HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարություն ունենք՝ աշխարհը չունի

Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում, դիմելով սոցցանցի օգտագործողներին, հորդորել էր գրել հայատառ: «Բարեկամներ, գիտակցում եմ, որ մեր շատ հայրենակիցներ, մանավանդ արտերկրում, չեն կարող գրել հայատառ, քանի որ չունեն յունիքոդ: Սակայն բոլորին կոչ եմ անում հնարավորության դեպքում գրել միայն հայատառ»,- գրված էր վարչապետի էջի «պատին»:

Ի հեճուկս այդ հորդորի, այսօր ՀՀ կառավարության [email protected] էլեկտրոնային հասցեից ստացանք հետևյալ լատինատառ երկտողը. «Hargeli qaxaqaci, nshvac xndirnerov tej gic@ chi zbaxvum, ajd masin greq dimum HH varchapeti anunov, nsheq hasce, storagreq ev postov uxarkeq HH Karavarutjun»: Ներկայացնենք այդ երկտողի բառացի թարգմանությունը «Հարգելի քաղաքացի, նշված խնդիրներով թեժ գիծը չի զբաղվում, այդ մասին գրեք դիմում ՀՀ վարչապետի անունով, նշեք հասցե, ստորագրեք և փոստով ուղարկեք ՀՀ կառավարություն»:   

Իհարկե, խնդիրն այստեղ միայն հայատառ չգրելը չէ: Հարցն այն է, որ մենք Գյումրու անօթևան ընտանիքների ծանր վիճակի մասին պատմող հոդվածներն ու տեսանյութերը ԶԼՄ-ներից բացի ուղարկում ենք նաև կառավարության էլեկտրոնային հասցեով: Հավանաբար մեր այդ գործելակերպը նրանց դուր չի եկել և որոշել են մեզ խորհուրդներ տալ: Ավելացնենք, որ կոնկրետ այս դեպքում խոսքը վերաբերում է անցած օրը մեր կողմից տարածված և մեր կայքում տեղադրված «Գյումրի. անտուն և անտեսված որբ երեխաներ» վերնագրով տեսանյութին: Այն պատմում էր ծանր սոցիալական պայմաններում ապրող գյումրեցի անօթևան, երեք միակողմանի որբ անչափաս  երեխաներ խնամող Էլմիրա Թամազյանի ընտանիքի մասին:  

Բնականաբար, մենք գրություն կամ նամակ գրելու ձևերը գիտենք: Իսկ վերոհիշյալ երկտողում նշված չափանիշներով դիմումներ ու նամակներ էլ հաճախակի ենք ուղարկում ՀՀ վարչապետին, օրինակ անցած 4-5 ամիսներին մեր  ուղարկած նման գրությունները կազմել են առնվազն 500 էջ:

Պարզապես չէինք պատկերացրել, որ ՀՀ կառավարության «թեժ գծի» համար անտուն ու որբ երեխաների թեման կարող էր անհետաքրքիր լինել, և միամտաբար մտածում էինք` վատ չի լինի, եթե  ՀՀ կառավարությունն էլ տեղյակ լինի, թե ինչ վիճակում են ապրում հասարակ մարդիկ Գյումրիում, ինչը նաև արդյունք է իրենց գործունեության: Բարեբախտաբար, ի տարբերություն ՀՀ կառավարության` մեր  հրապարակած նյութերին պատշաճ արձագանքողներ էլ են լինում: Հենց այդ նույն հրապարակումից ընդամենը մեկ-երկու ժամ անց նամակ ստացանք Կանադայում բնակվող հայ հոգևորական Տ. Միւռոն Քհնյ. Սարգիսեանից, այդ ընտանիքին երկարատև օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին («Արձագանքը չուշացավ»):

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter