HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարկառուները խուսափում են ներկայանալ դատական նիստերին

2010 թ. նոյեմբերի 20-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ «Շիրակ» մասնաճյուղն ընդդեմ Ազատան գյուղի բնակիչներ Նարինե Ունուսյանի, Ս. Մ.-ի, Դ. Մ.-ի, Ն. Բ.-ի եւ Ն. Մ.-ի 1,385 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին:

Հայցվոր կողմը, ով դատարան էր դիմել սեպտեմբերի 14-ին, իր հայցադիմումում նշել էր, որ պատասխանողները խախտել են վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները, որն էլ առաջացրել է կազմակերպության հանդեպ դրամական պարտավորություն: Թեպետ հայցադիմումում նշված է հինգ անձի անուն, իրականում նշված գումարի մարման ամբողջ պատասխանատվությունը կրում է պատասխանողներից միայն վարկառու Նարինե Ունուսյանը: Հայտնի է, որ վարկային կազմակերպությունները հիմնականում համագործակցում են վարկառուների խմբի հետ, որտեղ ոչ միայն երաշխավորում են մեկը մյուսին, այլեւ պատասխանատվություն են կրում մեկը մյուսի համար: Եթե որեւէ մեկը չի կարողանում մարել իր վարկային պարտավորությունը, դա պետք է անեն խմբի մյուս անդամները: Այլապես դատական գործ հարուցելիս արգելանք է դրվում խմբի բոլոր անդամների գույքի եւ դրամական միջոցների վրա: Այս դեպքում եւս դատարանի սեպտեմբերի 14-ի որոշմամբ արգելանք է դրվել հինգ պատասխանողների գույքի եւ դրամական միջոցների վրա` հայցագնի չափով: Նարինե Ունուսյանին հանդիպեցինք Ազատանում` հայրական տանը, որտեղ նա փաստացի բնակվում է երկու զավակների հետ, թեպետ հաշվառված է Գյումրիի թիվ 204/065 տնակ հասցեում: Սկզբում Նարինեն կտրականապես հրաժարվեց հարցազրույցից` պատճառաբանելով, թե չի ուզում շրջապատն իմանա, որ ինքն «ընկել է դատարանները, եւ իր երեսից մարդիկ կտուժվին»: Բայց նախնական կարճ զրույցից հետո, այնուամենայնիվ, համաձայնեց պատմել: «Ես պարտաճանաչ վարկառու եմ, ըսիկ ուղղակի ստացվավ, էլի, ապրանքիս փողը չկըրցա հավաքեի տայի, ընկա դատարանները,- պատմում է Նարինեն,- 5 տարի վարկ եմ վերցրել «Ֆինքա» հիմնադրամից, 2 տարի էլ` «ԱԿԲԱ» բանկից: Երբ վերցրել եմ, միշտ էլ մարել եմ, բայց էս անգամ ինչխոր հակառակ էղներ»:

Նարինեի պատմելով` ինքը բանկին ներկայացրել է բիզնես ծրագիր, որում նշված է եղել, որ վարկը պատրաստվում է հագուստի բիզնեսի եւ գյուղատնտեսության մեջ օգտագործել: Նախկին բուժքույրը երեխաներին պահելու ավելի լավ միջոց չէր գտել, քան հագուստի առեւտրով զբաղվելը: 08.10.2008-ից մինչեւ 20.05.2010-ը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի «Շիրակ» մասնաճյուղը Ն. Ունուսյանին է տրամադրել 1.600 դոլարին համարժեք ՀՀ դրամի սպառողական վարկ 589 օր մարման ժամկետով, տարեկան 20 տոկոս տոկոսադրույքով: 2010 թ. մայիսի 22-ին եղել է մայր գումարի մարման վերջնաժամկետը: Չկարողանալով ապրանքը լիովին իրացնել` Նարինեն հայտնվել է փակուղու առաջ: Բանկը վարկի մարմանը սպասել է 3 ամիս եւ սեպտեմբերին հայցով մտել դատարան: Համաձայն վարկային պայմանագրի` չվճարած գումարը կազմում է 1,385 դոլար, որից 1,120 դոլարը` որպես վարկի մայր գումար, 110 դոլարը` կուտակված տոկոսագումար, իսկ վարկային պայմանագրի 2.2 կետով նախատեսված տույժի գումարը 155 դոլար է: Նարինեն դատական նիստերին չի մասնակցել` մտածելով, թե այդպիսով ժամանակ է շահում: Փորձել է խնդրել բանկի ղեկավարությանը, որ կրկին ընդառաջեն եւ ժամանակ տան` պարտքը մարելու: Վարկառուների հիմնական մասն այդպես էլ ոչ մի անգամ մանրակրկիտ չի ուսումնասիրում սեփական ձեռքով ստորագրած վարկային պայմանագրի բոլոր կետերը: Իսկ այդ կետերից մեկի, ավելի ճիշտ` վարկային պայմանագրի 2.3 կետի համաձայն` ժամկետանց պարտավորության առաջացման պահից մինչեւ ժամկետանց գումարների մարումը, ուշացման յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տուժանք` ժամկետանց գումարի 0.1 տոկոսի չափով: Կոնկրետ Նարինե Ունուսյանի դեպքում 93 օր ուշացում է արձանագրված: Ինքը` վարկառուն, պատկերացում չունի, թե որքան գումար է կազմելու պայմանագրով առաջացած տուժանքը:

«Փաստորեն, ես հմի պիտի մարեմ էդ 1,385 դոլարը, մեկ էլ էդ գումարի տույժերը, որ հեչ չիդեմ էլ, թե ինչքան է,- ուսերն է թոթվում Նարինեն:- Հըլը չեն եկել գույքագրման: Ճիշտն ըսած` ընձի որ քեզի համար ըսին, թե արի, տունը մարդ է եկել, մտածեցի` եկել են գույքագրման հարկադիրից: Էս վարկը որ վերցրել եմ, տեղը հող ենք դրել գրավ, անասուն, որ եթե մենք էղնինք ծախողն, ավելի մեծ գումար կբռնե, քան թե բանկը: Բանկը կնայե, որ իրա փողը վերցնե, դրա համար էլ իրան պետք չէ, որ թանկ ծախե»:

Որպեսզի միավորման մյուս անդամներն իր պատճառով չտուժեն, Նարինեի ծնողները որոշել են իրենց պատկանող 2 հա հողը 3 տարի ժամկետով վարձակալությամբ տալ ուրիշի, մինչեւ Նարինեն կարողանա վաճառած ապրանքի գումարը համագյուղացիներից հավաքել: Հոկտեմբերի 20-ի դատական նիստին հրապարակված վճիռը Նարինե Ունուսյանը ստացել է փոստով:

Ու թեպետ ցանկություն ունի բողոքարկելու, քանի որ վճռի վերջին տողերով այդ իրավունքը օրենքով վերապահված է պատասխանող կողմին, սակայն իմ հարցմանը, թե ինչն է ուզում բողոքարկել, Նարինեն պատասխանեց. «Եսիմ, ժամկետս էլի մի քանի ամսով երկարացնեին, որ կարողանայի պարտքս փակեի, չգային եղած- չեղածը տանեին, ծախեին»: Նարինեն այդպես էլ չէր հասկացել, որ բանկի կողմից ժամկետների երկարացումը այդ պահին թվացյալ փրկություն է վարկառուի համար, սակայն յուրաքանչյուր օրը չմարված գումարի 0,1 տոկոսի չափով տուժանք է, որ ժամկետների երկարաձգումից ուրախացած վարկառուն հետագայում ուզի, թե չուզի պիտի մարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter