HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Բարոյական տեռորը եւ «ընտանեկան կապալը»՝ Իջեւանի պետական քոլեջում

Իջեւանի պետական քոլեջի ցերեկային պահակ 54-ամյա Հեղինե Կարապետյանն ասում է, որ քոլեջի տնօրինությունը տարբեր ձեւերով հարկադրել է, որ ինքը գործից հեռանա:

«Ամեն ինչ սկսվեց 2010 թ. հուլիսին: Քոլեջի տնօրեն Արիս Թորոսյանի քույրը` Սոնան, մտավ պահակի սենյակ եւ ասաց` գալիս եմ պահակ աշխատեմ»,- պատմում է տիկին Հեղինեն: Սոնա Թորոսյանը քոլեջի հանրակացարանի պարետն է: Քանի որ հանրակացարանում քիչ ուսանողներ են գիշերում, այդ պատճառով Սոնա Թորոսյանի հաստիքը դարձել է կես դրույք: Հավանական է, որ այդ հաստիքն ընդհանրապես  կրճատվի, դրա համար էլ Սոնան «աչք է դրել» իր գործին:

Տիկին Հեղինեն վկայում է, որ  իրեն գործից հեռացնելու համար քոլեջի տնօրինությունը դիմել է անթույլատրելի մեթոդների՝ փորձելով վարկաբեկել իր բարի անունը: Նրա վկայությամբ, այդ նպատակով օգտագործել են  քոլեջի շենքի պարետ Սամվել Ճաղարյանին: Վերջինս տիկին Հեղինեի հանդեպ դարձել է ավելի «ուշադիր», շենքում ջուր լցնելու ժամանակ նրան առաջարկել իր օգնությունը:

Մի անգամ էլ նա, տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Լյովա Խառատյանի ներկայությամբ աչքով անելով Հեղինեին, ասել է. «Հեղինե, այս ինչե՞ր են ասում մեր մասին»: Հեղինե Կարապետյանը տարակուսել է նրա խոսքերից: Նա նաեւ նկատել է, որ քոլեջի աշխատակիցների վերաբերմունքը իր նկատմամբ մի տեսակ փոխվել է:

Հեղինեն վկայում է, որ Սամվելն անհարկի մտնում էր իր սենյակ,  շաբաթ օրերին, երբ ինքը հերթապահում էր, նա գալիս էր քոլեջ, թեեւ այդ օրերին այնտեղ գործ չուներ: Տիկին Հեղինեն պատմեց, որ իրեն վատ վարքի տեր ներկայացնելու  փորձերից զատ, փորձել են հոգեպես անհավասարակշիռ ներկայացնել:

«Տնօրենի տեղակալ Լյովա Խառատյանը ինձ հետ մի տեսակ տարօրինակ էր խոսում, ոնց որ խոսում են հոգեկան հիվանդի հետ: Երբ ես ցանկանում էի մեր գյուղում մի երիտասարդի հուղարկավորությանը մասնակցել, տնօրենի քույրն ինձ ասաց` ինչո՞ւ ես մասնակցում, չէ՞ որ դու հիվանդ ես»: Սակայն ամենազավեշտալին այն է, որ քոլեջի աշխատակիցների շրջանում կեղծ լուրեր են տարածել, թե Հեղինեն իբր կլիմաքս է տարել, որի պատճառով  հուզմունք եւ անհանգստություն է զգացել: Հեղինեն երկար ժամանակ այս ամենը թաքցրել է իր ընտանիքից` չցանկանալով տնեցիներին անհանգստացնել:

«Գիշերը քնած էի, արթնացա, տեսա կինս լացում է: Ասաց` այլեւս չեմ կարող այդ ամենը հանդուրժել»,- պատմում է Հեղինեի ամուսին Աշոտ Վիրաբյանը: Աշոտ Վիրաբյանի հետ այցելեցի Իջեւանի քոլեջ: Տիկին Հեղինեն այնտեղ էր, աշխատավայրում: Տնօրենի, նրա տեղակալ Լյովա Խառատյանի, Սամվել Ճաղարյանի եւ մի շարք աշխատակիցների հետ քննարկեցինք տիկին Հեղինեի պնդումները: Վերջինս իր նկատմամբ վերաբերմունքից խիստ վրդովված էր: Նա հատկապես զայրացած էր տնօրենի տեղակալ Լյովա Խառատյանի վարմունքից. «Դու ինձ վառել ես»,- տնօրենի տեղակալին նետեց Հեղինե Կարապետյանը:

Սամվել Ճաղարյանը հերքում էր իրեն հասցեագրված մեղադրանքները: Նախկինում մոտենալով Հեղինեի ամուսնուն` նա նրանից ներողություն է խնդրել: Սամվելին  հարցրին, թե ինչո՞ւ Է Աշոտից ներողություն խնդրել, եթե ինքը մեղավոր չէ: Նա փորձեց արդարանալ, որ իբր ասել է` ղալաթ եմ արել, որ շաբաթ օրը գործի եմ եկել:

Ընդ որում՝ Սամվելն արդարանալիս անընդհատ նայում էր տնօրենին` կարծես նրանից աջակցություն խնդրելով: Տնօրեն Թորոսյանն ասում էր, որ իրենք լավ են ճանաչում Հեղինեին, որպես բարոյական անձնավորության, ժխտում էր տիկին Հեղինեի մեղադրանքները: Տնօրենը, սակայն, չժխտեց կլիմաքսի մասին խոսակցությունները, վկայեց` ասել է, թե ինքն էլ է տարիքի պատճառով կլիմաքս տարել:

«Հեղինեն հոգեկան անհավասարկշռություն ունի՞»,- հարցրի տնօրենին:

«Չէ, ուղղակի կասկածամիտ է»,- պատասխանեց տնօրենը:

Նախկինում էլ քոլեջում եղել են աշխատանքային, միջանձնական խնդիրներ: Այստեղ տիրում է «ընտանեկան կապալի» վիճակ: Տնօրենի մյուս քույրը` Մարիժանը,  ֆրանսերենի ուսուցչուհի է, Թորոսյանի աղջիկ Ռոզան` հայոց լեզվի ուսուցչուհի: Տնօրենի աներձագ Գագիկը հնոցապան է, Գագիկի  որդի Արմենը` գիշերային պահակ: Վերջինս գարնանը աշխատանքի է մեկնել Ռուսաստան:

Տնօրենի տեղակալ Լյովա Խառատյանի կինը` Ռիմա Մարդանյանը, քոլեջում գործավար է, աղջիկը` Ալլան, համակարգչային կաբինետում է աշխատում: Միգուցե այս տնավարի մթնոլորտն է պատճառը, որ պետական քոլեջում կեսօրից հետո դասեր չեն կայանում: Ավելացնենք, որ տնօրենի հրահանգով Հեղինեի ամուսին Աշոտը շուրջ 3 ամիս գիշերային պահակ է աշխատել` չվարձատրվելով:

Իսկ Եվրամիության մի ծրագրով քոլեջի շենքը հիմա վերանորոգվում է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter