ՀԿՄ կամավորները աջակցություն են ցուցաբերում Հայաստանին
Հայ կամավորների միության (ՀԿՄ) կամավորներն այս աշուն ընդգրկված էին հանրօգուտ աջակցության ոլորտում։ Հոկտեմբերի վերջերին ՀԿՄ կամավորները ներկեցին, փոս փորեցին, տուն կառուցելու օգնեցին եւ ծառ տնկեցին։ Այս բոլորը՝ իրենց ազատ ժամանակի ընթացքում։
Հոկտեմբերի 24-ին ՀԿՄ կամավորները, «Դեպի Հայք»-ի մասնակիցներն ու աշխատակազմը եռանդուն դեր ունեցան «Համահայկական երրորդ նկարչական օրվան» անցկացման մեջ. սա մեկօրյա բացօթյա փառատոն էր, որի հովանավորն էր «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» (ՎԲՄԱՊՀ-FPWC)։
Կամավորները գործոն կերպով նպաստեցին բացօթյա նկարչական ստուդիայի հաջողությանը, որը հրապուրել էր ավելի քան հազար հայ փոքրիկների և իրենց ընտանքներին։ «Նկարչական օրվան» մասնակցում էին նաև ՎԲՄԱՊՀ Բնապահպանության ակումբի կամավորներն ու այլ անձինք։
ՀԿՄ կամավոր Սերդա Օզբենյանը, ով Վաշինգտոնի Կենդանիների հովանավորման հիմնարկի (Animal Welfare Insitute) աշխատակից է, ասաց. «Նկարչական օրվան օժանդակելը հրաշալի ձև էր՝ օգնելու պատանիներին, որ բնապահպանության և մեր շրջակա միջավայրի պահպանման մասին իմանան»:
Այնուհետեւ ՀԿՄ կամավորները մի քանի ժամ հատկացրին Երևանի առավել կանաչ դառնալուն՝ «Փյունիկ» հաշմանդամների միության կենտրոնի մոտ փոսեր փորելով, որպեսզի շաբաթվա մեջ ավելի ուշ հարյուրավոր ծառեր տնկվեն։ Կամավորները նաև «Փյունիկում» շրջայցի առիթ ունեցան։
Հոկտեմբերի 29-ին կամավորներն ուղևորվեցին Արմավիրի շրջանի Մրգաշատ գյուղ և ամբողջ օրը տրամադրեցին օգնելու Ռաֆայելյան ընտանիքին և «Ֆուլեր տնաշինական կենտրոնին»՝ կառուցելու մի տուն։ Կամավորները ցեմենտի դույլեր կրեցին և օգնեցին կապելու Մրգաշատում ամենաառաջին «ֆուլերակերտ» տան երեք սենյակի հատակը։ Մրգաշատի գյուղապետն ու մրգաշատցիներն էլ մասնակցեցին այս շինարարական օրվան։
Նոյեմբերի 8-ին կամավորներն ամբողջ հետմիջօրեն ծառ տնկեցին Երևանի Թումանյանի այգում։ ՀԿՄ կամավորները տնկեցին 158 ծառ. սա մաս էր կազմում ստեղծագործ տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնի՝ այս աշուն հարյուրավոր ծառեր տնկելու նախագծին։ ՀԿՄ կամավոր, կանադահայ անիմատոր Ժիրայր Կարապետյանը, ով կամավոր էր ԹՈՒՄՈ կենտրոնում անցած վեց շաբաթը, ասաց. «Հոյակապ ապրում էր՝ մնայուն մի հետք թողնել, տարբեր և նոր մի վիճակ ստեղծելուն նպաստել՝ տնկելով ծառեր, որոնք մաքուր օդ և կանաչապատ տարածք կպարգևեն երևանցի գալիք սերունդիներին»։
Ավելի վաղ այս տարվա ընթացքում կամավորներն իրենց հանրօգուտ աջակցությամբ գարուն բերեցին գարնանը՝ Եղեգնաձորում ծառեր տնկելով, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի տվյալների հավաքարշավին օժանդակելով և Մեծ եղեռնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկների վերամշակմանն օգնելով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել