
Ղարաքոթուկում տնկվեց 680 եղևնի
Նոյեմբերի 20-ին Թեղուտ և Շնող գյուղերին պատկանող «Ղարաքոթուկի հողեր» հանդամասի 2,8 հա տարածքում, «Վալեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ, մայրաքաղաքի 8 ԲՈւՀ-երի` այդ թվում ԵՊՀ-ի, ԵՊՃՀ-ի, ԵՊՃՇՀ-ի, Երևանի պետական բժշկական, մանկավարժական համալսարանների շուրջ 90 ուսանողների մասնակցությամբ կատարվեց եղևնիների ծառատունկ:
Յուրաքանչյուր ԲՈՒՀ-ի ծառատնկման 3 շարք էր հատկացված: Ծառատունկը կազմակերպվել էր հասարակական հիմունքններով: Մինչ ծառատունկի սկսելը ուսանողները այցելեցին Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, ապա Արդվու Սուրբ Հովհաննես կամ Հովհան Օձնեցու վանքը: Օձունի եկեղեցու Տեր Վրթանես քահանան ուսանողներին պատմեց եկեղեցիների պատմությունը, որը սերտորեն առնչվում է միջնադարի իմաստասեր կաթողիկոս Հովհան Օձնեցու անվան հետ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանը և ավագ անտառապետ Արամ Ռամազյանը «Հետք»-ին հայտնեցին, որ «Վալեքս» խմբի ընկերությունների կողմից «Թեղուտ» ծրագրով կատարված նախորդ տարիների 67 հա ծառատնկումներից 50 հա-ն կատարվել է Թեղուտ, 17 հա-ն` Շնողի վարչական տարածքներում: Արդյունքում ծառերի կպչողունակությունը Թեղուտում կազմել է 60-80 %, իսկ Շնողի վարչակական տարածքում` հազիվ 40 %: Նրանք բացատրեցին, որ եղևնիների ծառատունկը ունի առանձնահատկություն: «Եղևնիի տնկին դնում են փոսի մեջ, որից հետո հողը լցնում տնկիի արմատների վրա, ոտքով հողը հարթեցնում են, հետո եղևնու տնկին ձգում են մի փոքր վերև, որպեսզի հողում նրա արմատները ուղղահայաց լինեն: Մենք եղևնու տնկման տեխնոլոգիային տեղյակ ենք պահել ընկերության ղեկավարությանը, սակայն չենք կարող ասել, նրանք այդ մասին ծառ տնկողներին հայտնել են, թե` ոչ: Ես կմոտենամ «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն ընկեր Պապոյանին և նրան այդ մասին կհիշեցնեմ»,- ասաց Կամո Շահնազարյանը: Ծառ տնկողների հարցումներից պարզվեց, որ շատերը տեղյակ չեն եղևնու տնկման առանձնահատկություններին: Այնուհետև, ինչպես հավաստեց Կամո Շահնազարյանը, Ռ. Պապոյանը նրան խոստացել էր ծառատունկն ավարտելուց հետո եղևնիների արմատների ուղղահայաց դիրքը ապահովելու նպատակով մարդ նշանակել տնկիները ձգելու համար: Ծառատունկին իր տիկնոջ հետ մասնակցեց նաև ՀՀ վաստակավոր դերասան Սամվել Բաղինյանը:
Վերջինս զրույցի ժամանակ անընդհատ մեծարում էր «Վալեքս» խմբի ընկերությունների սեփականատեր Վալերի Մեջլումյանին: Նա հավատացնում էր, թե ինքը որևէ շահ չունի, կարիք էլ չունի, պատճառ էլ չունի, որպեսզի Վալերի Մեջլումյանի մասին դրական խոսքեր ասի. «Ուղղակի ես ասում եմ այն, ինչ որ ես տեսնում եմ և զգում եմ: Այ, ծխնելույզը, տեսեք, ինչ ահռելի ծախսեր անելով` մարդը ծխնելույզը ուզում ա տեղափոխի, որը, նորից եմ կրկնում, Սովետական Միության պայմաններում երբեք, ոչ մի Մոսկվա, ոչ մի սիստեմ նման բան չէր անի: Ահռելի ծախսերով մարդը դա անում է (խոսքը Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնելույզի մասին է): Կշահագործվի այս հանքավայրը, ժողովրդի համար և աշխատատեղ ա, և ապագա է, և ամեն ինչ է: Էսօրվա դրությամբ, եթե նա խոստացել է 370 հա կտրելու դեպքում 700 հա վերականգնի, ես հակված եմ հավատալու, որ դա ճիշտ ա»,- ասում է դերասանը:
Մասնագիտությամբ լրագրող, երևանցի Նարինե Գրիգորյանը, ով ինչպես հայտնեց լրագրողական աշխատանքի բերումով չէր ներկա ծառատնկմանը, ասաց. «Ծառատնկմանը շատ լավ եմ վերաբերվում և ողջունում եմ: Անտառահատումների մասին, գիտեք ինչ, արդեն թե տեխնածին, թե բնածին աղետները, բնականաբար, որպես քաղաքացի, իհարկե տխրեցնում է: Բայց գիտեք, տեղյակ եք, որ վերջին շրջանում Լոռիում անտառների հրդեհներ են բռնկվում: Լավ է, որ էսպիսի ծառատունկ են անում: Սա, որքան ես տեղյակ եմ, Թեղուտի ծրագրի հատումների հետ կապված ծառատունկ չէ, սա հասարակական հիմունքներով ընկերության կողմից իրականացվող ծառատունկ է: Ես հատկապես ուզում էի ընդգծել ուսանողների այստեղ լինելու փաստը, ովքեր մեծ էնտուզիազմով եկել են: Ուսանողների այս էնտուզիազմը տեսնելով, կարծում եմ` 10 տարի հետո Թեղուտում ամենախիտ անտառածածկ տարածքն ենք ունենալու»: Ղարաքոթուկում տնկվեց 680 եղևնի:
Մեկնաբանել