HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչները գյուղտեխնիկա են ուզում, իսկ մարզպետը եղածը բավարար է համարում

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում խոտհարքի մեծ մասը չեն հնձում: Գյուղում գյուղատնտեսական որեւէ տեխնիկա չկա` ոչ համայնքապետարանի հաշվեկշռում, ոչ էլ գյուղացիներին պատկանող: Գերանդիով հունձն էլ հասցնում են այնքան, որքան եղանակն է թույլ տալիս կամ մարդկային ներուժը:

Վար ու ցանքի ժամանակ Կութի բնակիչները հարեւան գյուղերից են տեխնիկա բերում: «Գնում ես որ խոսաս բերես, ասում ա` հլա մի 3 օր գործ ունեմ, իմը պրծնեմ գյուղում, նոր կգամ»,- պատմում է Կութի գյուղապետ Մեժլում Իսրայելյանը: Հարեւան գյուղերից տեխնիկան գյուղ հասցնելու համար էլ կութեցիները պարտադիր «պերեգոնի սոլյարկա» են լցնում: 230 բնակիչ ունեցող սահմանամերձ Կութ գյուղում գյուղտեխնիկան է առաջնային խնդիրը: Ճանապարհների վատթար վիճակը եւ խմելաջրի խնդիրը գյուղապետը երկրորդական է համարում:

Կութում մարդիկ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում, քանի որ այժմ գյուղից արտագնա աշխատանքի մեկնողները քիչ են, հավելյալ եկամուտ էլ չունեն: Այստեղ եղանակն էլ բարեհաճ չէ տեղացիների համար. տարվա զգալի մասը անձրեւային է եւ ցուրտ, իսկ տեխնիկան խիստ անհրաժեշտ է գյուղատնտեսությամբ զբաղվելու եւ օրվա ապրուստի միջոցը հողից վաստակելու համար: Ժամանակին հենց անբարենպաստ պայմաններն են ստիպել գյուղացիներին լքել գյուղը եւ մեկնել Ռուսաստանի Դաշնություն, եւ նախկինում շուրջ 600 շունչ ունեցող գյուղում այժմ 230 բնակիչ է մնացել:

Կութի բյուջեն 6 մլն դրամ է, որից 3,5 մլն-ը` դոտացիան, 2,5 մլն-ը` սեփական եկամուտները: Այդ գումարով միայն համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձն են վճարում, տեխնիկա գնելու հնարավորություն գյուղապետարանը չունի:

«Էնքան ենք խնդրել, «Վորլդ Վիժըն»-ին ենք խնդրել, ասել ենք՝ գոնե մի տեխնիկա...գոնե մի հատ «Բելառուս» լինի, «սենակասիլքան» ժողովրդին կօգնի, կքաղի, որովհետեւ շատերը անասնաբուծությամբ են զբաղվում»,- ասում է գյուղապետ Մ. Իսրայելյանը:

Գյուղապետն ասում է, որ Կառավարության ծրագրով 1998 թ. խմելու ջրագիծ է անցկացվել, բայց ջուրը գյուղի կեսին հասնում է, կեսին` ոչ: Դրանից հետո պետբյուջեի միջոցներով ոչինչ չի արվել գյուղում: 7 ամիս տեւող խստաշունչ ձմռանը համայնքային ճանապարհը փակվում է: Քանի որ տեխնիկա չկա գյուղում, գյուղապետը հարեւան Սոթքի տրակտորիստներին է խնդրում բացել ճանապարհը:

Վարդենիսի տարածաշրջանի տարբեր գյուղերի բնակիչների հետ զրույցներից պարզ դարձավ, որ  գյուղերում գարու եւ ցորենի հունձի ժամանակ գյուղտեխնիկայի խիստ պակաս է զգացվում, եւ հարցը հրատապ է: Շատվանում ընդամենը մեկ կոմբայն կա, որն արդեն հին է: Գյուղը 903 հա վարելահող ունի, ամեն տարի հացահատիկի համար գյուղացիները ցանում են 600 հեկտարը: Շատվանի համայնքապետ Լյովա Աբրահամյանն ասում է, որ գյուղտեխնիկայի բացակայության պատճառով բերքի 70 տոկոսը կորչում է: «Մի կոմբայնով քանի՞ օր բերքահավաք անենք, քանի՞ օր եղանակը մեզ թույլ կտա: Հունձն էլ լավ չպիտի լինի, մի շաղ անձրեւ եկավ, վերջ, կորավ-գնաց»,- ասում է Լյովա Աբրահամյանը:

Մեր այցելության օրը` վաղ առավոտյան, Վարդենիսի շրջանի  Ակունք գյուղում բնակիչները հավաքվել էին: Աջ ու ձախ էին նայում, սպասում էին կոմբայնին. գարին թափվում է, իսկ իրենց գյուղի կոմբայնը հարեւան գյուղում է հունձ անում: Տիկին Սուսաննան չի թաքցնում դժգոհությունը. «Գարին նստել է արդեն, երկու օր էլ ուշացնեն, էլ հնձելու կարիք չի լինի»:

Վարդենիսի տարածաշրջանի այս գյուղերում գյուղտեխնիկայի հարցի շուրջ պարզաբանումների համար գրավոր դիմեցինք Գեղարքունիքի մարզպետարան: Մարզպետ Նվեր Պողոսյանը պարզաբանել է, որ բերքահավաքի ընթացքում մարզի  որոշ համայնքներում երբեմն խնդիրներ են ի հայտ գալիս`  կապված հացահատիկահավաք կոմբայնների մաշվածության հետ. «Գեղարքունիքի մարզպետարանը  անում է հնարավորը՝  բերքահավաքի ընթացքում ի հայտ եկած  խնդիրները կարգավորելու համար»: 

Մարզպետը միաժամանակ տեղեկացրել է, որ վերջին 5  տարիների ընթացքում ՀՀ կառավարության ֆինանսական  աջակցությամբ եւ մարզի  համայնքների կողմից կատարված մասնակի  ներդրումների շնորհիվ մարզ է ներկրվել 12 նոր  հացահատիկահավաք կոմբայն: Այս տարի նույն ծրագրով հացահատիկահավաք կոմբայն է ձեռք բերել նաեւ Վարդենիսի տարածաշրջանի՝ փախստականներով բնակեցված Ավազան համայնքը:

«Այս տեխնիկաները   բերքահավաքի ընթացքում ծառայում են ոչ միայն սեփական համայնքին, այլ նաեւ հարեւան համայնքներին: Պետության աջակցությամբ մարզի մեծաթիվ համայնքներ կարող են տեխնիկա ձեռք բերել, եթե կարողանան իրականացնել օրենքով սահմանված 50 տոկոս ներդրումը»,- հավելել է Նվեր Պողոսյանը:

Այդուհանդերձ, մարզպետը հարկ է համարել նշել, որ Գեղարքունիքի մարզում կա 170 հացահատիկահավաք կոմբայն.  «Եղած  տեխնիկան բավարարում է մարզում բերքահավաքը անխափան կազմակերպելու համար, քանի որ մարզի տարբեր տարածքներում բերքահավաքի ժամկետները տարբեր են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter