HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Խումբ կազմիր եւ ստացիր վարկդ

2008 թ. Շիրակի տարածաշրջանի Գոգհովիտ գյուղ մուտք գործեցին «Ֆինքա» վարկային կազմակերպության գործակալները: «Սկզբում թվում է, թե իրանք պարզապես իրենց գործունեությունն են ներկայացնում, բայց իրականում մարդկանց ներգրավում են իրենց ստեղծած սխեմայով վարկերից օգտվելու գործընթացի մեջ

,- կարծիք է հայտնում Գոգհովիտի համայնքապետ Արտուշ Մանուկյանը,- էդ մարդիկ եկան սկզբում գյուղապետարան, խոսեցինք ու հասկացա, որ «Ֆինքան» գյուղատնտեսությանն օգուտ տվող կազմակերպություն չէ, իրանք տալիս են գումարը, բայց հետամուտ չեն, թե ինչի վրա պիտի ծախսի մարդն էդ փողը: Դրանով էլ գյուղացու տունը քանդում են»: Համայնքապետին վստահություն չի ներշնչել «Ֆինքա»-ի գործելակերպի` բանկային կառույցներին ոչ բնորոշ վարքագիծը: Այս կազմակերպությունից գումար ստանալու համար բավական է խումբ կազմել, ստորագրել համապարտության պայմանագիր, որով խմբի անդամները պարտավորվում են վճարել չմուծող անդամի փոխարեն: Կազմակերպությունը չի պահանջում բիզնես ծրագիր, չի հետաքրքրվում գրավով, վարկառուի վճարունակ կամ ոչ վճարունակ լինելով: Ի վերջո, «Ֆինքան» երբեք չի հաշվարկում ռիսկի գործոնը, քանի որ տված գումարի վերադարձելիությունն արդեն իսկ ապահովում է «Համապարտության պայմանագիր» կոչվածով:

«Գյուղում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից օգտվող 60 վարկառու ունենք,- ասում է Գոգհովիտի համայնքապետը,- ես կասեի, որ էս բանկը եղածների մեջ համեմատաբար նորմալ կառույց է, նախ` առաջին 6 ամիսը կարող ես հանգիստ լինել, քեզ չեն անհանգստացնի, փող չեն ուզի, դու կարող ես վերցրածդ դնել գործի մեջ, դե եկամուտ ստանալն էլ արդեն տարուց է կախված: Բայց «Ֆինքա»-ի դեպքում հենց վերցրածդ ամսին պիտի տոկոս փակվիս ու էդպես ամեն ամիս: Փողը մի տեսակ ձեռքիդ չի մնում: Ասենք վերցրել ես 500 դոլար, դու փոխանակ գումարը լիովին դնես շրջանառության մեջ, սկսում ես մտածել տոկոսները փակելու մասին: Էս կազմակերպությունից հեշտ վերցնում ես, բայց շատ դժվար ես պարտքդ փակում, որովհետեւ որ հաշվարկում ես, տոկոսադրույքը գալիս է 30 տոկոս: Իսկ արդյո՞ք Աշոցքի պես աղքատ տարածաշրջանում գյուղատնտեսությունը 30 տոկոս արդյունավետություն է ապահովում: Իհարկե ոչ»: Համայնքապետի վերլուծություններն արդյունավետ եւ ոչ արդյունավետ վարկերի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, գյուղի ոչ բոլոր բնակիչներին է հասու եղել: Գյուղում երբ զրուցում էի գոգհովիտցիների հետ, վերջիններս խոստովանեցին, որ երբ կարիքը սեղմում է, որեւէ մեկը դրա մասին չի էլ մտածում, հատկապես, երբ այդ պահին գիտես, որ ուզածդ գումարը կստանաս առանց որեւէ թղթաբանական քաշքշուկի, առանց գրավի պահանջի եւ այլն: «Ֆինքա» վարկային կազմակերպության խայծը կուլ տված մի խումբ գոգհովիտցիներ ներկայումս դատական բավական բարդ գործընթացի մեջ են հայտնվել: Ավետիսյան Համլետը հայց է ներկայացրել խմբի 5 անդամների դեմ, իսկ մինչ այդ «Ֆինքա» վարկային կազմակերպությունն էր դատի տվել 6 գոգհովիտցիների` գումարի բռնագանձման պահանջով: 2008 թ. Համլետը եւ եւս հինգ գոգհովիտցիներ, ձեւավորելով մեկ խումբ, «Ֆինքա» վարկային կառույցից ստացել են վարկ 4 հազար 600 դոլարի չափով: Կոնկրետ Համլետ Ավետիսյանին հասանելիք գումարը կազմել է 700 դոլար: Գումարի մարման վերջնաժամկետին պարզվել է, որ իր պարտավորությունը կատարել է միայն Համլետը, իսկ խմբի մյուս անդամներն ի վիճակի չեն մուծելու: «Որ մեզ դատի տվեցին, «Ֆինքա»-ի համար ամենաթույլ օղակը ես էի փաստորեն, ավելի ճիշտ` խմբից միակն էի, որ ունեի աշխատանք, մեքենա, այսինքն` կար հնարավորություն ինչ-որ ձեւով իրանց գումարը փոխհատուցելու»,-պատմում է Համլետը:

Չվճարված մայր գումարի դիմաց կազմակերպության աշխատակիցները եկել ու տարել են Համլետի «Օպել» մակնիշի մեքենան: Որպեսզի չզրկվի մեքենայից, վարկառուն ստիպված պարտք է վերցրել, ունեցած ոսկին է գրավադրել, վճարել 4 հազար 600 դոլարն ու ետ բերել իր սեփականությունը: Ի դեպ, Համլետ Ավետիսյանը խմբում միակն էր, որ պարտաճանաչ կերպով մարել էր իր վերցրած վարկը, բայց քանի որ գոյություն ունի համապարտության մասին պայմանագիր, որի համաձայն` խմբի մնացած անդամները պարտավոր են վճարել մյուսների փոխարեն, հետեւաբար ոչ վճարունակ 5 խմբակիցների պատճառով տուժել է միայն մեկը:

««Ֆինքան», փաստորեն, իրա փողը ստացավ, ու միշտ է էդպես: Կազմակերպությունը գիտի, որ ինքն ամեն դեպքում քեզ դատի կտա ու իրա փողը կստանա, եթե ոչ քեզնից, ուրեմն խմբի մյուս անդամներից: Իրա համար միեւնույն է, թե ով կվճարի վերջնարդյունքում, իրան իրա փողն է հետաքրքիր,- ասում է Համլետը,- ես էլ էս պարտքի պատճառով, փաստորեն, երկու անգամ մուծեցի: Իրանք հաշվի չառան, որ ես ժամանակին էն 700 դոլարը մուծել էի: Հիմի ես դատի եմ տվել մեր խմբի մյուս անդամներին, որպեսզի փողս հետ ստանամ»:

Իրականում «Ֆինքա»-ից ստացած գումարները տվյալ խմբի անդամները պարտքով տվել են համագյուղացի Սեւակ Տիգրանյանին: Վերջինս մոտ 3 տարի առաջ դատական վեճի մեջ էր եղել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի հետ եւ բանկից վերցրած 20 հազար դոլար վարկը փակելու համար վաճառել էր Երեւանում ունեցած երկրորդ բնակարանը: Որպեսզի ինչ-որ կերպ ոտքի կանգնի, մտածել էր Գոգհովիտում ունեցած խանութի աշխատանքներն ընդլայնել: Համլետն ասաց, որ Սեւակի կինն իրենց խմբում է եղել, եւ բանավոր համաձայնությամբ իրենք գումարը պարտքով տվել են Սեւակին: «Ես չեմ կարող Սեւակին դատի տալ, որովհետեւ ոչ մի թուղթ չկա, որ հաստատի, որ ես «Ֆինքա»-ից վերցրած գումարն իրան եմ տվել: Երբ որ կազմակերպությունը մեզ դատի տվեց, ես մեր խմբի անդամներին առաջարկեցի համախմբվել եւ դատի տալ Սեւակին, բայց իրանք չուզեցին վատամարդ լինել, էդ ժամանակ արդեն իմ մեքենան տարել էին: Դրա համար էլ ես իրանց զգուշացրի, որ ես իմ մեքենան ինչ գնով էլ լինի հետ կբերեմ, բայց իրանց դատի կտամ,- բացատրում է Համլետը,- եղավ, որ մի վարկի պատճառով էսքան մարդ իրար հետ լավ ու վատ եղավ:

«Ֆինքա»-ին ի՞նչ, ինքն իրա գումարը ստացավ, գնաց, բայց մենք` մի գյուղի ապրող, հիմի իրար հետ դատական վեճի մեջ ենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter