
Ցածր տոկոսադրույքներ եւ անփոփոխ բանկային քաղաքականություն
«Բանկերն ու վարկերը քանդում են գյուղացու տունը»,-կրկին բարձրաձայնեցին Շիրակի մարզի գյուղապետերը' այս անգամ Գյումրիում գործող առեւտրային բանկերի կառավարիչների հետ հանդիպման ժամանակ: Գյուղերում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմանները մեղմելու նպատակով պետությունը գյուղացիական վարկերի սուբսիդավորման նոր ծրագիր է սկսել, որի պայմաններին արդեն իսկ ծանոթացած համայնքապետերն իրենց դժգոհությունն էին փոխանցում բանկերի կառավարիչներին:
Հիմնական դժգոհությունը գույքի գրավադրմանն էր վերաբերում, ինչպես նաեւ զանազան ծառայությունների դիմաց գանձվող նախնական գումարներին: Շատ դեպքերում հենց սրանք են դառնում հիմնական խոչընդոտները, որոնց պատճառով գյուղացին չի կարողանում օգտվել բանկի ծառայություններից ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերից:
Գյուղապետերից մեկն օրինակ բերեց իր համագյուղացուն, որ ցանկություն է ունեցել 3 մլն դրամ վարկ վերցնելու, դիմել է բանկին' որպես գրավ առաջարկելով 2 անիվավոր տրակտորները, բայց մերժվել է: Բանկի ներկայացուցիչը մերժումը բացատրել է գյուղտեխնիկայի մաշվածությամբ եւ պահանջել մարդատար մեքենա կամ մեկ այլ գրավի առարկա, որոնց գումարային արժեքը բավարար պիտի լիներ 3 մլն դրամ տրամադրելու համար:
Եթե Շիրակի մարզի Աշոցքի ու Ամասիայի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջաններում իրականացված պիլոտային ծրագրին կառավարությունը տրամադրել է 100 մլն դրամ, ապա այս նոր ծրագրի համար նախատեսվել է 5 մլրդ դրամ: Ծրագիրն իրականացվելու է հանրապետության բոլոր մարզերում: 14 % տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով եւ 3 մլն դրամը չգերազանցող վարկերի' պետության կողմից նախատեսված սուբսիդավորումն ուժի մեջ կմտնի միայն այն ժամանակ, երբ գյուղացին ամբողջությամբ կփակի իր պարտքը: Սա մի պայման է, որ լուրջ դժգոհությունների տեղիք էր տվել դեռեւս պիլոտային ծրագրի իրականացման ժամանակ, երբ սուբսիդավորումը 10 տոկոս էր:
«Որն է տրամաբանությունը, եթե գյուղացին կրկին նույն պայմաններով է վարկավորվելու եւ ենթարկվելու բանկային նույն գործառույթներին, ինչ սովորական վարկավորման ժամանակ»,- հարց էին տալիս համայնքապետերը: Վերջիններս առաջարկում էին, որպեսզի սուբսիդավորվող գումարը վարկառու գյուղացին չմուծի, որովհետեւ դեռ հարց է, թե վարկը փակելուց հետո արդյոք պետությունն այն կսուբսիդավորի:
Այս մտավախությունն եւս հիմանվորված էր: Պիլոտային ծրագրի իրականացման ընթացքում նման խախտում արձանագրվել է կոնկրետ Մեղրաշեն համայնքում:
«Մենք առաջարկում ենք, որպեսզի սուբսիդավորվող գումարը հաշվարկվի, եւ դա բանկերին հենց սկզբից պետությունը փոխանցի: Դրանով ավելի շատ օգուտ կլինի գյուղացուն, քան թե մարդիկ բոլոր մուծումները կատարեն' մտածելով, որ վերջում սուբսիդավորված գումարն իրենց կփոխհատուցվի: Եթե ուզում են գյուղացու բեռը թեթեւացնել, թող մեր առաջարկած տարբերակն ընդունեն»,-հավաքվածների մտահոգությունը փոխանցեց համայնքապետերից Հունան Պետրոսյանը:
Մեկնաբանել