
Նոյեմբերի 20-ը երեխաների համաշխարհային օրն է: Երեխաների պաշտպանությունը Հայաստանում արդիական խնդիր է: Տարբեր ժամանակաշրջաններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր են եղել: ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոնվենցիան երաշխավորում է երեխաների պաշտպանությունը: Կոնվենցիայի դրույթներից ամենակարևորն այն է, որ երեխան իրավունք ունի ապրելու իր ընտանիքում: ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունումից հետո ընդունվեց «Երեխաների իրավուքների մասին» ՀՀ օրենքը:
Երեխաների նկատմամբ բռնությունների վերաբերյալ Հայաստանում առաջին անգամ հետազոտություն անցկացվել է 2003 թ.: «Իսկ մինչ այդ մեր երկիրը և ժողովուրդը չէր կարող հասկանալ, որ ծնողը կարող է անպաշտպան էակի վրա ձեռք բարձրացնել: Շատ-շատերն ասում են, որ այդպիսի բան հնարավոր չէ: Մինչդեռ մեզանում ևս կան բռնության դեպքեր»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Եվրահանձնաժողովի երեխաների իրավունքների ոլորտի փորձագետ Անահիտ Սահակյանը:
Հայ օգնության ֆոնդի տվյալներով` նախորդ տարի Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունների 60 դեպք է գրանցվել: Բռնությունը լինում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական: Ֆիզիկական բռնությունը կարող է դրսևորվել երեխային ծեծի ենթարկելով, կճմթելով, ականջը քաշելով: Սեռական բռնության դեպքում երեխային ներառում են սեռական ակտի մեջ, նրա սեռական օրգաններին են հպվում, հաճույք են ստանում նրան մերկ դիտելուց: Հոգեբանական բռնությունը կարող է դրսևորվել, երբ երեխայի վրա հոգեբանական ճնշումներ են գործադրում, անտեսում են, թույլ չեն տալիս, որ ինքնուրույն որոշումներ ընդունի:
«Ծեծված երեխան իր սեփական ընտանիքում նույնպես դաժան է լինելու: Սա սերնդային ցիկլ է»,- ասում է Անահիտ Սահակյանը:
Բանախոսը նշում է, որ, ցավոք, մեզանում դեռևս կիրառվում են երեխաների նկատմամբ ֆիզիկական պատիժները: Հայաստանում շատ դեպքերում երեխաների նկատմամբ բռնությունները չեն բացահայտվում, քանի որ մայրերը ամեն կերպ փորձում են թաքցնել ընտանիքում տեղի ունեցողը: Պետությունը երեխաների նկատմամբ բռնությունները պատժում է դատական համակարգի միջոցով: Անահիտ Սահակյանի համոզմամբ` ծայրահեղություն է այն, որ արևմուտքում երեխաները կարող են դատի տալ ծնողներին:
Ըստ մասնագետների վարկածի` բռնությունը բնորոշ է սոցիալապես ցածր խավերին: Մինչդեռ հետազոտությունները դա չեն ապացուցում, այլ վկայում են, որ բռնությունը հնարավոր է ինչպես սոցիալապես ցածր, այնպես էլ բարձր կարգավիճակ ունեցող ընտանիքներում: Երեխայի նկատմամբ բռնությունը հաճախ ընտանիքում որևէ կոնֆլիկտի հետևանք է, երբ ծնողները փորձում են սեփական լարվածությունը պարպել երեխաների վրա:
Եթե ընտանիքը չի կարողանում իրացնել երեխայի նկատմամբ ունեցած պարտականությունները, ապա երեխայի խնամակալությունը ստանձնում է պետությունը. կամ որդեգրման սկզբունքն է գործում, կամ խնամակալության, կամ էլ երեխային տեղավորում են տարբեր հաստատություններում:
Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում 2002 թ.-ից գործում է Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը, որը պատրաստում է սոցաշխատողների: Անահիտ Սահակյանն ասում է, որ երբ մարդն ունենում է ֆիզիկական խնդիրներ, դիմում է բժշկի, հոգեբանական խնդիրների դեպքում` հոգեբանի, սակայն սոցիալական խնդիրների դեպքում չկա մեկը, ում մարդը կարող է դիմել:
«Սոցիալական աշխատողի ինստիտուտը կայացման փուլում է»,- ասում է սոցիոլոգիայի ֆակուլտետում դասավանդող Անահիտ Սահակյանը: Սոցիալական աշխատանք մասնագիտությունը Հայաստանում գործում է 10 տարի: Այլ հաստատություններում ևս սոցիալական աշխատողի հաստիքներ կան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել