Կոչ են անում անմիջապես դադարեցնել դելֆինարիումի շինարարությունը
Մի խումբ հայաստանյան և միջազգային բնապահպանական կազմակերպություններ դեմ են Երևանում դելֆինարիումի կառուցմանը և դելֆինների, փոկերի, ծովայռույծի ազատազրկմանն ու շահագործմանը, ինչի կապակցությամբ նամակով դիմել են ՀՀ նախագահին, վարչապետին, բնապահպանության նախարարին և քաղաքապետին.
Ներքոստորագրյալ խմբերը, որ ներկայացնում են աշխարհի միլիոնավոր մարդկանց, կոչ են անում Հայաստանի կառավարությանը անմիջապես դադարեցնել Երևանի Կոմիտասի անվ. այգում դելֆինարիումի շինարարությունը: Դելֆինների բանտարկումը այս տարածքում անմարդկային և անօրինական արարք է: Բացի այդ, պանթեոնում թաղված եմ հայազգի նշանավոր և աշխարհահռչակ մարդիկ, ինչը դելֆինարիումի կառուցումն այս տեղանքում դարձնում է մշակութային և էսթետիկական առումով անհարիր:
Մեր տեղեկություններով` կառույցի համար ծրագրվում է Ուկրաինայից Հայաստան ներկրել չորս շշաքիթ դելֆին: Շշաքիթ դելֆինները գրանցված են Ուկրաինայի վտանգված կենդանիների ու բույսերի Կարմիր գրքում: Մեզ համար պարզ չէ, արդյո՞ք դելֆինարիուիմի համար «նախատեսված» դելֆինները որսված են, թե՞ բուծարանում աճեցված: Ցանկացած դեպքում, մենք միասնաբար դեմ ենք հանրային զվարճության և/կամ դելֆինների օգնությամբ իրականացվող թերապիայի (տե´ս կից հոդվածը) նպատակով այս կետազգիների որսին ու ազատազրկմանը:
Նրանց որսի ու ազատազրկման ընթացքում, որ շատ հաճախ դաժան գործողություն է, այս վայրի ծովային կենդանիները շոկի և սթրեսի են ենթարկվում` իրենց բնական, դինամիկ, էկոլոգիապես հարուստ շրջակա միջավայրից կտրվելով և փակ, ստերիլ, անբնական միջավայրեր տեղադրվելով: Անազատության մեջ դելֆինները հաճախ տառապում են խոցերից և ագրեսիվ վերաբերմունք դրսևորում իրենց ցեղակիցների և մարդկանց հանդեպ: Այս իրավիճակներում դելֆիններ են վիրավորվել և նույնիսկ սպանվել, մարդիկ, այդ թվում նաև փորձառու վարժեցնողներ, ստացել են վնասվածքներ:
Դելֆինները վայրի կենդանիներ են և մյուս կետազգիների նման բարդ հասարակարգերով շատ խելացի, գիտակից ու զգայուն արարածներ են: Նրանք օգտագործում են բիոսոնարի մի ձև, սակայն անազատության մեջ նրանց ուլտրաձայները անդրադարձվում են փոքր ավազանի բետոնի պատերից: Փակվելով ակվարիումային «ցուցափեղկերում», այս կենդանիները ոչ միայն ազատությունից են զրկվում, այլև բնական կենսակերպի պայմաններից, ինչպիսիք են օրական 40 մղոն լողալը, կենդանի կերը և վտառի հետ շփումը:
Հայաստանի կլիման բոլորովին չի համապատասխանում դելֆինների կամ որևէ այլ ծովային կենդանիների գոյատևման համար:
Հայաստանի ամառները շոգ են, չոր, ձմեռները` ցրտաշունչ: Ավելին, Հայաստանի բարձրությունը կտրուկ տարբերվում է Ուկրաինայի բարձրությունից: Այս կլիմայական և աշխարհագրական գործոնները կարող են շատ վտանգավոր լինել դելֆինների և այլ ծովային կաթնասունների համար: Անհնար է դելֆինի գոյատևման համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծել անազատության մեջ ընդհանրապես, Երևանում` մասնավորապես:
Կոմիտասի այգու դեպքում չորս դելֆին հինգ մետր խորությամբ և 18մ շառավղով փոքր ավազանը կիսելու են մեկ ծովառյուծի և երկու փոկի հետ: Սա անընդունելի է, քանի որ անկասկած խիստ անբարենպաստ ազդեցություն կունենա կենդանիների հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա:
Մեզ անհանգստացնում է նաև այն փաստը, որը դելֆինարիումի շինարարությունը սկսվեց առանց Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և հասարակական լսումների: Սա ուղղակիորեն հակասում է Օրհուսի կոնվենցիային, քանի որ կառույցի համար օգտագործվելու է մաքուր խմելու ջուր: Նախագծի իրականացումը չպետք է թույլ տրվեր առանց Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման:
Եվ վերջապես, մեզ հիասթափեցրել է այն փաստը, որ թույլ է տրվել նախագիծն իրականացնել «Ներում» ընկերության հետ, որի գործունեությունը Ուկրաինայում խիստ կասկածելի է և հավանաբար անգամ ապօրինի: Համարվում է, որ Ուկրաինայի համապատասխան կառույցների դելֆինները պատշաճ փաստաթղթեր չունեն: Ամենայն հավանականությամբ այս կենդանիները Հայաստան տեղափոխման համար երբևէ մաքսազերծում չեն անցել:
Մենք կոչ ենք անում Հայաստանին չհանդուրժել դելֆինների ավազանների մուտքը և միանալ այն երկրների ցանկին, որ ներառում է Չիլին, Կիպրոսը, Խորվաթիան և Կոստա Ռիկան, որոնք դեմ են նմանատիպ կառույցներին: Դելֆիններ պահելն ամբողջ աշխարհում կասկածելի գործունեություն է` վերը նշված պատճառներով: Այսպիսի կառույցի ներկայացումը Հայաստանում բացասական միջազգային արձաքանք կխթանի: Վերոհիշյալ պատճառներով խնդրում ենք ձեզ նկատի ունենալ դելֆինների բարեկեցությունը, ինչպես նաև երկրի համբավը և անմիջապես դադարեցնել Երևանում դելֆինարիայի կառուցման ծրագրերը:
Մենք պատրաստ են տեղեկացնել ամբողջ աշխարհի մեր միլիոնավոր անդամներին, որոնք դեմ են դելֆինարիումի կառուցմանը, եթե դուք շարունակեք դելֆինարիումի շինարարությունը: Սակայն հուսով ենք, որ դրա փոխարեն կկարողանանք հայտնել մեր անդամներին, որ Հայաստանի կառավարությունը պատասխանատու և կարեկից որոշում կայացրեց`դելֆինարիումի կառուցման գործընթացը դադարեցնելով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել