HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բարեգործությո՞ւն, թե՞…

Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ն  2011 թ. համար դեղեր ձեռք բերելու բաց մրցույթ է անցկացրել այս տարվա հոկտեմբերի 15-ին, որին մասնակցել են «Սզնի» ՍՊԸ-ն եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունը: Արդյունքները հայտնի են դարձել նոյեմբերի 13-ին եւ 11 անուն դեղերի մատակարարման համար հաղթող է ճանաչվել «Սզնի» ՍՊԸ-ն: Այդ մասին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի տնօրեն Մհեր Մարգարյանը նոյեմբերի 19-ին գրավոր տեղեկացրել է «Սզնի» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Սահակյանին, որ նա կնքի պայմանագիր եւ 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնի պայմանագրի գնի 10 տոկոսի չափով կատարման ապահովում, որը կազմել է 251 հազար 700 դրամ: Սակայն օրեր անց` նոյեմբերի 25-ին, «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրենը գրավոր տեղեկացրել է «Սզնի»-ի տնօրենին, որ «Նատալի ֆարմ»-ի առաջարկով, նվիրատվության կարգով  հիվանդանոցին մատակրարվելու է «Ցեֆտրիաքսոն» դեղամիջոց: «Հետեւաբար այդ դեղամիջոցի գնման պահանջը դադարում է, եւ Ձեր ընկերության հետ պայմանագիր կկնքվի Ձեր ընկերության կողմից շահած չափաբաժնի ցանկում ընդգրկված մնացած դեղամիջոցների մատակարարման համար»,- նշված է Մ. Մարգարյանի գրության մեջ: «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն  Ա. Ասատրյանը նվիրատվություն անելու գրավոր առաջարկը հիվանդանոցին ուղարկել է նոյեմբերի 22-ին: ՍՊԸ-ն այդ քայլը պատճառաբանել է հիվանդանոցի հետ երկար տարիների համագործակցության, որպես դեղորայք եւ բժշկական սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն եւ «բարեգործությամբ զբաղվելու սկզբունքով օժտված կազմակերպություն»: «Նատալի ֆարմը» որոշել է հիվանդանոցին նվիրաբերել 8000 օրինակ «Ցեֆտրիաքսոն» դեղամիջոց: Այն հիվանդանոցին կհատկացվի յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում: Հետաքրքիր է, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը բարեգործություն է արել այն չափով, որքան մրցույթում հաղթել է «Սզնի» ՍՊԸ-ն: «Սզնի»-ի տնօրեն Գառնիկ Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մրցույթում շահած 1 գ 8000 հատ «Ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը կազմում է իր շահած գումարի 53.4 տոկոսը: Հենց այդ դեղի հիման վրա էլ «Սզնին» մասնակցել է մրցույթին: Նրա խոսքերով` «Նատալի ֆարմը» նույնիսկ «դեմպինգ» է արել «Ցեֆտրիաքսոն» դեղամիջոցի համար, սակայն մրցույթը չի հաղթել: Ըստ Գ. Սահակյանի` «դեմպինգի» համար հիմք է հանդիսանում այն փաստը, որ «Նատալի ֆարմի» գնացուցակում նշված դեղամիջոցը վաճառվում է մոտ 500 դրամով, իսկ մրցույթին այն առաջարկել է 170 դրամով: «Սզնի» ընկերությունը հայտը ներկայացրել էր դեղամիջոցի համար 168 դրամ առաջարկով, ինչի համար էլ հաղթել էր մրցույթում: Գ. Սահակյանն ասում է, որ 18 տարի է` աշխատում է այս ոլորտում եւ գործունեության ընթացքում երբեք ստվերային դաշտ չի մտել, իսկ հարկերը վճարել է կոպեկ առ կոպեկ, սակայն այսօր հայտնվել է դժվարին վիճակում: «Նատալի ֆարմի» հետ երբեք հաշվի չեմ նստել: Քանի որ դաշտում մենաշնորհն ու կերակրատաշտը օլիգարխ Սամվել Ալեքսանյանինն է, փորձում է այդ ձեւով կուլ տալ փոքր ու միջին բիզնեսը: Արդեն գիտեն, եթե այսօր 2.5 միլիոն դրամով եմ մրցույթը հաղթել, վաղը կարող եմ 4 միլիոն դրամով հաղթել, դրա համար հիմա փորձում է ինձ սնանկացնել»,- ասում է Գառնիկ Սահակյանը: «Սզնի» ՍՊԸ-ն խախտված իրավունքները վերականգնելու պահանջով առաջիկայում կդիմի դատարան: Գառնիկ Սահակյանը կարծում է, որ իր իրավունքները կոպտերեն խախտվել են: Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Մհեր Մարգարյանից պարզաբանում ստանալ մեզ այդպես էլ չհաջողվեց: Նրա գործավարը նախ ասաց, թե տնօրենը զբաղված է, որոշ ժամանակ անց էլ, թե շտապ դուրս է եկել հիվանդանոցից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter