HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին

Հարգարժան Պաշտպան, Երևանի Մոնթե Մելքոնյանի անվ. թ. 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ 21.06.2010թ. Ձեզ հասցեագրած մեր երկրորդ նամակից անցել է հինգ ամիս, սակայն առայսօր Երևանի քաղաքապետարանից ՄԻ պաշտպանին որևէ արձագանք չի եղել, իսկ Աշխատանքի պետական տեսչության կողմից 28.09.2010թ. Ձեզ ուղղված պատասխան նամակը, ցավոք, չի պարունակում մեր բարձրացրած հարցերի պատասխանը: Դատելով այդ նամակի բովանդակությունից, կարելի է ենթադրել, թե դատարանում վիճարկվում է աշխատանքային պայմանագրերի` աշխատողներին պատկանող օրինակների` տնօրենի կողմից ետ վերցնելու իրավունք ունենալու-չունենալու հարցը, այնինչ, խնդիրն իրականում տնօրենի կատարած իրավազանցության փաստն արձանագրելն է, ինչը խուսափում է անել պետական իրավասու ատյանը` իրազեկված լինելով այդ մասին մեր կողմից դեռևս 2010թ. հունվարի 18-ին: Տեսչությանն ուղղված նշյալ նամակում մեր կողմից վեր հանված` տնօրենի այլ իրավախախտումները արձանագրելու համար` 2010թ. ապրիլի 30-ից սկսված պատվի ու արժանապատվության և 2010թ. օգոստոսի 3-ին տրված` աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի աշխատավարձի վճարման մասին հայցերով դատական գործընթացները խոչընդոտ լինել չէին կարող, պարզապես Տեսչությունը շարունակում է դրսևորել անգործություն, կամ որ ավելի վատ է` բացահայտ հովանավորչություն: Հարգարժան Պաշտպան, Քաղաքապետարանի կողմից Սահմանադրության 27.1 հոդվածի, այն է` «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք» պահանջի խախտումներին ծանոթ ենք անձամբ, քանզի Քաղաքապետարանը չի պատասխանել իրեն հասցեագրված մեր երեք նամակներից և ոչ մեկին, սակայն, որ կարող է իրեն թույլ տալ չպատասխանել նաև ՀՀ ՄԻ պաշտպանի  նամակին, սա արդեն տարակուսանք և վրդովմունք է առաջացնում: Ինչ վերաբերում է  դպրոց ՊՈԱԿ-ում առայսօր գործող «Աշխատողի վարքագծի պարտադիր կանոններ» ներքին իրավական ակտում առկա` մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարող և նորմատիվ իրավական ակտերից չբխող հետևյալ երեք դրույթներին. 1. «Բոլոր աշխատողները պարտավոր են ենթարկվել տնօրենին կամ նրա ներկայացուցիչներին»: 2. «Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը» (խոսքը վերաբերում է ՀՀ ԱՕ համապատասխան դրույթը կոպիտ  բնորոշմամբ կամայականորեն խստացնելուն): 3. «Աշխատանքային կարգապահության խախտման դեպքում կկիրառվի… Պայմանագրի լուծում…Եթե աշխատողը թեկուզ մեկ անգամ` …Հրապարակել է պետական, ծառայողական /մանկ. Խորհրդի և այլ խորհրդակցությունների/ գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել այլ դպրոցների նեկայացուցիչներին», ապա համաձայն ՀՀ իրավական ակտերի մասին օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասի` «Ներքին իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում: Ներքին իրավական ակտում առկա այն դրույթները, որոնք պարունակում են սույն մասով չնախատեսված այլ անձանց վրա տարածվող իրավական նորմեր, իրավաբանական ուժ չունեն»: Իսկ նույն օրենքի 61.1 հոդվածի համաձայն` 1. Սույն օրենքով նախատեսված իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտերն առ ոչինչ են և ենթակա չեն կատարման կամ կիրառման: 2. Իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է oրենքով սահմանված պատասխանատվություն: Մեր խորին համոզմամբ, Քաղաքապետարանին, (ցանկության դեպքում), այս հարցին լուծում տալու համար բավական կլիներ ընդամենը մեկ-երկու ժամ ժամանակ, սակայն իրենց կողմից որդեգրված և շարունակվող «խորհրդավոր» լռություն պահպանելու, դատարանին հղում կատարելով` ձեռքերը լվանալու գործելակերպը դարձյալ խոսում է նույն հովանավորչության մասին, և հարց է առաջանում, կա՞ արդյոք որևէ օրենսդրական խոչընդոտ, որը հնարավորություն չի տալիս վերոնշյալ իրավասու ատյաններին, այդ թվում և ՀՀ ՄԻ պաշտպանին, անհատական հարցումներ կատարելու միջոցով մեր անձերի դեմ բողոք-նամակների տակ ստորագրած (իրականում Ձեզանից օգնություն և պաշտպանություն հայցող, այսօր արդեն 72-ի հասնող),  աշխատողներից թեկուզ և մի քանիսի հետ, բացահայտելու համար դպրոցում տիրող իրավազրկումների իրական պատկերը: Հարգարժան Պաշտպան, հաշվի առնելով հանրակրթության ոլորտի բացառիկ նշանակությունը մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու, մարդու և քաղաքացու պաշտպանված լինելու կարևորությունը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում, խնդրում ենք ձեռնարկել իրավիճակին համարժեք միջոցներ: Կխնդրեինք նաև սույն նամակը գրանցել որպես դիմում` շաբաթը մեկ անգամ կազմակերպվող ՄԻ պաշտպանի մոտ ընդունելության համար: Խորին հարգանքով և կանխավ շնորհակալությամբ` Երևանի Մոնթե Մելքոնյանի անվ. թ11 դպրոցի (դեռևս)  նախկին ուսուցիչներ Լիլիա Մարգարյան, Մարգարիտ Իսպիրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter