Սեյրան Օհանյանը Արեւելյան Եվրոպայում է
Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոյի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Սլովակիայում: Պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարների միջև քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոյի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովակիայի Հանրապետության Կառավարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է համագործակցություն հետևյալ հիմնական ոլորտներում` ռազմական կրթություն և զինվորական անձնակազմի մասնագիտացված ուսուցում, ռազմական բժշկություն, խաղաղապահություն, պաշտպանության ռազմավարական վերանայման բնագավառում փորձի փոխանակում և այլն:
Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը այցելել և ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայի կենտրոնում Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը խորհրդանշող հուշարձանին: Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայից մեկնեց Հունգարիա, որտեղ նույնպես նախատեսված են քննարկումներ երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել