HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Ադրբեջանի նախագահը ոչ այլ ինչ է, եթե ոչ դասալիք»

Այսօրվա ասուլիսին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն անդրադարձավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի` Լիսաբոն չկատարած այցին. «Այնտեղ տեղ էր գտել տարածքային ամբողջականությունը` առանց շաղկապելու մնացած սկզբունքների հետ: Դրանով էլ պայմանավորված է Սերժ Սարգսյանի Լիսաբոն չայցելելը: Պատկերացրեք` ինչ կլիներ, եթե նախագահն այցելեր այդ վեհաժողովին, եւ Ադրբեջանի կողմից ինչպիսի շահարկումներ կլինեին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Այն բանից հետո, երբ նախագահ Սարգսյանը հրաժարվեց լիսաբոնյան այցից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն անելիք չունի ղարաբաղյան հարցի կարգավորման գործում: Դա, ըստ Արտակ Դավթյանի, ուղերձ էր միջազգային հանրությանը եւ Ադրբեջանին: «Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի հետ կապված ինտենսիվ թերապիայի միջոցառումներ են իրականացվում: Խոսքը վերաբերում է եւ զորավարժություններին, եւ նախագահի չկայացած այցին, եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը: Այլ կերպ լինել չէր կարող: Ադրբեջանի նախագահի նմանատիպ հայտարարությունները պայմանավորված են դասալքության բարդույթով, քանի որ Ադրբեջանի նախագահը ոչ այլ ինչ է, եթե ոչ դասալիք, ով հոխորտում եւ խոսում է ղարաբաղյան խնդիրը ռազմական ուժով լուծելու մասին, այն պարագայում, երբ առաջին պատերազմի ժամանակ ինքը չի մասնակացել ռազմական գործողություններին եւ ոչ էլ անգամ վառոդի հոտ է առել: Հետեւապես, բարդութավորված էությունն է խոսում իր մեջ»,- Իլհամ Ալիեւի հոգեվիճակն է վերլուծում ԱԺ պատգամավորը: Արտակ Դավթյանի խոսքերով`Ադրբեջանում բարոյական հարթությունում խնդիրներ կան, քանի որ պատերազմի ժամանակ, երբ պետությունը կարիք ուներ երիտասարդ առողջ ուժի, նախագահը դասալիք եղավ: Արտակ Դավթյանն անհնար է համարում ԵԱՀԿ գագաթնաժողովին որեւէ բեկումնային փաստաթղթի ստորագրումը. «Անհնար է հենց այն պատճառով, որ եռանախագահող երկրները բազմիցս հայտարարել են, որ իրենց համար ընդունելի կլինի ցանկացած որոշում, որը կընդունեն հակամարտող կողմերը: Իսկ հակամարտող կողմերից ամենակարեւորը` Լեռնային Ղարաբաղը, չի մասնակցում գործընթացին»: Ըստ պատգամավոր Դավթյանի` որեւէ փոփոխություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ եւ Ադրբեջանի հետ նստի բանակցային սեղանի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter