Պարոնայք բռնապետներ, իշխանազավթներ
Էմիլ Աբրահամյան
Դուք, լինելով շատ թե քիչ գրագետ, գիտակից մարդիկ, հասկանում եք, որ զինվորական ստորաբաժանումներում հնչած և զինվորների կյանքը խլող կրակոցներն իրականում ձեր դեմ են ուղղված: Այսօր բանակում տեղի ունեցող ցանկացած բացասական երևույթների մեղքը ձեր վրա վերցնելու պատասխանատվությունից դուք ճողոպրում եք հենց այն պատճառով, որ բանակում գնդակահարվում է ձեր «բարոյականությունը», հանրային վարքագծի ձեր նորմերն ու արժեքները:
Բանակի հանդեպ ունեցած ձեր անարդար վերաբերմունքի հետևանքով դուք` սկսած առաջին դեմքից մինչև իր մերձավորները, նախարարները, պատգամավորները, գեներալները և իրենց բոլոր ազգականներն ու մերձավորները` ձեզնից սերվածներին ազատում եք բանակային ծառայությունից կամ տեղավորում հարմարավետ և տաքուկ տեղեր` դրանով իսկ դրսևորում եք և սերմանում «կաստայական-ընտրախավային» թշնամանք հասարակության նկատմամբ: Ձեզ համար այդ սկզբունքը դարձել է գործելաոճ և գործում է գիտության ու կրթության, տնտեսության և արդարադատության, սոցիալական և զինվորական ծառայության ոլորտներում, առհասարակ ազգային կարևորագույն շահերի բոլոր ոլորտներում:
Այս ամենի հետևանքով իրապես վտանգվում է ազգային անվտանգությունն ու պետականությունը: Նյութական արժեքներին տիրանալու, դրանք բազմապատկելու հարցում դուք հագուրդ տվեցիք ձեր չարչիական ձգտումներին ու մեղսավոր նկրտումներին: Դուք օտարվեցիք հասարակությունից: Ձեզ ենթարկեցրիք իրավապահ և ծառայողական մարմինները, Սահմանադրությունը, ձեզ շրջապատեցիք զինված պահակախմբերով, որպեսզի ձեր կատարած բոլոր հանցագործություններն ու իրավախախտումները մնան անպատիժ: Ձեր գոռոզամտությունը, անձեռնմխելիությունն ու ամենակարող կեցվածքը` ձեր իսկ ստեղծած ամենաթողության մթնոլորտում մարտահրավեր է, նետված արդարության և զարգացման ձգտող հասարակությանը, ժողովրդին: Դուք, չարորակ ուռուցքի նման ախտահարում եք ազգային և պետական գործունեության բոլոր կարևորագույն օղակները:
Այսօր բանակում տեղի ունեցող միջադեպերը այդ չարորակ հիվանդության ախտանշաններն են, որի մետաստազները խորապես մխրճվել են բանակի բոլոր կառույցներում, ախտահարելով ամեն ինչ:
Բանակը դուք ծառայեցնում եք հասարակության նկատմամբ ձեր կաստայի հեգեմոնիան ապահովելու, հայ ժողովրդին օտար և խորթ արժեքներ պարտադրող ուժային հենարան: Այսօր բանակում գնդակահարվում է Ձեր «բարոյականությունը»: Ձեր անբարո կեցվածքով դուք եք այդ հուսահատ կրակոցների թիրախը: Ձեր «բարոյականության» կողմից ճնշված, ոտնատակ արված ազատության ձգտող անհատն է, որ լուծում է ստեղծված անելանելի գոյապայմաններից ոգու ազատագրման խնդիրը:
Դուք եք զինվորների և զինծառայողների համար ստեղծել գոյության և գոյապահպանության հիմնախնդիր, որը երկսայր է: Այսօր դուք վիրտուալ թիրախ եք, վաղը կդառնաք իսկական թիրախ:
Պարոնայք բռնապետներ, կամավոր հրաժարվեք իշխանությունից, որին այդպես կառչած եք:
Էմիլ Սամվելի Աբրահամյանը ծնվել է 1956թ. Հադրութում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1978թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1987թ. դեկտեմբերին եղել է Արցախի պատվիրակության կազմում, որը Մոսկվայում` ԽՍՀՄ ԳԽ-ում ներկայացրել է ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու վերաբերյալ ոչ պաշտոնական հանրաքվեի արդյունքները: Արցախյան շարժման նախաձեռնողներից է սկսած 1986թ.: 1990-91թթ. ղեկավարել է Հադրութի շրջանի ինքնապաշտպանության շտաբը: 1991թ.-ից մինչւ 1995թ. եղել է ԼՂԻՄ Ազգային խորհրդի անդամ – ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 2009թ.-ից Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել