Հեռախոսամարաթոնն արձանագրել է 1,3 միլիոն եվրո նվիրատվության խոստում
Նոյեմբերի 18-21-ը Ֆրանսիայում անցկացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Դրամահավաք միջոցառումը, որին այս տարի մասնակցում էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները, հանգանակեց շուրջ 1 միլիոն 300 000 եվրո: Նվիրատվությունները կուղղվեն Արցախի Տող, Հարթաշեն, Ուխտաձոր, Ակնաղբյուր եւ Սարգսաշեն գյուղերում ջրային համակարգի կառուցմանն ու վերականգնմանը: Կշարունակվեն նաեւ ներդրումները Տավուշի մարզում:
Տասնմեկ տարի շարունակ հեռախոսամարաթոնի գլխավոր գործընկերն ու հովանավորն է «Ֆրանս Տելեկոմ Օրանժ»-ը. Ֆրանսիայի հինգ քաղաքներում` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիս (Նիցցա) եւ Մոնպելյե, տեղակայված «Օրանժ»-ի կենտրոնների տարածքը, սարքավորումներն ու հեռախոսակապն անհատույց տրամադրվում է մարաթոնի կարիքներին:
«Տպավորված եմ, թե ինչպիսի առատաձեռնությամբ են Եվրոպայի բարերարները նվիրատվություններ անում Հայաստանի եւ Արցախի հազարավոր բնակիչների կյանքը թեթեւացնելու նպատակով: Չնայած տնտեսական ճգնաժամին, Հիմնադրամին նվիրատվություններ անելու կոչին մարդիկ շատ դրական էին արձագանքում: Սրանով նրանք հավաստում էին իրենց վստահությունը Հիմնադրամի նկատմամբ եւ պատրաստակամությունը` շարունակել սատարել մեր ընդհանուր գործին»,- ասում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:
Չորս օր, օրական տասերկու ժամ, շուրջ վեց հարյուր հիսուն կամավոր իրենց զանգերով հորդորում էին հայ գործարար կառույցներին եւ ընտանիքներին օգնել Հայաստանի եւ Արցախի հեռավոր գյուղերի մեր հայրենակիցներին: Արդյունքում` նվիրատվության խոստում կատարեց ավելի քան 11 200 ընտանիք, եւ նախորդ տարվա համեմատ գրանցվեց նվիրատվության խոստումների շուրջ 10% աճ:
Իրենց կոչերով հեռախոսամարաթոնին սատարում էին կինոդերասան Ժերար Դեպարդյեն եւ հայազգի դաշնակահար-երգահան Անդրե Մանուկյանը, ով այս տարի համահայկական միջոցառման կնքահայրն էր: «Ձեր նվիրատվություններով մասնակցեք Հայաստանում եւ Արցախում իրագործվելիք աշխատանքներին: Եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է դա անի: Հայաստանի հեռավոր գյուղերի շուրջ տաս հազար բնակիչ սպասում է ձեր օգնությանը»,- կոչով նվիրատուներին է դիմել ֆրանսահայ երաժիշտը:
Հեռախոսամարաթոնի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը եւ «Oրանժ» հիմնադրամի նախագահ Միրել Լե Վանը: Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը սրտագին շնորհակալություն հայտնեց գործընկերներին եւ կամավորներին ու ներկայացրեց հեռախոսամարաթոնի արդյունքներն ըստ երկրների. 1,1 միլիոն` Ֆրանսիայից, 70 000 եվրո` Գերմանիայից, 18 000 եվրո` Շվեյցարիայից, 46 000 եվրո` Հունաստանից եւ 21 000 եվրո` Հոլանդիայից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել