HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ոսկեպարի կորուստներն ու ձեռքբերումները

Սահմանից 1 կմ հեռավորությամբ փոքր ՀԷԿ է կառուցվել

Սահմանամերձ Ոսկեպար համայնքի ղեկավար Հրուշ Աղբալյանի աշխատասենյակում Ռուսաստանի Բելգորոդի մարզի 1593 թ. հիմնադրված Ստարի Օսկոլ քաղաքի խորհրդանիշ-շարֆ եւ քաղաքի պատկերով ափսե կա:

Դրանք Ոսկեպարի գյուղապետին է նվիրել Ստարի Օսկոլի քաղաքապետը: Նա այս տարի ռուսական այդ քաղաքում բնակվող ոսկեպարցի մի գործարարի հրավերով եկել էր Ոսկեպար, հիացել տեղի հրաշք անտառներով եւ հյուրասիրությամբ, քեֆերից մեկի ժամանակ քաղաքի խորհրդանիշ շարֆը փռել Հրուշ Աղբալյանի ուսերին եւ նրան հրավիրել իր ղեկավարած քաղաք: Ոսկեպարի գյուղապետը Ռուսաստան չի գնացել, որովհետեւ ճանապարհածախսի փող չունի: Նա 113 հազար դրամ «մաքուր» աշխատավարձից ամական 15 հազար դրամ է հատկացնում գյուղում ամիսը մեկ անգամ աղբահանություն կատարելու համար: Իսկ Ստարի Օսկոլի քաղաքապետին Ոսկեպար հրավիրած գործարարը մոտ 13 տարի առաջ Ոսկեպարում նոր տուն կառուցեց` գյուղի ֆուտբոլի մարզադաշտում:

Այդ գործը «հաջողեցրեց» նախկին մարզպետ, այժմ հանգուցյալ Պավել Ասատրյանը: Մինչ այժմ Ոսկեպարը ֆուտբոլի մարզադաշտ չունի, եւ այդ մարզաձեւի պատանի սիրահարները խաղում են դպրոցի տարածքում կառուցված մինի խաղադաշտում: Ստարի Օսկոլում բնակություն են հաստատել հարյուրավոր ոսկեպարցիներ: Նրանք մի օր քաղաքի մուտքի ցուցանակին խազել են «Նովի Ոսկեպար» գրությունը:

1970-ականներին Ոսկեպարի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, այսօր գյուղի եռահարկ միջնակարգ դպրոցում սովորում է 98 աշակերտ: 2002-2003 թթ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով հիմնանորոգված այդ կրթօջախի տնօրեն Նվեր Բեգլարյանն ասում է, որ չի ցանկանում աշխատողների կրճատումներ անել. «Արատավոր շղթա է ստացվում: Եթե մի ուսուցչի կամ տեխնիկական աշխատողի կրճատեմ, ընտանիքով կհեռանա Ռուսաստան, քանի որ գյուղում այլ աշխատանք չկա: Այդ ընտանիքի գնալով` դպրոցի երեխաների թիվն ավելի կնվազի»: Դպրոցի տնօրենը կրթօջախի խնայողությունների հաշվին դասարաններից մեկի նախատեսված կրճատումը չեղյալ է համարել` կանխելով երկկոմպլեկտ  դասարանի ստեղծումը:

Ոսկեպարը փոքրիկ նվաճում ունի. ընթացիկ տարում սահմանամերձ գյուղում ծնունդների թիվը գերազանցել է մահվան դեպքերի թիվը. եղել է 15 ծնունդ եւ 12 մահ: Գրանցված 1100, սակայն փաստացի 860 բնակիչ ունեցող Ոսկեպարի այս տարվա բյուջեն 14 մլն 993 հազար դրամ է, որից պետական լրավճարը` 10 մլն 770 հազար դրամ: Գյուղում հիմա միայն մի ծրագիր է իրականացվում` Գերմանական տեխնիկական աջակցության (GTZ) «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով երկու թաղամասում խճապատում է կատարվել, տեղադրվել է ջրահեռացման համակարգ: Այս գործին 300 լ սոլյարկայով օգնել է Լոռու մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, ով ակտիվ մասնակցություն է ունեցել Ոսկեպարի պաշտպանությանը: Տավուշի թիվ 40 ընտրատարածքի պատգամավոր Միքայել Վարդանյանն էլ անցած տարի 2.8 մլն դրամ աջակցություն էր ցուցաբերել գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրով 36 մլն դրամ արժողությամբ 3.5 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցմանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի միջնորդությամբ այդ ծրագրում համայնքի 10 տոկոս ներդրումը կատարել էր Կառավարությունը: Երեք տարի առաջ պետբյուջեի ֆինանսավորմամբ Ոսկեպար մտնող ճանապարհն ասֆալտապատվեց: Սակայն 900 մ անբարեկարգ հատված է մնում, որ ներհամայնքային ասֆալտապատ ճանապարհը միանա գյուղի վերեւով ձգվող, շրջանցիկ ավտոճանապարհին: Նորակառույց ասֆալտապատ ճանապարհի եզրին սելավատար առուներ չկառուցվեցին: Անցյալ տարվա ամռանը Ոսկեպարում գտնվելով` տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն արձանագրել է այդ խնդիրները:

Գյուղապետ Հրուշ Աղբալյանը հույս ունի, որ առաջիկայում դրանք կլուծվեն: Ոսկեպարի համար չլուծված խնդիր է հրետակոծված եւ պատերազմական գոտում գտնվելու պատճառով լքված տների տերերին փոխհատուցման հարցը: 1980-ական թթ. սկզբին ռազմավարական նկատառումներով բնակավայրից մի քանի կմ հեռավորությամբ, ադրբեջանական Աշաղի Աքսիբարա (Ներքին Ոսկեպար) գյուղի մոտ մի ամբողջ թաղամաս կառուցվեց` 27 առանձնատուն: Սակայն դրանց տերերը չհասցրին այնտեղ բնակվել: 80-ականների վերջին սահմանագոտում իրավիճակը սրվեց: Հիմա այդ տները ռազմական գոտում են գտնվում: Դրանց տերերը, որոնց մի մասը Ռուսաստանում է, արդեն երկու տասնամյակ պետությունից փոխհատուցման են սպասում: Ոսկեպարի գյուղամիջում զրույցի ժամանակ Ռուբիկ, Լեւոն եւ Վլադիմիր Պապյանները, Էլյազ Ալավերդյանը, Վանյա Ստեփանյանն էլ բողոքեցին, որ ադրբեջանական հրետակոծությունից իրենց տները վթարային են դարձել: Տավուշի մարզպետարանից եկել են, տներն ուսումնասիրել, լուսանկարել, սակայն այդ հարցը եւս չի լուծվել: Ոսկեպարի վերջին փոքր ձեռքբերումներից է Ադրբեջանի սահմանից ուղիղ 1 կմ հեռավորությամբ Ոսկեպար գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցումը:

«Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ-ի բաժնետեր երեւանցի ներդրողներն արդեն փորձարկել են ՀԷԿ-ի մի ագրեգատ: Փոքր հիդրոէլեկտրակայանի գործարկումով գյուղում մի քանի աշխատատեղ կստեղծվի, ձեռնարկությունն էլ համայնքին ոչ մեծ` տարեկան 30 հազար դրամ հողի հարկ կվճարի: Իսկ Նոյեմբերյանի սարերից դեպի Կոթի ձգվող, ԻՖԱԴ կազմակերպության ֆինանսավորմամբ 27 կմ ջրագծի շինարարության ավարտը ձգձգվում է: Այն դեռեւս 2008-ին պիտի գործարկվեր: Այս ջրագծով Ոսկեպարում 280 հա վարելահող եւ 120 հա տնամերձ կդառնա ինքնահոս ոռոգելի: 1980-ական թթ. Ոսկեպարը 7 տարի բնական գազ է ստացել Ադրբեջանից եւ դրա համար չի վճարել:

Գազամատակարարումը դադարեց հայ-ադրբեջանական հակամարտության սկզբից: Ոսկեպարի եւ հարակից սահմանամերձ 5 գյուղերի գազաֆիկացման ծրագիրը տարեցտարի հետաձգվում է: Սահմանամերձ Ոսկեպարի համայնքապետարանի շենքը, որը ադրբեջանական հրետակոծություններից վնասվել է, խարխլվել, հիշեցնում է 16 ոսկեպարցու կյանք խլած պատերազմի չսպիացած վերքերը: Ե՞րբ կհիմնանորոգվի համայնքապետարանի շենքը, ի՞նչ միջոցներով: Միգուցե այն ժամանակ ոսկեպարցիները դադարեն մտածել Ստարի Օսկոլ գնալու մասին եւ, հայացքները հառած հայրենի Կատարքա սարին, արարեն խաղաղ օրերի տարեգրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter