HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը մեկնել է Թուրքմենստան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան: Աշգաբատի «Սապարմուրատ Նիյազովի» անվան միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, բարձրաստիճան հյուրերի սպասարկման սրահում Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարճատև զրույց են ունեցել: ՀՀ Նախագահի կեցավայրում ավելի ուշ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի և Թուրքմենստանի Նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ավարտին ստորագրվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հաստատմանն ուղղված փաստաթղթեր, ինչպես նաև ընդունվել է համատեղ հայտարարություն, որում գնահատական է տրված հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակին, նախանշված են քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային կյանքի կարևորագույն ուղղություններով դրանց զարգացման հեռանկարները: Բանակցությունների արդյունքում, մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության մասին, Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Թուրքմենստանի կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի մշակույթի նախարարության և Թուրքմենստանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի և Թուրքմենստանի Կառավարությունների միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի մասին համաձայնագրերը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Թուրքմենստանի Մահտումկուլիի անվան համալսարանի միջև 2010-2015թթ. համագործակցության ծրագիրը: Այնուհետև Հայաստանի և Թուրքմենստանի Նախագահները երկկողմ բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Նախագահ Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին` ջերմ ընդունելության համար, ապա ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններն ու դրանց հատուկ նշանակություն է տալիս: Նախագահի հավաստմամբ, այդ ամենի վկայությունն են և՛ պաշտոնական այցը, և՛ կառուցողական ու լիակատար փոխըմբռնման մթնոլորտում անցած բանակցությունները: Սերժ Սարգսյանը խոսել է ստորագրված փաստաթղթերի կարևորության մասին, նաև նշել, որ Թուրքմենստանի Նախագահի հետ քննարկել են հայ-թուրքմենական հարաբերությունների արդիական հարցեր, մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Նախագահի խոսքով, բանակցությունների ժամանակ անդրադարձ է եղել առևտրատնտեսական հարաբերություններին ևս: Երկուստեք ընդգծվել է, որ չնայած վերջերս նկատվում է դրական տեղաշարժ, սակայն տնտեսական կապերի ամրապնդման ներուժը դեռևս լիարժեքորեն չի օգտագործվում: «Կարծում եմ, համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել մեր առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնումը, դրանց նոր խթան հաղորդել: Համագործակցության լուրջ ներուժ կա էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում: Վստահ եմ, որ մեր ապրանքարտադրողների արտադրանքի ներկայացման, տնտեսվարող սուբյեկտների միջև ուղիղ կապերի հաստատման համար լավ հնարավորություն են գործարար-համաժողովները, որոնցից հերթականն այսօր իր աշխատանքն սկսեց Աշգաբատում»,-ասել է Սերժ Սարգսյանը, կարևորելով  առևտրային հարաբերությունների զարգացման, երկու երկրների գործարար սուբյեկտների միջև անմիջական կապերի համար բարենպաստ պայմանների  ստեղծման, արդյունաբերության և ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունները: Հայաստանի և Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության կարևորությունը ևս: Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեծ նշանակություն է տրվել հումանիտար ոլորտում համագործակցության հարցերին` ստորագրվել են մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր, ինչպես նաև` առաջիկա տարիներին Երևանի պետական համալսարանի և Մահտումկուլիի անվան Թուրքմենստանի պետական համալսարանի միջև համագործակցության մասին ծրագիր: Թուրքմենստանում այժմ ընթանում են հայկական կինոյի օրերը: Ակտիվորեն զարգանում են առողջապահության ոլորտում կապերը: Այս ամենը, Սերժ Սարգսյանի խոսքով` շատ լավ և դրական միտումներ են, որոնք անհրաժեշտ է զարգացնել: Անդրադառնալով Նախագահ Բերդիմուհամեդովի հետ միջազգային և տարածաշրջանային հարցերի քննարկմանը` Նախագահ Սարգսյանն ասել է, որ միջազգային օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ Հայաստանի և Թուրքմենստանի դիրքորոշումների համընկնումը կամ նմանությունը միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցության լավ հիմք է: «Մենք, իհարկե, նաև քննարկեցինք Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ հարցեր: Ես Թուրքմենստանի Նախագահին ներկայացրեցի, թե ինչպիսին ենք տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիները: Մշտապես հնչող ռազմական հռետորաբանությունը և սպառազինության աննախադեպ աճը տարածշրջանում ստեղծում են ծայրահեղ լարված իրավիճակ: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել այս հարցի կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը. ճգնաժամերը և հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, որոնք մի ամբողջություն են կազմում: Միջազգային հանրության կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կիրառելի այդպիսի սկզբունքներ են ուժի և դրա սպառնալիքի չկիրառումը, պետության տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքն ու իրավահավասարությունը: Միայն այսպիսի մոտեցումն է ապահովում արդար և երկարաժամկետ լուծման հասնելու հնարավորությունը»,-ընդգծել է Հայաստանի Նախագահը: Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը կարող է անկյունաքար դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: «Մենք ջերմությամբ ենք վերաբերվում Հայաստանին և նրա աշխատասեր ժողովրդին»,-ասել է Թուրքմենստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով Նախագահ Սարգսյանին` Հայաստան պաշտոնական այցի հրավերի համար: Թուրքմենստանի նախագահը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և մի շարք ոլորտներում` մեքենաշինություն, էլեկտրոնիկա, դեղագործություն, գյուղմթերքի արտադրություն և այլն, համագործակցության հեռանկար է տեսնում: Այսօր երեկոյան Թուրքմենստանի Նախագահի անունից` ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ընթրիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter