HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի նախարարի խորհրդականին տխրեցրել է Ջավախքում տիրող վախի մթնոլորտը

Հարցազրույց ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Արտակ Մովսիսյանի հետ Պաշտոնակա՞ն հրավերով եք այսօր Ջավախքում: Այո, այսինքն` պաշտոնական հրավեր նախաձեռնողների կողմից` Աշոտ Տաշչյանի, ոչ թե Վրաստանի կառավարության կողմից: Այստեղ եմ, որպես ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական: Շատ հաճելի անակնկալ էր մեզ համար, երբ Ջավախքից լուր ստացվեց, որ Մաշտոցի արձանն է կանգնեցվել: Բնականաբար, երբ Մաշտոցի արձանը բացվում է Ջավախքում, ուրախալի է, կրկնակի ուրախալի, որ հայոց հողի վրա` անկախ նրանից, թե հայկական պետության կազմի մեջ է մտնում, թե հարևան պետության: Կարևորը, որ տոհմիկ հայկական հողի վրա է բարձրանում հայոց ինքնության խորհրդանիշը: Մանավանդ այս վերջին շրջանում եղած խնդիրները, ազգային խտրականության հարցը, որ բարձրացվեց ու արծարծվեց ամբողջ աշխարհում, մտահոգիչ է մեզ համար: Ես սա ասում եմ թե’ որպես մտավորական, թե’ որպես կառավարության անդամ: Մաշտոցը միայն ազգային, հայկական հարստություն չէ, նա համաշխարհային մեծություն է: Աշխարհում պատմության մեջ չկա երկրորդ մի մարդ, որ երեք ժողովուրդների համար գիր ստեղծած լինի` հայերի, վրացիների և աղվանների: Ես հուսով եմ, որ մի օր` ի նշան երախտագիտության մեծն հայորդու, կկանգնեցվի Մեսրոպ Մաշտոցի արձանը Թբիլիսիում: Ես ուզում եմ, որ Մաշտոցի կերպարը հայության համար համախմբող լինի և հայ-վրաց անկեղծ բարեկամության սիմվոլը: Առաջի՞ն անգամ եք գտնվում Ջավախքում: Ես Ջավախքում առաջին անգամ չեմ: Նախկինում էլի եղել եմ Ջավախքում: Ի՞նչ փոփոխություն եք տեսնում Ջավախքում Ձեր նախկին այցերի համեմատ: Երկու, երեք տարի առաջ էր իմ վերջին այցը: Գիտեք գրականություն էինք բերել Ջավախքի պատմության վերաբերյալ` գրքեր, քարտեզներ, ֆիլմեր և այլն: Տխուր էր, երբ մեր գնալուց հետո տեղի անվտանգության մարմինները, ոստիկաններն ընկել են դպրոցներով հավաքել են գրքերը, այնինչ դրանք Աշոտ Մելքոնյանի «Ջավախքի պատմությունը», Սամվել Կարապետյանի «Ջավախք» պատկերազարդ հանրագիտարանային աշխատությունը և նման գրքեր էին: Ուրախալի մի տարբերություն կա, դա ճանապարհն է, միևնույն ժամանակ տխուր, որ այն կառուցվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով, այսինքն` վրացական պետությունն ինքը փող չի ծախսում Ջավախքում: Հիմա էլ եք ձեզ հետ գրքեր բերե՞լ: Տեղյա՞կ եք, որ արգելված է: Ես անցած անգամ էի բերել: Ասեմ` սահմանին վրացիներից որևէ մեկը ինձ բան չասաց, բայց հետո իմանում եմ, որ հայ պաշտոնյաները զանգում, ասում են` էս ինչ տեղում ինչ-ինչ գրքեր են բաժանել և այլն: Հայերն են, որ աստեղ իրենց լավ չեն պահում: Ես անկեղծ ասած զարմանում եմ, որ արգելված է Ջավախք հայատառ գրքերի ու թերթերի մուտքը: Արտասահմանյան շատ երկրներում եմ եղել և ամեն տեղ, ամեն անգամ գոնե մի տասնյակ օրինակ իմ հեղինակած գրքերից տարել եմ: Ոչ մի երկրում ինձ չեն հարցրել` ինչո՞ւ ես տանում: Զարմանում եմ: Վրաստանը ստորագրել է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ ազգային փոքրամասնությունների վերաբերող: Օր` 2007-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Աշխարհի բնիկ ժողովուրդների իրավունքների դեկլարացիան»: Այնպես որ, միջազգային բոլոր օրենքներով, որոնք որ ստորագրել է Վրաստանը, Ջավախքի հայությունը լիակատար ազգային մշակույթով պիտի ապրի ու ստեղծագործի: Եվ սա, բնականաբար, չի կարող ընկալվել որպես հակավրացական: Ովքեր դա ներկայացնում են հակավրացական կա'մ անգրագետ են, կա'մ էլ պրովոկատորներ: Ուրիշ ի՞նչ նկատեցիք Ջավախքում: Ուզում եմ ասել, որ շատ ահավոր վախի մթնոլորտ կա: Իմ ելույթից առաջ մի 100 հոգի մոտեցան, ասին` «գիտես ինչ, հանկարծ հակավրացական բան չասեք»: Հակավրացականը ո՞րն է, որ Մաշտոցը իրենց համար այբուբեն է ստեղծե՞լ: Էդ 1500 տարի առաջ ապրած մատենագիրներն են ասում: Էս դեպքում մենք չենք հակավրացական, այլ իրենք են հակաճշմարտական: Ճշմարտությունը Աստծո նման մի բան է: Հակավրացական ասելն աբսուրդ է: Ովքեր հակա են ընդունում դա` իրենց խնդիրն է: Ինձ ամենաշատը էս վախի մթնոլորտը տխրեցրեց: 1988-ին Ղարաբաղում մի պաշտոնյա կար Կևորգով ազգանունով, ով քծնում էր ադրբեջանական իշխանություններին, այսօր ոչ մեկը Կևորգովի անունն առանց հայհոյանքի չի հիշում: Էն մարդիկ ովքեր մտածում են, որ քծնելով վրացական իշխանություններին պիտի ինչ-որ բան ավելացնեն, թող հիշեն Կևորգովին: Հայ լինելը պիտի արդարացված լինի: Ընդ որում երկու տարի առաջ էլ, հիմա էլ նույն վիճակն է, ոչինչ չի փոխվել: Ես գիշերել եմ գյուղերից մեկում, ուր իմ նախկին այցերի հետ համեմատած դեպի լավը փոփոխություն չկա: Զրուցեց` Աղունիկ Այվազյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter