Նորվեգիայի դեսպանը նախանձում է հայերին
Գինեսի ռեկորդների գրքում տեղ գտած աշխարհի ամենաերկար հետադարձելի Տաթեւի ճոպանուղին սեփական աչքերով տեսնելու եւ վանքային համալիր այցելելու նպատակով Նորվեգիայի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Կնուտ Հաուգեն (նստավայրը Մոսկվա) նոյեմբերի 23-ին Սյունիքի մարզում էր: «Ֆանտաստիկ է, այն, ինչ տեսա, շատ տպավորիչ էր: Տպավորված եմ ճոպանուղուց եւ հինավուրց այս եկեղեցական համալիրից: Ես Հայաստանում եղել եմ 10 տարի առաջ եւ պիտի ասեմ, որ այս այցիս ընթացքում շատ բան փոխված տեսա»,- անկեղծացավ դեսպանը:
Կնուտ Հաուգեն հայտնեց, որ տպավորված է Սյունաց բնաշխարհով: Անգամ խոր աշնանային բավական խամրած գուներանգները չէին խանգարել դեսպանին գնահատելու ճոպանուղու բարձրությունից բացվող Որոտանի կիրճի գեղեցկությունը: Դեսպանն ասաց, որ ծանոթ է Տաթեւի զարգացման եռամյա ծրագրին, սակայն առաջին հերթին ցանկացել է տեսնել ճոպանուղին:
«Ցավոք, չեմ կարող համեմատություն անցկացնել այլ ճոպանուղիների հետ, թեպետ եկել եմ մի երկրից, որտեղ շատ-շատ ճոպանուղիներ կան, սակայն կարող եմ ասել, որ կոնկրետ այսպիսինը չունենք եւ ինչ որ տեղ նախանձում եմ հայերին: Նմանատիպ ճոպանուղիներ կարելի է տեսնել կենտրոնական Եվրոպայում, սակայն հիմնական տարբերությունը տեղակայման վայրի մեջ է, այն առանձնահատուկ է եւ ապահովելու է զբոսաշրջիկների մեծ հոսք»,- հույս հայտնեց դեսպանը:
Նորվեգիայի դեսպան Կնուտ Հաուգեն խոստացավ այդ հարցում աջակցել հայերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել