«Ինչքան ներգաղթ լինի, այնքան լավ, բայց դրա համար էլ պայմաններ են պետք»
«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցություն անդամ Վահե Էնֆիաջյանը:
Լինելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական հարցերով հանձնաժողովի նախագահը, տեղյա՞կ եք, որ մարզերում երիտասարդների ամուսնական տարիքը բարձրացել է, եւ սոցիալական խնդիրների պատճառով չեն ամուսնանում: Այդ մասին փաստում է նաեւ վիճակագրական ծառայությունը:
Իրոք, ճիշտ եք նկատել, հետեւում ենք վիճակագրական տվյալներին, մենք նույնպես տարբեր սոցիալական շերտերում հարցումներ անում ենք, որպեսզի կարողանանք իրական պատկերը ստանալ: Բավականին երկար ժամանակ է` մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ երիտասարդության, սոցիալական, տնտեսական տարբեր երեւույթների բեւեռացում կա, այնպես չէ որ դա տեսանելի չէ, եւ բավականին մեծ աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ բացերը լրացվի: Ինչ վերաբերում է երիտասարդներին, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից, մի քանի տարի է, գործում են մարզային կենտրոններ, որտեղ հասարակական կազմակերպությունների եւ տարբեր ուժերի ներկայացուցիչներ ներգրավված են եւ առաջ են քաշում այն հարցերը, որ հուզում է երիտասարդությանը: Արդեն մի քանի տարի է մշակվել է եւ որպես պետական երիտասարդական քաղաքականություն ներդրվել է երիտասարդությանը մատչելի բնակարանների ծրագիրը: Այն հոջողությամբ իրականություն դարձնելուց հետո երիտասարդ ընտանիքների համալսարանականների համար ստեղծվեցին նաեւ արտոնյալ պայմաններով բնակարան ստանալու հնարավորություններ: Շենքային մեծ համալիրը գտնվում է Ավանում եւ մինչեւ տարեվերջ պաշտոնապես բացումը կարվի: Կապանում եւ Իջեւանում երիտասարդ ընտանիքների համար կառուցվելու են մատչելի բնակարաններ:
Շեշտադրում եք երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ հատկացնելու ծրագիրը: Տվյալներ ունե՞ք, թե գյուղաբնակ քանի երիտասարդ ընտանիք է համապատասխանում այդ ծրագրի պահանջներին:
Այդ ծրագրից տեղեկացված եմ, բայց ինքս այդ ծրագրի ոչ պատասխանատուն եմ, ոչ էլ նախաձեռնողը: Մենք մեր մասնակցությունն ունեցել ենք: Ես ուրախ եմ, որ այդ ծրագիրն իրականություն է դարձել, եւ համոզված եմ, որ գնալով այն կհամապատասխանի մեր իրականությանը: Մեր բոլոր գործընկերներն, ովքեր զբաղվում են այդ ծրագրով, իրենք էլ են ասում, որ այսօրվա դրությամբ շատ չեն այն երիտասարդները, որ համապատասխանում են եւ կարող են մասնակցել այդ ծրագրին: Բայց ծրագրի մուտքն արդեն մեծ հաղթանակ է: Դա կախված է նաեւ բյուջեի հնարավորություններից, ինչքան մեծ լինի բյուջեն, այնքան ծրագիրը կընդլայնվի: Այդտեղ շատ լավ բան կա, որ գյուղերում ապրող երիտասարդ ընտանիքներին ավելի մեծ արտոնություն է տրվում, քան քաղաքաբնակներին:
Իսկ գյուղերում ի՞նչ աշխատանք կա: Դուք գիտե՞ք մի աշխատանք, որով կարողանան երիտասարդ ընտանիքներն ընդգրկվել այդ ծրագրում:
Պատկերացրեք, որ կան մարդիկ, որոնք համապատասխանում են, բայց դա չի բավարարում: Այսօր դա է հնարավոր անել, վաղը ավելին կարվի: Շատ խնդիրներ ավելի ընդհանուր են, քան զուտ երիտասարդությանը վերաբերող: Այդ խնդիրներն ավելի ծանր եմ տանում, որովհետեւ ինքս էլ ինձ երիտասարդ եմ համարում: Օրինակ` մեր կուսակցությունը որեւէ խտրականություն չի դնում մարզերի եւ քաղաքաբնակների միջեւ: Ինչ ծրագիր անում ենք, վերաբերում է նաեւ գյուղերին: Ուսանողության տոնի առթիվ համերգային միջոցառում արեցինք, հրավիրվեցին նաեւ մարզերի երիտասարդները
Կոնկրետ ծրագրեր եք մատնանշում, բայց դրանք մարզերում նկատելի արդյունք չեն տվել: Մարզերում երիտասարդութունը հիմնականում արտագաղթում է, իսկ սահմանամերձ գյուղերում արդեն երիտասարդ չի մնացել:
Խնդիրներ կան, դրանք տեսանելի են, եւ դրանց լուծում տրվում է: Արտագնա աշխատանքը միայն երիտասարդությանը չի վերաբերում: Ուզում եմ ուշադրությունդ մի բանի վրա հրավիրեմ: 2004 թ. գնացել էինք Լիբանան` «Սիմոն Զավարյան» ուսանողական միության 100-ամյակին: Եթե Հայաստանի տարածքում ման գաս, այդ տարիքի ոչ մի ուսանողական, երիտասարդական կազմակերպություն չես գտնի: Այդ ժամանակ` 100 տարի առաջ, Ցեղասպանությունը դեռ չէր եղել: Այդ տարիներին էլ մարդիկ գնացել են, չգիտեմ` ազգային բնորոշ բան է, թե ինչ:
Այսինքն` խրախուսենք, որ գնան դրսու՞մ «բարգավաճեն»:
Ես ընդամենը օրինակ եմ ասում, որպես երեւույթ, մենք չենք խրախուսում, որ դուրս գնան: Ինչքան ներգաղթ լինի այնքան լավ, բայց դրա համար էլ պայմաններ են պետք: Այնպես չէ, որ միայն այսօր են արտագաղթում: Խորհրդային տարիներին էլ է արտագաղթ եղել: 1990-ականների սկզբին է ամենամեծ ներգաղթը եղել: Դրանք թվեր են, որոնք անհերքելի են: Մենք հիմնականում խնդիրների մասին խոսեցինք, բայց շատ ձեռքբերումներ էլ ունենք: Մի օրինակ եմ բերում, ստեղծվել է «Լույս» հիմնադրամը, որը ֆինանսավորում է այն ուսանողներին, որոնք ընդունվել են հեղինակավոր համաշխարհային բուհեր իրենց ուսումը շարունակելու, եւ կապ չունի այդ ուսանողները քաղաքից են, թե գյուղից: Պետական մեխանիզմը ձեւավորվել է, պետք է հասարակական կառույցները, ոլորտի ներկայացուցիչներն էլ ակտիվություն ցուցաբերեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել