HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայ դպրոցի մշտական հովանավորը և պահապանը եղել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»

Հայ Առաքելական եկեղեցին և ՀՀ կրթության և գիտության նախարարությունն արդեն 7-րդ տարին է կազմակերպում են  «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչների մրցույթ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացավ 2010 թվականի  մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն, իր հայրապետական օրհնությունը հղելով բոլոր մանկավարժներին, մասնավորապես նշել է. «Սա ևս մի առիթ է մեր սերն արտահայտելու ձեր նկատմամբ: Բարձր ենք գնահատում ձեր նվիրվածությունը ձեր աշխատանքին, որ մեր երեխաների մեջ դաստիարակում եք հայրենասիրություն, եկեղեցասիրություն, մնալով ազգային արժեքների ձևավորողն ու նրանց հոգիները զորացնողը: Ձեր ձեռքերում է կերտվում մեր ապագան և հավատում ենք, որ մեր ազգային շահերի ապագայի տեսիլքին դուք մասնակցում եք պատասխանատվությամբ և մեր զավակներին կրթում եք այն արժեքներով, այն բարոյական արժեհամակարգով, որի վրա պիտի կառուցվի մեր երկիրը»: Ողջունելով և շնորհավորելով մրցույթի հաղթողներին և մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ  նրանց առաքելությունն է դաստիարակել, կրթել երեխաներին` մեր ապագան կերտողներին: «Կրթական համակարգը պատրաստում է ապագայի հայ քաղաքացուն, ով իր մեջ բացի գիտելիքից, ժողովրդավարական և այլ արժեքներից, պետք է կրի նաև հայ քրիստոնյայի դարավոր արժեքները: Մեր Սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային ինքնության պահպանման, հոգևոր և մշակութային դաստիարակության հարցում: Ազգային ինքնությունը դա մտածելակերպ է, որը քեզ համահունչ է դարձնում քո ազգին բնորոշ քաղաքակրթական տարրերին: Ով դա կանի ավելի լավ, քան եկեղեցին»,- ընդգծել է նախարարը: Կարևորելով  եկեղեցի-կրթություն-բանակ համագործակցությունը` նախարարը նշել է, որ առանց եկեղեցու չկա կրթություն, չկա բանակ, և այդ համագործակցությունն  օրեցօր ավելի մեծ զարգացում  ստանում: «Հայ դպրոցը ստեղծվել է հոգևոր արժեքների շուրջ և  հայ դպրոցի մշտական հովանավորը և պահապանը եղել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»,- շեշտել է նախարարը: «Լավագույն ուսուցիչ» մրցույթին, որն անց է կացվում երկու փուլով` մարզային և հանրապետական, 2010 թվականին մասնակցել է շուրջ 150 ուսուցիչ: Նրանցից 38-ը մասնակցել է հանրապետական փուլին, որոնցից 4-ն արժանացել են առաջին մրցանակի, 8-ը՝ երկրորդ, 11-ը՝ երրորդ։ Մրցույթի հանրապետական փուլի բոլոր մասնակիցները ստացան նվերներ, իսկ մրցանակակիրները՝ դրամական պարգևներ և պատվոգրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter