HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Հոր վթարային տունը ցանկացել է ժառանգել, սակայն կորցրել է աշխատանքն ու առողջությունը

1946 թ. Նոյեմբերյան քաղաքում ծնված Ռիգա Գիշյանը 1993 թ.-ից ընտանիքով հիմնական բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի մարզում, ստացել ՌԴ քաղաքացիություն: 1991 թ. սեփականաշնորհման ժամանակ Ռիգայի հանգուցյալ հորը` Մացակ Մարտիրոսի Գիշյանին, եւ եղբորը` Մարտիրոս Մացակի Գիշյանին

, սեփականաշնորհվել է երկու տնամերձ հողամաս, որոնցից մեկի` 600 քառ. մետրի համար պետական գրանցում չի կատարվել, իսկ 250 քառ. մետր մակերեսով մյուս հողամասի համար, որտեղ առկա է 1935 թ. կառուցված բնակելի տուն, 1984 թ. հուլիսի 25-ին կատարվել է պետական գրանցում: 1994 թ. մահացել է Մարտիրոս Գիշյանը, իսկ 1996 թ.` Մացակ Գիշյանը:

Այդ ժամանակվանից եղբոր եւ հոր անշարժ գույքը տիրապետում է Ռիգա Գիշյանը: Նկատի ունենալով, որ հոր եւ եղբոր առաջնահերթ ժառանգն ինքն է, Ռիգա Գիշյանը այս տարվա օգոստոսի 27-ին գրավոր դիմել է «Նոյեմբերյան» նոտարական տարածքի նոտարին, որպեսզի, Շահումյան փողոցի թիվ 17 տան եւ հողամասերի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայական ստանա: Նույն օրը նոտարն իրեն հայտնել է, որ իր հայրը դեռեւս 1990 թ. փետրվարի 13-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տունը կտակել է Ռիգային, սակայն տան սեփականության վկայականում հոր անունը գրված է Մացակ Մարտիրոսի Գիշյան, իսկ կտակում եւ մահվան վկայականում` Աբգար Մարտիրոսի Գիշյան:

Նոտարը նույն օրը իր թիվ 32 որոշումով նոտարական գործողության կատարումը մերժել է` պատճառաբանելով, որ փաստաթղթերում առկա է հոր անվան տարբերություն: Ռիգա Գիշյանը դիմել է Քաղաքացիական ակտերի գրանցման Նոյեմբերյանի տարածքային բաժին` ծնողների ամուսնության վկայականի կրկնօրինակը ստանալու համար: Նրան բաժնից հայտնել են, որ ուսումնասիրել են 1926-1989 թթ. արխիվը, սակայն այդ ակտի գրանցումը ՔԿԱԳ Նոյեմբերյանի տարածքային բաժնում չի հայտնաբերվել: 1905թ. ծնված Մացակ Գիշյանի զինվորական գրքույկում նրա անունը գրված է Մացակ, իսկ 1988 թ. Նոյեմբերյանի անձնագրային բաժնից ստացած անձնագրում` Աբգար: 2010 թ. սեպտեմբերի 22-ին Ռիգա Գիշյանը դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ազգակցական հարաբերությունների փաստը հաստատելու պահանջի մասին հայցով: Դատական հայցում նա նշել է, որ իր հայրը պարգեւատրվել է մի քանի շքանշաններով, որոնք, ինչպես զինվորական գրքույկը, լրացված են Մացակ Մարտիրոսի Գիշյանի անունով, եւ ընդհանրապես Նոյեմբերյանում իր հորը բոլորը ճանաչել են որպես Մացակ եւ ոչ թե Աբգար Գիշյան: Ինքը հնարավորություն չունի ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, եւ անհնար է ուղղում կատարել հոր փաստաթղթերում, քանի որ հայրը մահացած է:

Վկայակոչելով Քաղ.դատ.օր.-ի 189 հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը` Ռ. Գիշյանը դատարանին խնդրել է հաստատել այդ փաստը, որ հանգուցյալ Աբգար Գիշյանն ու ինքը գտնվում են ազգակցական հարաբերությունների մեջ` որպես հայր եւ որդի: Նոյեմբերյանի քաղաքապետարանն էլ գրությամբ դատարանին հայտնել է, որ Աբգար Գիշյանի մահից հետո, 1996թ.-ից նրան պատկանող գույքը փաստացի տիրապետել եւ կառավարել է Ռիգա Գիշյանը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (նստավայրը` Նոյեմբերյան) հոկտեմբերի 13-ին դատավոր Արման Կուրեխյանը սկսել է սույն գործով դատը, այն շարունակել հոկտեմբերի 21-ին եւ նոյեմբերի 4-ին կայացրած վճռով մերժել Ռիգա Գիշյանի հայցը: Մերժման հիմնավորումն այն է, որ ՀՀ Քաղ.դատ.օր.-ի 192 հոդվածի համաձայն` դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, երբ դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը: Դատավորը դատավճռում նաեւ հղում է կատարել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 69-73-րդ հոդվածներին, որոնք վերաբերում են քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ եւ փոփոխություններ կատարելու հիմքերին եւ կարգին:

Գործում առկա ՔԿԱԳ Նոյեմբերյանի տարածքային բաժնի այն տեղեկանքը, որի համաձայն Աբգար Գիշյանի ամուսնության գրանցումը տարածքային բաժնի արխիվում չի հայտնաբերվել, դատարանը բավարար չի համարել` գտնելով, որ դրանով չի հաստատվում այլ կարգով ազգակցական հարաբերությունների փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր ձեռքբերելու անհնարինությունը: ՔԿԱԳ Նոյեմբերյանի տարածքային բաժնի պետ Շուշանիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռիգա Գիշյանը իրենց բանավոր է դիմել, մինչդեռ գոյություն ունի սահմանված հետեւյալ կարգը. քաղաքացին գրավոր ՔԿԱԳ-ի տարածքային բաժին է դիմում, իրենք համապատասխան գործ են կազմում, ուղարկում արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն: Այնտեղ կատարվում է համապատասխան քննարկում, որից հետո դիմումի մերժման կամ բավարարման եզրակացություն է տրվում: Շուշանիկ Հարությունյանն ասաց, որ այս գործընթացը կարող է մինչեւ երկու ամիս տեւել: Նրա խոսքերով` իրենց պրակտիկայում չի եղել դեպք, երբ քաղաքացին դիմի հոր մահվան վկայականում հանգուցյալի անվան փոփոխության պահանջով: Մեր խնդրանքով Շուշանիկ Հարությունյանը հարցում կատարեց իր վերադասին եւ պարզեց, որ մահվան վկայականներում անվան փոփոխություն չի թույլատրվում:

Ռիգա Գիշյանը դեռեւս չի կարողացել ժառանգել հորական վթարային տունը, սակայն այս ընթացքում կորցրել է իր առողջությունն ու աշխատանքը:

Ռուսաստանի Դաշնության 64-ամյա քաղաքացին, կենսաթոշակից զատ, որպես վարորդ աշխատում էր Դոնի Ռոստովի մարզի Մատեեւ-Կուրգանի շրջանի «Շտապ օգնության» ծառայությունում: Որպես բարեխիղճ աշխատող նրա լուսանկարը փակցվել է Ռոստովի երկրամասի 4 շրջաններում տարածվող, 7 հազար տպաքանակով լույս տեսնող «Մինուս Դելովոյ» թերթի առաջին էջում: Դատական գործով ամիսներով մնալով Նոյեմբերյանում` նա արդեն կորցրել է «Շտապ օգնություն»-ում իր աշխատանքը: Իսկ դատական գործընթացի հոգեկան ապրումների պատճառով հիվանդացել է եւ օրերով անկողնուց չի ելնում:

Նա տարակուսում է, որ դատավոր Կուրեխյանը դատի ժամանակ որպես վկա չի ընդունել նոյեմբերյանցի 85 տարեկանն անց 3 անձանց, ովքեր եկել էին հավաստելու, որ Մացակ Գիշյանն ու Աբգար Գիշյանը նույն մարդն են: Ռիգային նաեւ զարմանք են պատճառել դատավորի հարցերը հորական տան վիճակի, այն վարձակալության տալու-չտալու եւ այլնի մասին: Շահումյան փողոցի թիվ 18 այդ տունը 1997 թ. հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժից վթարային է դարձել, այնտեղ անհնար է բնակվել: Տունը նյութական մեծ արժեք չի ներկայացնում: Նոյեմբերյան քաղաքի մի բնակիչ, ով Ռիգայի ազգականն է, նրան խորհուրդ է տվել հոր տունը ժառանգելու համար դատարանների «դռները չընկնել», քանզի մեծ ծախսերի տակ կընկնի: Սակայն 64-ամյա Ռիգայի համար հոր տանը «տեր կանգնելը» արժանապատվության հարց է: Նա առաջիկայում կբողոքարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter