
Անտառահատումների արձագանքը. քրեական գործ չհարուցվեց
Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը «Հետք»-ի «Զանգվածային անտառահատումներ Ջիլիզայում» և «Անտառը հատվում է. ոչ ոք դրան չի խանգարում» հոդվածների փաստերն «ուսումնասիրելու» նպատակով օգոստոսի 4-ին և 17-ին գրավոր հանձնարարություն է տվել ոստիկանության Թումանյանի բաժնին:
Հոդվածներում «Հետքն» ահազանգել էր Հայանտառ ՊՈԱԿ-ի Ջիլիզայի և Դսեղի անտառտնտեսությունների վերահսկողության տակ գտնվող անտառներից հուլիսի 30-ին և օգոստոսի 14-ին, առանց անդորրագրերի, բեռնատարներով անօրինական վառելափայտ տեղափոխելու մասին:
Ոստիկանության Թումանյանի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Տիտանյանը և բաժնի քրեական հետախուզական բաժանմունքի օպեր լիազոր, ոստիկանության կապիտան Լեռնիկ Գիգոլյանը մարզի դատախազի հանձնարարականը կատարելիս կազմել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ:
Որոշման պարզաբանուներից պարզվում է, որ օպերատիվ աշխատողները տեղյակ չեն եղել անտառից առանց անդորրագրի վառելափայտ տեղափոխելու անթույլատրելիությանը: Նրանք անգամ «չեն նկատել», որ «Հետքի» հոդվածներում հրապարակված փաստերն ահազանգում են զուտ անտառում բացահայտված դեպքերի մասին: Ոստիկանները գնացել են Ջիլիզայի և Դսեղի անտառտնտեսությունների գրասենյակներ, որտեղ էլ նրանց ներկայացրել են պահանջվող անդորրագրերը: Դրանց հիման վրա էլ Աշոտ Տիտանյանի օգոստոսի 12-ի և 27-ի որոշումներով քրեական գործի հարուցումը մերժվել է:
Օգոստոսի 2-ի «Զանգվածային անտառահատումներ Ջիլիզայում» հրապարակմամբ «Հետքը» հայտնել էր, որ Ալավերդի-Ջիլիզա ճանապարհահատվածի 20-րդ կմ-ի հատվածում հուլիսի 30-ին քնած փայտահատները հրաժարվել են ներկայանալ լրագրողներին. «Մենք մասնավոր փայտ կտրողներ ենք, ոչինչ չենք կարող ասել»,- ասել են նրանք:
Փայտահայտների այս խմբից մի փոքր վերև մեկ այլ խումբ, որոնց ձեռքին եղել է «Դրուժբա» մակնիշի սղոց, ներկայացել են որպես ազնվամորի հավաքողներ: Սա այն դեպքում, երբ անտառի եզրին, ճանապարհի վրա թափված, նոր հատված ծառերի փայտակույտը նրանց կողմից լրագրողների աչքի առաջ բեռնվել է «ԶԻԼ-131» մակնիշի 57 SU 586 պետհամարանիշով բեռնատարը: Փայտահատներն այդ պահին անտառից փայտ տանելու իրավունքը հաստատող անդորրագիր չունեին:
«Հետքը» տեղեկացրել է նաեւ, որ Ջիլիզայի անտառների պահաբաժինները եղել են անվերահսկելի, քանի որ ավտոմեքենաները վառելափայտով բեռնման աշխատանքերի պահին անտառտնտեսության որևէ աշխատակից ներկա չէր: Այդ պահաբաժիններում լրագրողները որեւէ աշխատակցի այդպես էլ չգտան:
Ջիլիզայի անտառտնտեսության տնօրեն Արամ Բարոյանն ասել էր, թե անտառապահը «մի խեղճ տղա է, ով լրագրողներին տեսնելով՝ փախել է»: Օգոստոսի 14-ի «Անտառը հատվում է. ոչ ոք դրան չի խանգարում» հոդվածում «Հետքն» ահազանգել էր Դսեղի անտառտնտեսության Լորուտի անտառապետության տարածքում, առանց անդորրագրերի, անտառից վառելափայտ տեղափոխելու կապակցությամբ: Ժամը 18-ի սահմաններում Ահնիձոր գյուղ մտնող ճանապարհին անտառից փայտով բեռնված 3 ավտոմեքենաներից 2-ը վառելափայտի օրինական տեղափոխման անդորրագրեր չունեին:
Դսեղի անտառտնտեսության Լորուտի անտառապետության անտառտապետ Թոմ Մաթևոսյանը «Հետքին» և մյուս լրագրողներին ասել էր, թե փայտով բեռնված ավտոմեքենաների անդորրագրերը գտնվում են Դսեղի անտառտնտեսության գրասենյակում: Նա առաջարկեց գնալ եւ տեղում ցույց տալ դրանք, սակայն տեսնելով լրագրողների պատրաստակամությունը` իր առաջարկից հրաժարվեց:
Նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Լորուտ-Մարց ճանապարհահատվածին հարող անտառում կանգնած էր փայտով բեռնված 17 OS 280 բեռնատարը, որի մոտ կանգնած 4 տղամարդիկ, տեսնելով լրագրողներին, վառելափայտով բերնեբերան լցված ավտոմեքենան տեղում թողեցին ու հեռացան:
Ընդ որում՝ Լորուտի անտառապետության անտառներից փայտի անօրինական տեղափոխմանն անդրադարձել է նաև «Ազատություն» ռադիոկայանը, որի Լոռու մարզի թղթակից Մարիանա Պեպանյանը նույնպես ականտես է եղել Ջիլիզայի և Դսեղի անտառներից փայտի անօրինական փոխադրումներին:
Ոստիկանության օպերատիվ աշխատողները Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հանձնարարականը կատարելիս իրենց նախապատրաստած նյութերով պարզել և հիմնավորել են, որ Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի 2011թ.-ի թիվ 14 և 23 հրամանների համաձայն՝ Ջիլիզայի և Դսեղի անտառտնտեսությունների պահպանությանը հանձնված պահաբաժիններում իրականացվել են անտառների խնամքի և սանիտարական հատումների աշխատանքները:
Թե ի՞նչ կապ ունի անտառների խնամքի ու սանիտարական հատման մասին Հայանտառի տնօրենի հրամանն անտառից առանց անդորրագրերի փայտ տեղափոխելու հետ, ոստիկանները որոշման մեջ չեն մեկնաբանել:
Որոշման մեջ նաև նշված է, որ «ԶԻԼ-131» մակնիշի 57 SU 586 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Ջիլիզայի անտառտնտեսությունից 1668 անդորրագրով 10 խմ վառելափայտ է ձեռք բերել Դիլիջան քաղաքի բնակիչ Աշոտ Թելմանի Մուկուչյանը: Իսկ թե ինչու վերջինս անդորրագիր չուներ կամ եթե ուներ, ինչու չէր ներկայացնում, փոխգնդապետ Տիտանյանին չի հետաքրքրել:
Վերջինս շրջանցել է նաև Դսեղի անտառտնտեսության Լորուտի անտառապետության անտառապետ Թոմ Մաթևոսյանի կողմից օգոստոսի 14-ին լրագրողների ներկայությամբ, առանց անդորրագրերի, անտառնից փայտ բաց թողնելու արարքը:
Զավեշտալին, սակայն, այն է, որ փոխգնդապետ Աշոտ Տիտանյանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին իր որոշումներում, ըստ էության, առաջնորդվել է «Աղվեսը պոչին է վկա բերում» ժողովրդական ասացվածքի սկզբունքով: Նա իր որոշումների հիմքում դրել է նաեւ Լորուտի անտառապետության անտառապետ Թոմ Մաթևոսյանի, Ջիլիզայի անտառապետ Հենրիկ Մոսինյանի, Ջիլիզայի անտառտնտեսության պետ Արամ Բարոյանի, անտառից փայտ տեղափոխող վարորդների ցուցմունքներով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել