HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Սողոմոնյան

Սյունիքի գյուղերը ձմռան սեզոնին շատ մեծ դժվարության առջեւ են կանգնում

Տարիներ ի վեր Սյունիքի անտառամերձ գյուղերի բնակիչները հարակից անտառներից են օգտվել եւ ձմռանը տները ջեռուցել են անտառից բերած վառելափայտով: Սակայն վերջին տարիներին անտառներում ծառահատումների կանխարգելման նպատակով այսպես կոչված «անտառպահպանման» ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում տուժում են գյուղացիները:

Ջեռուցման այլ տարբերակ նրանք չունեն, գյուղերը գազաֆիկացված չեն, ուստի շարունակում են հատել անտառը` անկախ իրականացվող վերահսկողությունից: Նշենք, որ Սյունիքը հանրապետության այն մարզերից է, որտեղ ամենաքիչ թվով համայնքներ են գազաֆիկացվել, գյուղական համայնքների մեծ մասը շարունակում է ջեռուցում իրականացնել ավանդական եղանակով: Ծավ գյուղի բնակիչները անտառից օգտվելու ոչ մի հնարավորություն չունեն, գյուղը շրջապատված է Շիկահողի պետական արգելոցով, որտեղ գյուղացիների մուտքն արգելված է: Գյուղը գազիֆիկացված չէ: Գյուղացիներին ոչինչ չի մնում, քան դիմել ապօրինի ծառահատումների:

«Հի՞նչ անինք պա, հո՞ւնց տները տաքացնինք, մինակ էս սեզոնի հետի 10-15 խմ փայտ պիտի վառինք, իրանք ալ եքա գումարներ ըն ասում մի մետր փայտի հետի` 4700 դրամ: Ոչ գազաֆիկացնում ըն գյուղը, ոչ ալ թողնում ըն անտառից օգտվինք, տանը խոխա կա, պեն կա, հո սառելու չը՞նք: Թող պայման ստեղծին մեզ հետի, հետո պահանջին, ասին` ծառ մա կտրեք»,- դժգոհեց  Ծավի բնակիչներից մեկը: Ծավի համայնքապետ Արարատ Մարտիրոսյանը նշեց, որ միշտ էլ դժվարություններ են եղել այս հարցում: Այս տարի համայնքապետը փորձել է որոշակի լուծում տալ հարցին:

«Մեկ ամիս առաջ գրությամբ դիմել եմ մարզպետին, որպեսզի աջակցի մեզ էս հարցով: Պայմանավորվածություն կա արդեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի հետ, որ Սրաշեն գյուղի հարակից անտառի տարածքում թույլատրելի հատվածում մեր գյուղի բնակիչների համար մատչելի գներով  հատումներ իրականացվեն` 1 խմ-ը  2000 դրամով: Մեր գյուղի վարչական տարածքի 70 տոկոսից ավելին Շիկահողի պետարգելոցն է զբաղեցնում, բնակիչներն այլ անտառից օգտվելու ոչ մի հնարավորություն չունեն, դրա համար էլ անտառխախտումներն այստեղ են լինում, որի համար անտառապահն է տուժում: Իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների համար 3 մլն դրամի  տուգանքի է ենթարկվել անտառապահը, նույնիսկ գործը դատարանում է»,- ասաց համայնքապետը:

Սրաշեն գյուղն էլ, ինչպես Ծավը, գազաֆիկացված չէ, գյուղաբնակներն էլ կրկին դիմում են անտառի օգնությանը: Համայնքապետ Գրենյա Աղաբեկյանն ասում է, որ ձմռան շրջանում շատ ընտանիքներ լքում են գյուղը, ընդամենը 30-32 ընտանիք է մնում Սրաշենում:

«Միշտ էլ անտառից են փայտ բերել գյուղացիները եւ էնքան ժամանակ կբերեն, մինչեւ գազաֆիկացվի: Եթե չեն էլ թույլատրում, թաքուն գիշերները անտառ են գնում, կամ անտառապահին են խմիչք տալիս, հարբեցնում: Ի՞նչ անեն, եթե 1 խմ վառելափայտը գյուղացիների վրա 4700 դրամ է արժենում, իսկ ամեն մի ընտանիք 10-20 խմ վառելափայտ է օգտագործում, գյուղացիների համար դա շատ մեծ գումար է»,- ասում է Գ. Աղաբեկյանը:

Սյունիքի մարզի անտառների վիճակին ծանոթանալու նպատակով մարզի մի քանի համայնքներ են այցելել «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը: Նազելի Վարդանյանն ասում է, որ իրենց այցելած Տավուշ, Լոռի եւ Սյունիք մարզերից ամենատխուր իրավիճակը Սյունիքի գյուղերում էր: «Մենք որ գյուղում եղել ենք, գազաֆիկացված չէր, շրջապատված էին արգելոցով, անտառից օգտվելու հնարավորություն չունեին: Հուսահատ վիճակ էր գյուղացիների մոտ: Ինչ-որ քայլեր պետք է արվեն այս ուղղությամբ, էլեկտրաէներգիան ցածր սակագներով տրամադրվի գյուղացիներին, կամ էլ վառելափայտը մատչելի գներով հատկացվի, մինչեւ գազաֆիկացման գործընթացն այս գյուղեր հասնի, այլապես մարդիկ միայն հուսահատ են ու մտածում են գյուղերը լքելու մասին: Գյուղ կար, որ ընդամենը 3 ընտանիք էր ապրում, գյուղեր կային, որտեղ միայն ծերեր էին մնացել, դատարկվում են գյուղերը, այստեղ ազգային անվտանգության հարց կա, գոնե պետք է արտոնություններ լինեն սահմանամերձ բնակավայրերի համար, որպեսզի մեր սահմանները պահողներ լինեն: Հասարակությունը ամբողջովին կտրված է պետական ու միջազգային ծրագրերից, հանրությանը պետք է մասնակից դարձնել իրենց բնակավայրերում իրականացվող ծրագրերին: Արծվանիկում բնակիչները դժգոհում էին, որ իրենց գյուղի արոտավայրերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարերի տակ են անցնում, բայց ոչ մի ձեւով կոմբինատը համայնքի բնակչությանը չի աջակցում՚,- ասում է Նազելի Վարդանյանը:

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը նկատել է, թե ինչպես են գյուղացիները թշնամանքով լցված անտառի ու արգելոցի հանդեպ, համայնքներն օտարված են: Արծվանիկում, Սրաշենում, Ծավում եւ Շիկահողում, որտեղ եղել են խմբի անդամները, տեսել են գյուղացիների ատելությունն ու հուսահատությունը, անգործությունը, մեկուսացվածությունն անտառտնտեսություն- պետություն-համայնք կառավարման համակարգից:

Անտառներում թույլատրելի ծառահատումների չափը չի համապատասխանում բնակիչների կարիքներին, մյուս կողմից էլ` վառելափայտի բարձր սակագների ու գազաֆիկացման բացակայության պարագայում գյուղացիներին այլ բան չի մնում, քան ապօրինի ծառահատումներ կատարել, իսկ բնապահպանական ստուգումների արդյունքում հայտնաբերված անտառխախտումների համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անտառապահների ուսերին:

Բնակիչների պահանջը մեկն է. «Թող պայմաններ ստեղծեն, նոր պահանջեն»: Այս տարի Կապանի անտառտնտեսությանը թույլատրվել է հատել ընդամենը 2500 խմ վառելափայտ: Իսկ բնապահպանության նախարարությունը 2010 թ.  ամռանը «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսության մասնաճյուղում իրականացրած տարեկան ստուգումների արդյունքում, ըստ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի, 12 մլն 500 հազար դրամի անտառխախտումներ են արձանագրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter