
«Մտերիմ Հայաստան»
Աղքատիկ սենյակ, կենտրոնում՝ մի համեստ, «դարն ապրած» մահճակալ, պատին՝ մի գորգ, վրան՝ սեւ ու սպիտակ երկու լուսանկար: Խղճուկ պայմաններ, բայց մտերմիկ ոգի: Լուսանկար՝ ծնված Հայաստանում:
Փարիզի Հայ ուսանողների տան 80-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 17-ին Փարիզի Ուսանողական միջազգային ոստանի գլխավոր մասնաշենքում բացվեց ֆրանսիացի լուսանկարիչ Ռեժիս Լաբուրդետի ցուցահանդեսը: Լուսանկարիչն Հայաստանն առաջին անգամ բացահայտել է 2000-ին՝ ֆրանսահայ կնոջ հետ այցելել է երկիրը եւ սիրել այն: Այցելություններն այսօր հաճախակի են: Արվեստի ու ճարտարապետության պատմության մասնագետ լինելով՝ Ռ. Լաբուրդետին ի սկզբանե հետաքրքրվել է հայկական ճարտարապետությամբ, սակայն, ինչպես ինքն է ասում՝ «ճարտարապետությանն հասնելու համար պետք է անցնես մարդկանց միջով», եւ «այդ մարդիկ» էլ հենց դարձել են լուսանկարների հիմնական թեման:
«Ես լուսանկարներով եմ զբաղվում, ինչը երկար աշխատանք է պահանջում: Իսկ երբ երկար ես մնում, շփվում ես մարդկանց հետ: Հայաստանում մարդիկ շատ հյուրասեր են: Հրավիրում են, հյուրասիրում, անկեղծանում: Ինչքան ավելի ես մոտենում մթնոլորտին, այնքան ավելի ես ուզում ճանաչել: Շատ եմ սիրում երկիրը: Երաժշտություն սիրելու նման է Հայաստանը: Որքան շատ ես սիրում, այնքան ավելի ես ուզում լսել»: Հայաստանը լուսանկարչի համար երկրորդ հարազատ վայրն է դարձել: Տպավորված մարդկանց ջերմ հյուրընկալությունից՝ լուսանկարների միջոցով փորձում է վերադարձնել այդ ջերմությունը: Մյուս կողմից էլ փորձում է լուսանկարներում անմահացնել Երեւանի «այսօր»-ը, քանի որ քաղաքը օր օրի փոխվում է, եւ մեկ տարի առաջ արված լուսանկարը դառնում է հուշ:
Ռ. Լաբուրդետին ունեցել է լուսանկարների տարբեր ցուցահանդեսներ: Մեկ տարի առաջ առաջին ցուցադրությունն է ունեցել նաեւ Հայաստանում, Ճարտարապետների միության շենքում: Հայաստանը պատկերող լուսանկարները ցուցադրվել են նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում: Լուսանկարչի աշխատանքներում Հայաստանն է՝ հայկական ճարտարապետություն, եկեղեցիներ, շինություններ, բնաշխարհ, իսկ կենտրոնում ... հայն է: «Մտերիմ Հայաստանը» Փարիզի Ուսանողական ոստանում կհյուրընկալվի մինչեւ դեկտեմբերի 17-ը: Մուտքն ազատ է:
Մեկնաբանել