HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը 300 տարեկան է

Սանկտ Պետերբուրգում հայկական համայնքի 300-ամյակը նշանավորվել է բազմաթիվ մեծ ու փոքր հոբելյանական միջոցառումներով, գրքերի, թարգմանական գրականության հրատարակումով, մշակութային անդրադարձներով, երեկոներով, համերգային ծրագրերով: Սանկտ Պետերբուրգի «Դրուժբա» կինոթատրոնում անցկացվել է հայ կինոյի շաբաթ. ցուցադրվել են «Նռան գույնը», «Խնձորի այգին», «Մենավոր ընկուզենին», «Զինվորը և փիղը», «Մեր մանկության տանգոն» գեղարվեստական կինոնկարները: Կինոցուցադրումներից առաջ հանդիսատեսին են ներկայացվել Յուրի Կարապետյանի «Բյուրականյան ռապսոդիա», Արմեն Թախթաջյանի «Գարնանային ծաղիկները» և «Արցունքներն աչքերին» հեղինակային փաստավավերագրական ֆիլմերը: Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության սրահում բացվել է այդ քաղաքում ապրող և ստեղծագործող կերպարվեստի հայ վարպետների (Զավեն Արշակունի, Արմեն Ավետիսյան, Զաքար Խաչատրյան, Վալերի Ափինյան, Յուրի Թումասյան, Լևոն Լազարև...) գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որն ուղեկցվել է Հայ առաքելական եկեղեցուն կից գործող «Նաիրի» պարային խմբի ելույթներով, օպերային երգիչ, միջազգային փառատոների դափնեկիր Կարեն Հակոբովի կատարումներով, ազգային երաժշտությամբ: Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում բացվել է արևելագետ, հասարակական գործիչ, ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ, «Էրմիտաժի» արևելագիտության բաժնի հիմնադիր, թանգարանի երկարամյա տնօրեն Հովսեփ Օրբելու կիսանդրին (հեղինակ` քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Լևոն Բայբության): Կրսանդրու բացման արարողությունը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և «Էրմիտաժի» ներկայիս տնօրեն Բորիս Պիատրովսկին: Վերջինի հավաստմամբ այժմ նկարահանվում է մեծանուն գիտնականի կյանքի ու գործունեության մասին պատմող ֆիլմ: ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները շարունակվում են: Հայաստանում ևս հանդիսություններ (համերգային ծրագիր, գեղանկարչական, գրահրատարակչական ցուցահանդեսներ...) կանցկացվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter