հիշում է, որ պարտություններից հետո Հրաչիկը հուսահատության պահեր էր ունենում, երբեմն նույնիսկ որոշում էր թողնել սպորտը, բայց միշտ էլ հաղթահարում էր այդ ժամանակավոր թուլությունը, ինչն ամենակարևոր հատկությունն է մարզիկի համար: Հրաչիկի կինը` Նոնան, համոզված է, որ ամուսինը հաջողության է հասնում համառության շնորհիվ. չէ՞ որ Հրաչիկը համառությամբ է նվաճել նաև Նոնայի սիրտը: Հրաչիկն էլ կարծում է, որ սպորտի մեջ հաջողության հասնելու համար պետք է լինել հաջողակ ու լավ պատրաստված: Իսկ առաջին հերթին պիտի բախտ ունենալ: Այնինչ բախտը նրան միանգամից չի ժպտացել: 12 տարեկանից զբաղվելով բռնցքամարտով` մինչև 18 տարեկանը միջազգային մրցաշարերում Հրաչիկը հաջողություն չէր գրանցում: Քաղաքային մրցաշարերում լավ արդյունքներ ցուցաբերում էր, բայց դրանք փոքր հաղթանակներ էին: Միջազգային մրցասպարեզում Հրաչիկի առաջին ելույթը 2005-ին էր: Մասնակցելով աշխարհի առաջնությանը` հենց առաջին մարտում էլ պարտություն կրեց: Բայց առաջին մեծ պարտությունը նրա մեջ հաղթելու կամք բորբոքեց: Եռանդուն պարապմունքների արդյունքում արդեն հաջորդ տարի Եվրոպայի առաջնությունում պարգևատրվեց արծաթե մեդալով: 2007-ին Աշխարհի առաջնությունում 3-րդ տեղը գրավելով` ձեռք բերեց օլիմպիադայի մասնակցության իրավունք: 2008-ի օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկից մեկը Հրաչիկն էր, որը 60 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի: Իսկ 2010-ին արձանագրեց իր ամենամեծ սպորտային հաղթանակը` ոսկե մեդալ: Վերջին մրցաշարը Հրաչիկի համար շրջադարձային եղավ նաև մեկ այլ առումով. 6 տարի շարունակ հանդես գալով 60 կիլոգրամ քաշային կարգում` այժմ որոշեց բարձրացնել քաշը: Նախ հոգեպես էր հոգնել «քաշ գցելուց», և բացի դրանից` նրան հետաքրքիր էր, թե ինչ արդյունք կունենա բարձր քաշային կարգում: Այս հարցում Հրաչիկը բախում ունեցավ Հայաստանի հավաքականի մարզիչ Ռաֆո Մեհրաբյանի հետ: Վերջինս դեմ էր, որ մարզիկը փոխի քաշը. չէր վստահում: Բայց Հրաչիկը պատվով հաղթահարեց այս փորձությունը: Ի դեպ, այս քաշում` 64 կիլոգրամ, նա հանդես կգա նաև 2012-ի օլիմպիադայում: Հրաչիկ Ջավախյանը չի կարող հաստատ պատասխանել, թե 33 տարեկանում բռնցքամարտն ավարտելով` կշարունակի՞ զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով, թե՞ ոչ: Չգիտի նաև` կյանքն ինչպես կդասավորվի, բայց իր ապագան Վանաձորում է տեսնում: Վանաձորը նրա համար ոչ միայն ծննդավայր է, այլև հոգու քաղաք: Շատ է ճամփորդել, շատ քաղաքներում է եղել, բայց իր տեսած բազում քաղաքներից ամենալավը Վանաձորն է համարում: Ինքն էլ վանաձորցու` պատվի ու թասիբի գիտակցությամբ է ապրում: Մարդու կոչման նրա փիլիսոփայությունն էլ շատ տարբեր չէ դրանից. «Պետք է լավ մարդ լինես, ընկերներիդ հասնես: Ձեռիցդ գալիս է` լավություն անես, եթե չէ, վատն էլ չանես»: Մարտահարթակ (ռինգ) բարձրանալիս Հրաչիկն էլ առաջվա պես չի հուզվում: Առաջ մտածում էր` «կհաղթի, չի հաղթի»: Հիմա մարզիկի սովորական հոգեբանություն է ձեռք բերել. մտածում է` «իրեն չխփեն, ինքը շատ խփի, ինքը հաղթի»: Ըստ նրա` մարզիկը պետք է կարողանա հոգեբանորեն տրամադրվել մարտին: Պետք է մի կողմ դնի իր անհանգստությունները, կողմնակի մտածմունքները, հակառակ դեպքում «չի կարող բոքս անել, կպարտվի»: Հրաչիկի մարտարվեստն ավելի շատ տեխնիկայի վրա է հիմնվում, քան ֆիզիկական ուժի: Ինքը «խաբող մարզիկ է, ավելի շատ հակառակորդին խաբելու վրա է աշխատում. ցույց է տալիս, թե վրա է գնում, բայց դրանով խաբում է նրան»: Եվրոպայի առաջնության 5 մենամարտում էլ այս նույն ձևով է հաղթել մրցակիցներին: 26-ամյա Հրաչիկն արդեն ընտանիք ունի: Դուստրը` Մարին, երկու ամսական է: Հիմա Հրաչիկը միայն սպորտով է ապրում: Իր ասելով` սպորտը նրանից շատ բան է խլում, շատ առիթներից է հետ պահում: Բայց նա չի էլ տրտնջում. այդ ամենի համար դեռ ժամանակ կլինի: Հարազատների պատմելով` Հրաչիկը չափից դուրս ինքնասածի է. «որ ասավ չէ, ուրեմն` չէ»: Հաստատուն է իր որոշումների մեջ, նրան հակառակում համոզելն անիմաստ է, «եթե համոզվելու լինի, կհամոզվի», թեև կինը` Նոնան, սովորաբար մի քիչ համառում է, համոզում, բայց տեսնելով, որ դա սկսում է հակառակ ազդեցությունը գործել, հաշտվում է, տեղի է տալիս: «Հիմնական որոշումները վերջում ինքն է ընդունում բնականաբար, ինչպես բոլոր հայ ընտանիքներում: Բայց երբեմն կարող է նաև քո կարծիքը հարգել»,- ասում է Նոնան: Հարազատներին երբեմն մտահոգում է Հրաչիկի չափազանց մեծ ընկերասիրությունը: Մայրն, օրինակ, «շատ ժամանակ նեղվում է, որ նա մի քիչ շատ է ընկերներին նվիրված, բայց հետո զգում է, որ դա էլ է պետք երևի»: Հրաչիկը տիպիկ հայ տղամարդ է` բոլոր բնորոշ հատկանիշներով: «Ամեն ինչ իր սրտով պետք է լինի, ամեն նոր բան ինքը պետք է հավանի», սիրում է համեղ ուտել, խանդոտ է, թեև Նոնան դա դրական է համարում. «անընդհատ ուշադրության կենտրոնում ես»: Նոնայի խոսքով` մեծ աշխարհի շունչը դիպել է ամուսնուն, և ավանդական մտածողության շատ գծեր նրա մեջ նահանջել են: Հրաչիկն, օրինակ, դեմ չէ, որ կինն աշխատի, խոստացել է չխոչընդոտել նրա աշխատանքին և իր խոսքի տերն է: Ընտանիքում Նոնան երբեք չի նկատել ամուսնու ֆիզիկական ուժի դրսևորումը: «Դա նորմալ էլ չէր լինի. իսկական ուժեղ տղամարդը հոգեբանորեն պետք է ուժեղ լինի և կնոջն էլ ուժեղացնի` որպես թույլ էակի»,- կարծում է Նոնան: Նա սկզբում չէր համակրում ապագա ամուսնուն: Բայց Հրաչիկի մի քայլից հետո իր վերաբերմունքը կտրուկ փոխվեց նրա հանդեպ: «Հասկացա, որ ոչ մի բան իրեն հետ չի պահելու: Եթե ինքը ուզում է, որ դու իր հետ շփվես, պետք է շփվես: Շատ սիրուն էր այդ քայլը: Դրա մեջ որոշ չափով նաև թուլություն տեսա. թուլությունը ուժեղ տղամարդու մեջ նրա մասին շատ բան է ասում»,- անկեղծանում է Նոնան: Այդ քայլն ամեն ինչ փոխեց նրանց հարաբերություններում: Այլապես Հրաչիկը Նոնայի համար այդպես էլ կմնար որպես հերթական հաճախորդ. նրանք ատամնաբուժարանում են ծանոթացել, Հրաչիկը ատամնաբույժ Նոնայի առաջին հաճախորդներից է: Հրաչիկի մայրը` տիկին Մանիկը, պատմում է, որ ինքը հատկապես զայրանում էր, երբ երեխա ժամանակ Հրաչիկին պարապմունքի էր ուղարկում, իսկ նա տեղ չէր հասնում: «Մի օր ուղարկել էի պարապմունքի, չէր գնացել: Էկան ասեցին, որ չի գնացել, հետն էլ Լճերում էրեխեքի հետ ծխել է: Ծեծեցի ու ես վատացա: Որ վատացա, հարևաններին կանչում է` շուտ արեք, էկեք, մորս փրկեք. «Մամ ջան, ցավդ տանեմ, մենակ քեզ բան չըլնի, ես էլ չեմ անի»: Երկու օր հետո նորից արեց»,- պատմում է տիկին Մանիկը: Մայրը միշտ երազում էր, որ որդին հայտնի սպորտսմեն դառնա: «Որ հեռուստացույց էի նայում, տեսնում էի սպորտսմեն երեխեքին, բարի նախանձով ասում էի` Աստված ջան, երնեկ մի օր էլ իմ տղուն սենց հեռուստացույցով ցույց տան»,- ասում է նա: Բայց Հրաչիկի մասնակցությամբ մրցաշարերը տիկին Մանիկը չի նայում. չի կարողանում հաղթահարել այդ պահերի ապրումները: Հետո դիտում է տեսագրությունները: Այն, ինչ զգում է, իր ասելով, անհնար է վերարտադրել բառերով: Բայց մի զգացում նա հստակ տարբերում է. մայրը հպարտ է Հրաչիկով: Վերջերս էլ, երբ տիկին Մանիկը մի անհնարին գործ էր գլուխ բերում, ներկայացավ որպես Հրաչիկ Ջավախյանի մայր, և «որ ասում ա քարը կտրեց, կտրեց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter