HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ո՞ւմ շահն է գերակա` շեյխի՞, թե՞ ժողովրդի»

Այսօր կառավարության շենքի մոտ մի խումբ հրազդացիներ բողոքի ակցիա են կազմակերպել` կառավարությունից պահանջելով վերանայել այս տարվա փետրվարիր 25-ի որոշումը: Դրանով Կոտայքի մարզի Արտավազ համայնքի վարչական շրջաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ եւ հատկացվել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը:

Որոշման անհրաժեշտությունը հիմնավորվել է Կոտայքի մարզում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկի իրականացման արդյունավետությամբ: Իսկ ներդրումային ծրագիրը Կառավարությանը ներկայացրել է շվեյցարական «ՍՎԻՍՍ ՌԵԱՌ ԷՍ.ԷՅ» ընկերությունը, որի նախագահն է Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամը: Ընկերությունը Կառավարության նիստի օրը գրանցել է «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ն: Գործադիր մարմնի ղեկավար է նշանակվել ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանի որդին` Արամ Աբրահամյանը: Որոշման իրագործումից հետո շուրջ 130 բնակիչ, այդ թվում` այսօր քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, կզրկվեն իրենց սեփականությունից: Այսօրվա ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում նաեւ «Սասուն Միքայելյանը մեր երկրի հողերն է ազատագրել, իսկ դուք նրանից իր հո՞ղն եք խլում» կամ «Ո՞ւմ շահն է գերակա` շեյխի՞, թե՞ ժողովրդի» ցուցապաստառներով: Բողոքավորները վարչապետ Տիգրան Սարգսյանի անունով դիմում են փոխանցել` խոստանալով` կրկին հավաքվել մեկ շաբաթ անց, իսկ արդյունքի չհասնելու դեպքում` դիմել օրենքով չարգելված բոլոր քայլերին: Ստորեւ ներկայացնում ենք դիմումն ամբողջությամբ. «Հարգելի պարոն վարչապետ, Ձեզ ենք դիմում ՀՀ Կառավարության 25.02.2010թ. «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 241-Ն որոշումը վերանայելու խնդրանքով, քանի որ այդ որոշմամբ խախտվել են ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի մի շարք դրույթներ: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեք են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով օրենքով նախատեսված դեպքերի: Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք ունի: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից, բացառությամբ` ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով»: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ` գերակա հանրային շահն է: Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ` գերակա հանրային շահի որոշման սկզբունքներն են` ա) հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից: Սակայն ՀՀ Կառավարության որոշումը կայացվել է հիշատակված օրենքների խախտումներով. Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի բնակիչներն ունեն սեփականության իրավունքի վկայականներ` Արտավազ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության (վարելահողեր, խոտհարքներ) հողամասերի նկատմամբ: Իսկ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին պատկանող հողամասը իր նպատակային նշանակությամբ հանդիսանում է էներգետիկ, կապի եւ տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների համար նախատեսված եւ ենթակա է օգտագործման էլեկտրաէներգիայի արտադրություն կազմակերպելու համար: Սակայն ՀՀ Կառավարությունը առանց ծանր ու թեթեւ անելու, որոշում է կայացրել գյուղացիներին զրկել իրենց սեփականության իրավունքից` այն հանձնելով «նորածին», անհայտ մի ընկերության` «ԷՅ ԸՆԴ ԷԱ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին, որը ստեղծվել է Կառավարության որոշման կայացման օրը` 25.02.2010թ: Այս ընկերությունը պետք է ջրերի գործարան կառուցի հողամասում: Մենք գտնում ենք, որ Կառավարության որոշման մեջ նշված նպատակը չի կարող գերակայել գյուղացիների հողի նկատմամբ ունեցած իրավունքների եւ շահի նկատմամբ: Բացի այդ, ՀՀ Կառավարության որոշումն ընդունվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ եւ չի անցել 18.07.2007թ. ՀՀ նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված ընթացակարգը  (իրավասու մարմինների հետ համաձայնեցման ընթացակարգ): Կարծում ենք` այս իրավական հիմքերը միանգամայն բավարար են, որպեսզի Կառավարությունը վերանայի կայացված որոշումը` կանխելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացվելիք դատավճռի խայտառակ հետեւանքները: Առանց պատշաճ փոխհատուցման, գյուղացիներից հողատարածքը խլելու եղանակով` արաբ ինչ որ շեյխի քմահաճույքները բավարարելը պատիվ չի բերում ՀՀ կառավարությանը: Էլ չենք խոսում արցախյան ազատամարտի հերոսներից մեկի` Սասուն Միքայելյանի նկատմամբ ցուցաբերված անթուլատրելի վերաբերմունքի մասին. Սասուն Միքայելյանն իր «Սասուն» ջոկատով մեր երկրի համար հողեր է ազատագրել թշնամուց, իսկ Դուք այսօր թույլ եք տալիս, որ մեծահարուստները, որոնք անհայտ է, թե ինչով են զբաղված եղել արցախյան հերոսամարտի տարիներին, ինչ որ շեյխի հովանավորությամբ հող խլեն ազատամարտիկից: Սա խայտառակություն է Հայաստանի Հանրապետության համար եւ Դուք դեռ հնարավորություն ունեք վերջ դնելու այդ ամենին: Հիշեցնենք, որ «Բացառիկ» արտահայտությունը ժամանակակից հայերենում բացատրվում է որպես արտակարգ, արտասովոր, բացառություն կազմող, իսկ «Գերակա» բառը բացատրվում է որպես ամենից բարձր կանգնած, գերագույն, գերադաս: Ըստ այդմ` գերակա բնույթ ունեցող կարող են համարվել հանրային այն շահերը, որոնք տվյալ պարագայում այլ հանրային շահերի համեմատ առաջնայնության որոշակի որակներով են օժտված: Սակայն այս դեպքում խոսքը գնում է մի ընկերության մասին, որի շահերն անգամ ամենավառ երեւակայություն ունենալու դեպքում չեն կարող գերակա լինել ժողովրդի շահերին: Առեւտրային կազմակերպության մասնավոր շահերին նման գերակայությամբ օժտելը չի կարող արդարացվել նաեւ Կառավարության որոշման մեջ շարադրված ՀՀ տարածքային համաչափ զարգացման  անհրաժեշտությամբ, քանի որ ի՞նչ տարածքային զարգացման մասին խոսք կարող է լինել, երբ տվյալ տարածքում գտնվող սոցիալական որոշակի խումբ ուղղակի զրկվում է իր համար կենսական նշանակություն ունեցող եւ տվյալ վայրում իր գտնվելու համար հիմնական բնութագրիչ հանդիսացող սեփականությունից: Մենք խոստանում են հավաքվել Կառավարության շենքի մոտ մեկ շաբաթ անց: Հուսով ենք, որ այդ ժամանակահատվածը միանգամայն բավարար է Կառավարության համար` կայացված որոշումը վերանայելու համար: Հակառակ դեպքում, մենք կշարունակենք մեր պայքարը` դիմելով օրենքով չարգելված բոլոր քայլերին: Կանխավ շնորհակալություն Դիմողներ` շուրջ 5 տասնյակ քաղաքացիներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter