Ու՞ր են նայում բնապահպանության, մշակույթի, քաղաքաշինության նախարարություններն ու օրինապահ մարմինները
Ահազանգում է «Ժառանգություն» կուսակցությունը
2010 թ. նոյեմբերի 17-ին Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի բազմաթիվ բնակիչների ահազանգով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեկնել էր «Վիշապի կոթողներ» այգում իրականացվող շինարարության վայր եւ տեղում ծանոթացել իրավիճակին: Նա ականատես էր եղել այգում իրականացված բարբարոսությանը, երբ այգու այդ հատվածի նոր «սեփականատերը» հաջողացրել էր նախորդող գիշերվա ընթացքում տարածքը ցանկապատել ալյումինե պատնեշներով, հանել տեղում գտնվող նստարանները եւ սկսել ծառերի հատումը:
Շինարարական հրապարակի վերածված այգուց վերադառնալով Ազգային ժողով` նույն օրը Զ. Փոստանջյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի նիստում ՀՀ բնապահպանության նախարարին իրազեկեց վաղնջական շրջանի հուշարձան-կոթողներ ունեցող եւ հանրային տարածք հանդիսացող այդ այգու օտարման, այնտեղ կատարվող ապօրինի ծառահատման եւ շինարարության խնդրի մասին: Նախարարից պարզաբանում պահանջվեց, թե ինպես եւ ինչ հիմքերով է այգու այդ հատվածն օտարվել: Պատգամավորը նաեւ հիշեցրեց, որ այգու մուտքի ցուցանակի համաձայն` այն պահպանվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատասխանեց, որ իրենք ևս ստացել են ահազանգ այս հարցի վերաբերյալ եւ «աշխատանքային խումբ է ստեղծվել ուսումնասիրություններ կատարելու համար: Մենք թույլ չենք տա՝ անօրինական գործողություններ լինեն, և դա մենք կատարելու ենք մինչև վերջ»:
Հաջորդ օրը բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ Երևան քաղաքի բնապահպանության տարածքային վարչությունը բնապահպանության նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրել է խնդիրը եւ պարզել, որ «Վիշապի կոթողներ» այգում կառուցապատումն իրականացնում է քաղաքացի Ռուբեն Կարախանյանը, տարածքը 1800 քառակուսի մետր է, եւ դրա 70 տոկոսը պետք է կառուցապատվի: Նախարարի մամլո խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ տարածքի կառուցապատման համար չեն ներկայացվել շրջակա միջավայրի վերաբերյալ փորձաքննության անհրաժեշտ արդյունքները: «Այժմ կառուցապատումը դադարեցվել է»,- պաշտոնապես ազդարարել է բնապահպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Նոյեմբերի 23-ի երեկոյան «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Ստեփան Սաֆարյանը հերթական ահազանգը ստացան բնակիչներից, որ այգու այդ հատվածում շինարարական ու ծառահատման աշխատանքները ոչ միայն դադարեցված չեն, այլ նոր թափով վերսկսվել են: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը անհապաղ մեկնեց տարածք, բնակիչների հետ միասին ականատես եղավ, որ այգու այդ հատվածը ցանկապատած ալյումինի պատնեշի ողջ երկայնքով խոր փոսեր են փորվել (մոտավորապես 1 մետր խորությամբ եւ լայնությամբ), բացվել են բազմաթիվ ծառերի արմատներ, տարածքում ընկած են նոր կտրտված ծառեր, իսկ տարածքի մուտքի մոտ այդ օրը տեղակայվել են երկաթյա դարպասներ. թաց էին թե դարպասների հիմքերի շաղախը, թե դրա հրապարակը: Բնակիչները նույնպես հաստատեցին, որ այդ աշխատանքները կատարվել են ժամեր առաջ: Ի դեպ, նրանց հավաստմամբ` հուշակոթող հուշարձաններից մեկն այլեւս չկար, իսկ մյուսը թաղվել էր հողի տակ, ինչը տեսավ նաեւ պատգամավոր Սաֆարյանը: Այսօր ժամը 11:00-ին ստացված ահազանգի համաձայն` շինարարական աշխատանքները դեռևս շարունակվում են:
«Ժառանգությունը» հրապարակավ`
1.դիմում է իրավապահ մարմիններին, առաջին հերթին` ՀՀ դատախազությանը` պահանջելով գործ հարուցել այս ապօրինությունների կապակցությամբ եւ պատասխանատվության կանչել դրա հեղինակներին: Եթե մի կողմ թողնենք հանրային տարածք հանդիսացող այգու այդ հսկայական հատվածի օտարման եւ այնտեղ շինարարական աշխատանքների թույլտվության օրինականության հարցերը, շարունակվող ծառահատումներն ու շինարարությունն ապօրինի են այնքանով, որքանով որ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն` տարածքի կառուցապատման համար չի ներկայացվել շրջակա միջավայրի վերաբերյալ փորձաքննություն,
2.առաջարկում է ՀՀ բնապահպանության եւ մշակույթի նախարարներին` հենց այսօր միասին այցելել տարածք եւ տեղում ծանոթանալ իրավիճակին,
3.պահանջում է շտապ աշխտանքային խումբ ստեղծել, որի կազմում ընդգրկված կլինեն Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ բնապահպանության, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարությունների իրավասու պաշտոնատար անձինք եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ (նաեւ այլ խմբակցությունների ներկայացուցիչներ եւ անկախ պատգամավորներ, եթե շահագրգռված են) այգու օտարման, այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքների օրինականությունը ուսումնասիրելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել