Փոխվարչապետն այցելել է Արմավիր ու Արարատ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզերում ծանոթանալ ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին: Այսօր Արմավիրի մարզում փոխվարչապետին եւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանին ներկայացվեց Արմավիրի մայր ջրանցքի վերականգնման ընթացքը:
Ջրանցքը վերակառուցվում է Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրով, եւ խնայված 1 մլրդ 400 մլն դրամով արդեն մեկնարկել են Սարդարապատ համայնքի տարածքում մայր ջրանցքի հողային հունով 7 կմ-անոց հատվածի վերակառուցման աշխատանքները: Դրանք նախատեսվում է ավարտել 2011 թ. մարտին, որից հետո մայր ջրանցքն ամբողջությամբ կվերականգնվի:
Ա. Գեւորգյանը շինարարակական կազմակերպություններին հորդորեց շեշտը դնել որակի վրա եւ պահպանել ժամանակացույցը:
Արմավիրից փոխվարչապետը մեկնեց Արարատի մարզ, որտեղ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ ծանոթացավ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի» ծրագրերի շրջանակում Ռանչպար, Մխչյան եւ Բաղրամյան համայնքների պոմպակայանների վերականգնման եւ վերազինման աշխատանքների ընթացքին:
Պոմպականների վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2011 թ. գարնանը: «Ռանչպար-1» պոմպակայանում արդեն կատարվել է շինարարական աշխատանքների շուրջ 40 տոկոսը, «Մխչյան-1»-ում` մոտ 50 տոկոսը, իսկ Բաղրամյանի պոմպակայանում` արդեն 60 տոկոսը:
Փոխվարչապետին ներկայացվեց, որ Բաղրամյանի պոմպակայանի վերակառուցման ժամանակ առաջացած խնդիրները կապված են եղել ավազորսիչ հանգույցի հետ, եւ շինարարական ընկերությանն արդեն առաջարկվել են նոր, առավել արդյունավետ նախագծային լուծումներ: Փոխվարչապետը հորդորեց, որպեսզի առաջիկա տասն օրվա ընթացքում ամփոփվեն նախագծային լուծումներն ու աշխատանքներն իրականացվեն համաձայն դրանց:
Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետներում եւ վերազինված պոմպակայանների միջոցով հնարավոր կլինի ավելի արդյունավետ կազմակերպել գալիք ոռոգման շրջանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել