Մոսկվայում ամփոփվեցին «Կանալ-2010»-ի արդյունքները
Մոսկվայում տեղի է ունեցել «Կանալ-2010» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման նախնական արդյունքների ամփոփումը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների խորհրդի հերթական 9-րդ նիստը, որին, որպես խորհրդի անդամ, մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներից բացի, նիստին, որպես դիտորդ, մասնակցել են 15 պետությունների ներկայացուցիչներ: Նոյեմբերի 22-ի նիստում «Կանալ-2010» միջոցառման արդյունքների շուրջ ելույթ է ունեցել նաեւ գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Անդրադառնալով ղեկավարների խորհրդի շրջանակներում ստեղծված թմրամիջոցների հետ կապված օպերատիվ տեղեկատվության համակարգչային շտեմարանի գործընթացին, որը շահագործման է ենթարկվել 2009 թ. դեկտեմբերի 1-ից և որին ՀՀ ոստիկանությունը մշտապես ակտիվ մասնակցություն է ցուցաբերում, որոշվել է աշխատանքներն այսուհետ իրականացնել էլեկտրոնային ավտոմատացված ռեժիմով:
Խորհրդակցության ավարտին ստորագրվել է արձանագրություն: Խորհրդի որոշմամբ հաստատվել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների 2011թ. հիմնական միջոցառումների պլանը: Որոշվել է հերթական՝ 10-րդ նիստն անցկացնել եկող տարվա առաջին կիսամյակում` Երեւանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել