Քաղաքացին խնդրում է միջնորդել` վճռաբեկ բողոքը քննել առանց պետական տուրքի վճարման
Բաց նամակ` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Դատարանների նախագահների խորհրդի նախագահ, ի պաշտոնե Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, Արդարադատության խորհուրդին ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին.
Սույն թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը, նախագահությամբ` Տ. Նազարյանի, մասնակցությամբ` դատավորներ Կ. Հակոբյանի, Տ. Սահակյանի, որոշեց Վերաքննիչ բողոքը մերժել։
«Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 08.01.2009 թվականի թիվ ԵԷԴ/1048/02/08 քաղաքացիական գործով կայացրած վճիռը թողնել օրինական ուժի մեջ։ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 08.01.2009 թվականի թիվ ԵԷԴ/1048/02/08 քաղաքացիական գործով կայացրած վճիռ՝ Հայցվոր Կարեն Հենրիկի Հարությունյանի հայցապահանջը բավարարել։ Հայցվոր Կարեն Հարությունյանի և պատասխանող Բաբկեն Մելքոնյանի կողմից 20.06.08թ. տրված և նոտարական կարգով վավերացված լիազորագրով որպես Մելքոնյանի ներկայացուցիչ հանդես եկած Ռոբերտ Մարտիրոսյանի միջև 2008թ-ի հունիսի 24-ին կնքված և նոտարական կարգով վավերացված հիփոթեքի պայմանագրով գրավադրված, պատասխանող Բաբկեն Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի՝ Երևան քաղաքի Սարի-Թաղի 12 փողոցի թիվ 11 հասցեի (տուն և հողամաս) վրա բռնագանձում տարածել և գույքը հրապարակային սակարկություններով վաճառել։ Կարճ անդրադարձ գործի էությանը, մեջբերում N: ԵԿԴ/0223/01/09 քրեական գործից ՝ Արսեն Բաղրամյանն` Արթուր Ավալյանի և Սուսաննա Խաչյանի հետ նախնական համաձայնությամբ, 2008թ. հունիս ամսին անշարժ գույքի գրավի դիմաց 6.000.000 դրամ գումարի վարկ ստանալու խնդրանքով «Ա.Բաղրամյան» ՍՊԸ դիմած Բաբկեն Մելքոնյանի Երևան քաղաքի Սարի Թաղի 12 փողոցի 11 տունը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, նրա բնակարանը «ԲՏԱ Ինվեստ Բանկ» ՓԲԸ-ում գրավ դնելու, նույն գումարի չափով վարկ ստանալու և նրան տրամադրելու պատրվակով, չարաշահելով նրա վստահությունը, պահանջել և 20.06.2008թ. նրանից ստացել է նրա նշված հասցեի անշարժ գույքն իր աշխատանքային ընկեր Ռոբերտ Մարտիրոսյանի անունով գրավ դնելու իրավունքով նոտարական վավերացմամբ լիազորագիր: 2008թ. հունիսի 24-ին, լիազորագիրը ստանալուց 4 օր անց` Արսեն Բաղրամյանն անտեսելով Բաբկեն Մելքոնյանի բնակարանը բանկում գրավ դնելու մասին խոստումը, նրա անշարժ գույքը որպես փոխառություն ստացած 20.000.000 դրամի դիմաց, մեկ ամիս ժամկետով, հիպոթեքի պայմանագրով գրավ է դրել Երևան քաղաքի բնակիչ Կարեն Հարությունյանի մոտ և Բաբկեն Մելքոնյանին որպես վարկ տրամադրել է 6.000.000 դրամ, որի ընթացքում Արթուր Ավալյանը նրանից պահանջել ու ստացել է 600.000 դրամ միջնորդավճար, իսկ մնացած գումարն Արսեն Բաղրամյանը տնօրինել է անձամբ, որով կրկին անգամ հափշտակել է Բաբկեն Մելքոնյանի առանձնապես խոշոր չափի` 24.000.000 դրամ արժողության, Երևան քաղաքի Սարի Թաղի 12 փողոցի 11 տունը: Նշված գործարքը Բաբկեն Մելքոնյանից գաղտնի պահելու, նրա հետ կնքած գործարքին օրինական տեսք տալու և ապօրինի ձեռնարկատիրությամբ տրամադրված վարկի դիմաց տոկոսադրույք գանձելու նպատակով Բաբկեն Մելքոնյանի տան դիմաց նրան տրամադրված 6.000.000 դրամ վարկի մասին վերջնական վարկային պայմանագիր չի կնքվել, իսկ Բաբկեն Մելքոնյանի ու «Ա.Բաղրամյան» ՍՊԸ-ի միջև 25.06.2008թ. թիվ 52 և 03.07.2008թ. կնքված թիվ 52/1 ապօրինի կեղծ վարկային պայմանագրերով, երեք տարի ժամկետով, 3 տոկոս դրույքաչափով արդեն իսկ գրավադրված տան գրավի դիմաց իբր Բաբկեն Մելքոնյանին տրամադրվել է ընդամենը 2.706.000 դրամ վարկ: Տրամադրված վարկի դիմաց Բաբկեն Մելքոնյանից գանձվել է ընդհանուր գումարով 180.000 դրամ տոկոսավճար: «Ա.Բաղրամյան» ՍՊԸ-ի տնօրենի անունից պայմանագիրը ստորագրել է Սուսաննա Խաչյանը: Բացի այդ համաձայն Ռոբերտ Մարտիրոսյանի առերեսման ժամանակ տրված բացատրագրի՝ նա երբևէ չի տեսել և չի ճանաչել Երևան քաղաքի Սարի Թաղի 12 փողոցի 11 տան սեփականատեր Բաբկեն Մելքոնյանին և նրա ընտանիքի անդամներին, ներկա չի եղել լիազորագրի կնքմանը 20.06.2008թ. նոտարական գրասենյակում, իսկ հիփոթեքային պայմանագրով Կարեն Հարությունյանի մոտ Արսեն Բաղրամյանի առաջարկությամբ այդ լիազորագրով 24.06.2008թ. նշված անշարժ գույքի գրավ դնելու պահին ոչ մի գումար չի ստացել: Պայմանագրի ստորագրման ժամանակ ներկա չի եղել նաև Բաբկեն Մելքոնյանը և բնականաբար գումար չի ստացել: Նշեմ նաև, որ նմանատիպ ձևով այս քրեական գործով մեղավոր ճանաչված և 12 տարվա ազատազրկման դատապարտված Արսեն Բաղրամյանը Կարեն Հարությունյանի մոտ գրավ է դրել նաև այս քրեական գործով տուժած այլ քաղաքացիների անշարժ գույքերը և նույնանման, չնայած ցայտուն ապացույցների, դատարանների որոշմամբ, դրանք առգրավվում են օրինական տերերից՝ ոմն անձի մտացածին պարտքի վերադարձը ապահովելու համար: 28.10.2008 թվականին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ ընդունելով հիպոթեքային պայմանագրով գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու և հրապարակային սակարկությամբ գույքը վաճառելու պ/մ Կարեն Հարությունյանի հայցը 08.01.2009 թվականին վճռեց հայցապահանջը բավարարել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 01.04.2009 թվականին վարույթ ընդունելով Բաբկեն Մելքոնյանի դատապաշտպանի՝ Սերգեյ Մկրտչյանի կողմից ներկայացված բողոքը՝ պարզեց, որ 01.04.2009 թվականին Բաբկեն Մելքոնյանը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան, հայտնելով, որ հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Կարեն Հարությունյանի, Ռոբերտ Մարտիրոսյանի՝ անշարժ գույքը գրավ դնելու լիազորագիրը և հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Այս փաստը հավաստվում է Վերաքննիչ դատարան ներկայացված 20.03.2009 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին թիվ ԵԿԴ/0501/02/09 որոշմամբ։ Բացի այդ, Բաբկեն Մելքոնյանին պատկանող անշարժ գույքի շուրջ առաջացած վեճի վերաբերյալ ՀՀ Ոստիկանության Քննչական Գլխավոր վարչությունում հարուցվել և քննվում է թիվ 69105308 քրեական գործ և որպես տուժող ճանաչվել է Բ.Մելքոնյանի մայրը՝ Արաքսյա Տեր-Հովսեփյանը։ Հիմք ընդունելով այս երկու հանգամանքները դատարանը որոշեց՝ Ըստ հայցի Կարեն Հարությունյանի ընդդեմ Բաբկեն Մելքոնյանի՝ հիփոթեքի պայմանագրով գրավադրված անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու և հրապարակային սակարկություններով գույքը վաճառելու պահանջների մասին քաղաքացիական գործի վարույթը կասեցնել։ Սակայն քրեական գործի ավարտից հետո նույն վերաքննիչ քաղաքացիական դատարանը հիմք ընդունելով քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու միայն երկրորդ՝ այսինքն թիվ 69105308 քրեական գործով դատական վարույթի ավարտի հանգամանքը (Արսեն Բաղրամյանը` 12, Արթուր Ավալյանը 9 և Սուսաննա Խաչյանը 7 տարվա ազատազրկման) և անտեսելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Կարեն Հարությունյանի, Ռոբերտ Մարտիրոսյանի՝ անշարժ գույքը գրավ դնելու լիազորագիրը և հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի ներկայացված հայցի դեռ վարույթում լինելու հանգամանքը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթը, որով գործի վարույթը վերuկuվում է դրա կաuեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո, ապօրինի որոշեց՝ Թիվ ԵԷԴ/1048/02/08 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և գործի քննությունը նշանակել 2010թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 12։00-ին, Վերաքննիչ դատարանի շենքում (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 104)։ Իսկ արդեն սույն թվականի նոյեմբերի 5-ին անտեսելով վերը նշված բոլոր փաստերը, ինչպես նաև պաշտապանիս կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը և այլ հանգամանքներ, դատարանը նախագահությամբ Տ. ՆԱԶԱՐՅԱՆԻ որոշեց՝ Վերաքննիչ բողոքը մերժել։ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 08.01.2009 թվականի թիվ ԵԷԴ/1048/02/08 քաղաքացիական գործով կայացրած վճիռը թողնել օրինական ուժի մեջ։ Նշեմ նաև, որ սույն գործին և քրեական գործով տուժած ճանաչված ընդհանուր առմամբ շուրջ 47 ընտանիքների մղձավանջներին բազմիցս են անդրադարձել բազմաթիվ լրատվամիջոցներ: Սա նման է նրան, որ դատարանի օգնությամբ, ի օգուտ ավազակային հարձակման պատվիրատուի վճռվի նույն այդ ավազակային հարձակմամբ կողոպտված գողունը: Այժմ շուրջ երկու տարի շարունակվող այս դատական նիստերի հետևանքով, կորցնելով շուրջ 5.500.000 դրամ գումար և այլևս ի վիճակի չլինելով վճարել դատարանում մինչև այս ամսվա վերջ վճռաբեկ բողոքի համար 3 տոկոսի չափով պետական տուրքը, որը կազմում է ևս 600.000 դրամ գումար, ինչպես նաև համոզված չլինելով արդարացի վճռի կայացման մեջ՝ խնդրում եմ Ձեզ միջնորդել վճռաբեկ դատարանում բողոքիս քննումը առանց պետական տուրքի վճարման և ՀՀ քաղաքացու և ընտրողի իրավունքով նաև պահանջում եմ ապահովել բացարձակ արդար դատավարություն և ոտնահարումից պաշտպանել իմ որդու՝ Բաբկեն Մելքոնյանի, նրա կնոջ, 3 մանկահասակ երեխաների, ծեր տատիկի, եղբոր և ծնողների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:
Արաքսյա Տեր-Հովսեփյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել