Սուրիկ Հակոբյանին սպառնացե՞լ են. նա որոշել է «սուս մնալ» ու չխոսել
Սեպտեմբերի 23-ին Մյասնիկյան պողոտայում ավազակային խմբի վնասազերծումից հետո խմբի հետ կապ ունենալու կասկածանքով կալանավորվել են «Գառնու Սուրիկի լավաշ» ձեռնարկության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի երկու որդիները` Անդրանիկ եւ Արտյուշա Հակոբյանները, ինչպես նաեւ վերջինիս կինը:
Սուրիկ Հակոբյանը ժխտում է, որ իր ընտանիքի անդամները կապ ունեն հանցախմբի հետ: Ստորեւ ներկայացնում ենք «Հետքի» զրույցը Սուրիկ Հակոբյանի հետ:
Երեկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հստակ մեղադրեց Ձեր որդուն` Արտյուշ Հակոբյանին, որ նա հանցագործ է…
Միանգամայն սխալվում ա ինքը, իմ որդին հանցագործ չի:
Այդ դեպքում ո՞րն է Ձեր որդուն մեղադրելու նպատակը, ինչո՞ւ են Ձեր ընտանիքի վրա կենտրոնացել:
Ի՞նչ ասեմ, մի բան ասում եմ, հետո կանչում են… Ավելի լավ ա սուս մնամ, տղա ջան:
Ձեզ սպառնացե՞լ են:
Ի՞նչ ասեմ, չեմ կարող ասել:
Չե՞ք կարող ասել՝ Ձեզ վախացրե՞լ են, թե՞ ոչ:
Չեմ կարող ասել:
Իսկ սպառնալիքներ եղե՞լ են Ձեր ընտանիքի անդամների նկատմամբ:
Երեւի էլի, չգիտեմ: Հիմա պաշտպան եմ վարձել, որ որդիներիս արդարության համար պայքարենք: Այս ամենը մեր բիզնեսի համար ա:
Ո՞վ է ուզում Ձեր բիզնեսը վերցնել Ձեր ձեռքից:
Չկա մեկը, որ կանգնի բացահայտ ասի, որ ուզում է բիզնեսս վերցնի:
Իսկ ինչի՞ց եք եզրակացնում, որ Ձեր բիզնեսն ուզում են վերցնել:
Եթե իմ որդիներն անմեղ են, ու մեղադրում են ծանր հանցագործության մեջ, ո՞նց հասկանամ: Մեկին բռնեցին, երկրորդին, երրորդին, ի՞նչ են ուզում, էլ ի՞նչ են ուզում: Երեւի ուզում են իմ գլուխս առնեմ, բիզնեսս որակը գցի, իրանց անորակ հացը վաճառեն:
Դուք ասել եք, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Ձեր բարեկամն է, այդ դեպքում ինչու՞ է Ձեր նկատմամբ այդպես վարվում:
Չգիտեմ, չեմ կարող ասել: Ոչ Ալիկ Սարգսյանն է իմ հետ խոսել, ոչ էլ ես ժամանակ ունեմ, որ իր հետ խոսեմ: Ես իմ երեխաների մասին եմ միայն մտածում:
Ավազակային խմբի վնասազերծման առաջին ժամերին մամուլում տարածվեցին մի շարք պաշտոնյաների անուններ, որոնց որդիներն առնչվում են հանցախմբի հետ: Ձեր կարծիքով ինչու՞ բոլորը հերքվեցին, եւ որպես հայտնի անձնավորություն՝ հաստատվեց միայն Ձեր որդու առնչությունը խմբին:
Ես պաշտոնյա չեմ, չեմ կարող ասել: Ես աշխատող, հաց ստեղծող մարդ եմ, արդեն 40 տարի այդ գործն եմ անում:
Հնարավո՞ր է՝ այս դեպքերից հետո Ձեր բիզնեսը փակեք:
Կարող ա արդեն այս երկրից էլ գնամ, բա ի՞նչ անեմ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել