HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բանկը դիմում է դատարան. տուժողը բա՞նկն է, թե՞ վարկառու գյուղացին

Նոր Արմավիր գյուղը մարզկենտրոն Արմավիրից հեռու է ընդամենը 11 կմ: Արմավիրում կայանած տաքսու վարորդները Նոր Արմավիրի անունը լսելով` սկսում են իրար նայել, թե ով պետք է իրենց մոտեցած քաղաքացուն գյուղ տանի: Տաքսու ուղեւորավարձն էլ հաստատուն գումար չէ, կախված ուղեւորի արտաքին տեսքից, վարորդների տրամադրությունից` Նոր Արմավիր հասնելու համար անհրաժեշտ է 1000-1500 դրամ:

«5 տարի է` թոռանս չեմ տեսել, Ռուսաստանում է, քո նման բոյով տղա է, արի քեզ 1000 դրամով կտանեմ»,- ասաց Արմավիրի ավտոկայանում կայանած տաքսու վարորդ Գեւորգ Հովսեփյանը, երբ մոտեցա նրան: Գեւորգ պապը ճանապարհին պատմեց, որ վարորդները հրաժարվում են Նոր Արմավիր գնալուց վատ ճանապարհների պատճառով: Հետն էլ նշեց, որ Նոր Արմավիրը աղքատ գյուղ է, շատ «պասաժիր» չեն ունենում: Նոր Արմավիրի ճանապարհները անկախությունից ի վեր չեն վերանորոգվել, եւ փոսերը շրջանցելը, վարորդ Գեւորգի ասելով, արդեն անհնար է: Հարեւան գյուղերի ճանապարհները որոշ չափով վերանորոգվել են, իսկ Նոր Արմավիրին ուշադրություն դարձնող չկա: «Նախագահական ընտրությունների ժամանակ էս գյուղը «լեւոնական» էր, դրա համար իշխանությունները պրինցիպ են ընկել ու գյուղին ուշադրություն չեն դարձնում»,- բացատրում է Գեւորգը պապը: Ճանապարհները Նոր Արմավիրի միակ խնդիրը չեն: Գյուղի 90 տոկոսը վարկերի տակ է, ինչի պատճառով էլ համայնքային բյուջեն թերի է կատարվում` 60-80 տոկոս: Վարկային սարդոստայնում հայտնված գյուղացիների մի մասը, չկարողանալով մարել վարկային գումարները, հայտնվել է դատարանում. նրանց դեմ վճիռներ են կայացվել: Եվ հիմա ցանկացած պահի աճուրդով կարող են վաճառվել գյուղացիների` արգելանքի տակ գտնվող գույքն ու հողերը: Նոր Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Եղիշե Մարտոյանն ասաց, որ վարկ վերցրած գյուղացիները հայտնվել են անելանելի դրության մեջ, ամեն օր գյուղ են այցելում հարկադիր կատարողները: «Մի բանկ չէ, որ ասեմ, մարդիկ մի քանի վարկային կազմակերպություններից են վարկեր վերցրել, ու հիմա նրանց գործերը դատարանում են»,- ավելացնում է Ե. Մարտոյանը: Տղամարդիկ լքում են գյուղը եւ մեկնում արտագնա աշխատանքի: Շատերը գյուղից դուրս են գալիս հենց վարկերի պատճառով` հուսալով, որ վաստակած գումարով կկարողանան կատարել բանկային պարտավորությունները:

Չեն հավատում բանկի հաշվարկներին

  Արայիկ Սերոբյանը մեկն է այն վարկառուներից, որ վարկի գումարը մարելու համար արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից 2008 թ. աշնանը վերցրել է 1 մլն դրամ (այդ ժամանակ` 3000 դոլար), որպեսզի զբաղվի գյուղատնտեսությամբ: Վարկի գումարը պետք է փակեին 2 տարվա ընթացքում, սակայն Սերոբյանները 2009 թ. սահմանվածից քիչ են կատարել բանկային պարտավորությունները: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը դիմել է դատարան: Արայիկ Սերոբյանի կինը` Էմման, պատմեց, որ դատարանից ծանուցագիր են ստացել, սակայն որոշել են չգնալ, քանի որ վստահ էին` բանկը չէր ընդառաջելու իրենց խնդրանքին: «Մինչեւ դատի տալը, բանկի աշխատողներին ասեցինք, որ եկամուտ չլինելու պատճառով չենք կարողացել վճարումներ կատարել եւ ժամանակ խնդրեցինք: Մեր խնդրանքը չբավարարվեց, էլ գնայինք դատարան ի՞նչ ասեինք»,- ավելացնում է Էմման: Թեեւ դատարանն արդեն վճիռ է կայացրել հօգուտ բանկի` բռնագանձելով 2773 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, սակայն վճռի հրապարակումից հետո էլ, Էմմայի ասելով, բանկը տոկոսներ է ավելացնում յուրաքանչյուր, այդ թվում` ոչ աշխատանքային օրերի համար, 0.1 տոկոսի չափով: Տոկոսները հաշվարկվում են 2010 թ. հունվարի 20-ից մինչեւ պարտքը վերադարձնելու օրը չվճարված պարտքի գումարի հաշվով: Էմման ասաց, որ 2 տարվա ընթացքում բանկին արդեն վճարել են մոտ 1 մլն 200 հազար դրամ, սակայն վարկից չեն կարողանում ազատվել: «Ինչքան գումար վերցրել էինք, հիմա երկու այդքանը տալիս ենք, բայց չենք վերջացնում: Մեր ունեցած ամբողջ առվույտը, ավտոմեքենան վաճառեցինք, որ տոկոսները փակենք: Արդեն 1 մլն դրամից ավել վճարել ենք, բայց տակից դեռ դուրս չենք գալիս, մոտ 500 հազար դրամ էլ դեռ ունենք»,- ավելացրեց Էմման: Նա հույս չունի, որ ամուսնու վաստակածով կկարողանան բանկային պարտավորությունները կատարել, քանի որ ամեն օր տոկոսն ավելանում է: Ամիսը մեկ անգամ Սերոբյաններին այցելում են ինչպես բանկի, այնպես էլ ԴԱՀԿ աշխատակիցները: Էմման ասում է, որ նրանք հոգեբանական գրոհ են կազմակերպում, իրենց հետ կոպիտ են խոսում, ասում են, որ եթե վարկի գումարը չփակեն, կառգրավեն տան գույքը, անսուններին էլ գոմից կտանեն: Էմման կասկածում է բանկի կողմից տոկոսների հաշվարկման ճշտությանը: Պատմեց, որ մի անգամ վարկի գումարը եւ տոկոսադրույքները փակելու համար բանկին վճարել է 60 հազար դրամ, սակայն, երբ հաջորդ ամիս գնացել է բանկ, պարզել է, որ իր վճարած գումարը միայն տոկոսադրույքի համար են հաշվել, իսկ մայր գումարը թողել են անփոփոխ: «Ամեն անգամ տոկոս փակելուց հարցնում եմ, թե ինչքան է մնացել, աշխատակիցներն ասում են` ձեր վարկը դուրս գրված վարկ է, հաշվապահից հարցրեք: Թե ինչ է դուրս գրված վարկը, չեմ հասկանում, ինձ էլ չեն բացատրում: Մոտենում եմ հաշվապահին, նախորդ ամսվա պարտքից ավել գումար է ասում, այն դեպքում, երբ վճարումներ եմ արել: Ասում եմ` բա ո՞ւր է իմ նախորդ վճարումը, ասում է` դրանով տոկոս եք փակել, հետո նորից տոկոս է եկել, ու նախորդ ամսվա համեմատ գումարն ավելացել է: Իրանց ձեռքն է, ինչ ուզեն` կանեն, դրա համար էլ փակելով չենք պրծնում»,- ավելացնում է նա: Բանկը Էմմային երբեք չի տրամադրել վարկի գումարի եւ տոկոսադրույքների քաղվածքը, թե որքան է վճարվել, եւ որքան է կազմում մնացած պարտքը: Վճարել են այնքան, ինչքան ասել են բանկի աշխատակիցները:

Առանց ծանուցելու դատ են արել եւ վճիռ կայացրել

Նոր Արմավիրի դժվարին իրավիճակում հայտնված վարկառու գյուղացիները վարկի գումարները փակելու համար հաճախ դիմում են դեռեւս վարկ չունեցող համագյուղացիների օգնությանը` վարկերը վերցնելով նրանց անունով: Գեւորգ Մանուկյանը երբեք բանկի հետ գործ չի ունեցել, միշտ խուսափել է վարկերից: 2008 թ. աշնանը համագյուղացի Մկրտիչ Մկրտչյանը խնդրել է Գեւորգին, որ նա վարկ վերցնի եւ տա իրեն: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից վերցրել է 1մլն դրամ եւ ամբողջությամբ տվել համագյուղացուն: Մ. Մկրտչյանը վարկերի պատճառով կորցրել էր տունը եւ ամիսներ անց, հոգեկան ապրումների պատճառով, սրտի կաթվածից մահացել: Նրա վարկային պատմությանը «Հետքն» անդրադարձել էր ամիսներ առաջ («Վարկ էին վերցրել ոտքի կանգնելու համար, բայց զրկվեցին սեփական տնից): Այժմ ամբողջ վարկը մնացել է Գեւորգի վրա: Մկրտիչ Մկրտչյանի 2 որդիներն այժմ Ռուսաստանում են եւ խոստացել են փակել գումարը: Մինչ 2 ընտանիքները վարկը փակելու ուղիներ էին փնտրում, բանկը գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան: Այս դեպքում էլ դատարանը բանկի հայցը բավարարել է: Գեւորգն ասում է, որ իրենք տեղյակ չեն եղել իրենց դեմ կայացված վճռի մասին: Անակնկալ ձեւով իմացել են բանկի ու ԴԱՀԿ-ի աշխատակիցներից: Դատարանից ծանուցագիր չեն ստացել, չունեն նաեւ իրենց դեմ կայացված վճռի օրինակը: Մոտ մեկ տարի է` ԴԱՀԿ-ն արգելանք է դրել ընտանիքի տնամերձի եւ 5000 քմ սեփականաշնորհված հողի վրա: Ընտանիքը տեղյակ չէ` իրենց հողերն աճուրդի հանվա՞ծ են, թե՞ ոչ: Գեւորգը զարմացել է, երբ դատարանի վճռից հետո իրենց տուն են այցելել բանկի աշխատակիցները եւ տեղեկացրել, որ պարտքի վրա օրական 0.1 տոկոս է ավելանում: «Իմ իմանալով` դատարանի վճռից հետո տոկոս չպիտի հաշվեին: Ինչքան գիտեմ, վճիռ է կայացվել 3511 դոլարի չափով, բայց դրանից հետո այդ գումարը հասել է 5000 դոլարի: Հիմա բանկը ամսական 90 դոլար տոկոս է հաշվում»,- ասում է Գեւորգ Մանուկյանը: Նա հույս չունի, որ այս տարի կկարողանա վարկի գումարը փակել. «Էլ ճար չկա, գարունը պիտի գնամ խոպան»: Անցյալ տարի 3000 քմ պոմիդոր են մշակել` հույս ունենալով ստացված եկամտով փակել վարկի գումարը, սակայն անձրեւներից ամբողջ բերքը փչացել է: 6 հոգուց բաղկացած ընտանիքի միակ եկամուտը Գեւորգի մոր 35 000 դրամ թոշակն է:

Բանկն ու ԴԱՀԿ-ն մրցակցում են. գյուղացին ո՞ւմ վճարի վարկի գումարը


Սերոբ Գրիգորյանը վարկի պատճառով երկու անգամ հայտնվել է դատական գործընթացներում: Նա էլ տարբեր բանկերից 1 մլն դրամ ստացել եւ տվել է Մկրտիչ Մկրտչյանին, որոշ ժամանակ անց էլ իր համար «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից 1 մլն դրամ է վերցրել: Մ. Մկրտչյանի վարկի համար ԴԱՀԿ-ն արգելանք է դրել հեռուստացույցի եւ տան մնացած գույքի վրա: Գույքը հանվել է աճուրդի, Մկրտչի որդիները գումար են ուղարկել, եւ ամբողջ գույքը ԴԱՀԿ-ից գնել է Սերոբի որդին: Այժմ էլ իր վարկի պատճառով է հայտնվել դատարանում: Վճիռն արդեն կայացվել է, արգելանք է դրվել 1 հա սեփականաշնորհված հողի վրա: Բանկից նրանց ասել են, թե օրական 1000 դրամ տոկոս է գալիս իրենց գումարի վրա: Սերոբը դատավարության օրվա մասին ծանուցված է եղել երկու գործերից միայն մեկի համար, իսկ իրենց դեմ կայացված վճիռը չունեն: «Տո գիտես դատավորի սրտո՞վ ա: Դատավորն էլ չի ուզում մեզ կպնի: Բանկերն են խեղդում, գործը մտցնում են դատարան, դատարանն էլ ի՞նչ անի»,- ասում է Սերոբը: Նա պատմեց, որ օրեր առաջ բանկի աշխատակիցները եկել են իրենց տուն եւ ասել, որ տնամերձ հողն էլ կվերցնեն արգելանքի տակ, եթե վարկի գումարը չփակեն: «Բա դրանք մա՞րդ են, տոկոսները տալիս ենք, էլ ի՞նչ են ուզում, կախե՞նք մեզ»,- ավելացնում է Սերոբ Գրիգորյանը: Օրերս հավաքած 200 հազար դրամը նրանք տոկոս են փակել: Գումարը վճարել են բանկում, ինչին ընդդիմացել են ԴԱՀԿ ծառայողները: «Բանկին եմ տալիս, հարկադիրները գալիս ասում են` բանկն ո՞վ ա, որ տանում ընդեղ ես փակում: Բանկից էլ ասում են` մեզ մոտ վճարեք: Ամեն մեկն իրա հերթին գալիս ասում ա` փողը մեզ տվեք: Հարկադիրն ըտեղից փող ունի, դրա համար էլ գալիս ասում ա` մեզ բերեք տվեք»,- նշում է Սերոբը: Ամբողջ տարի Սերոբը աշխատել է, մի րոպե պարապ չի նստել, աշխատած գումարն ամբողջությամբ բանկերին է տվել: Վարկը ստացել է դրամով, սակայն բանկը պահանջում է այն մարել դոլարով: Սերոբն ասում է, որ բանկն այստեղ էլ է շահում, քանի որ հիմա դոլարի կուրսը բարձր է, եւ իրենք այդ փոխարժեքով զգալի տուժում են: «1 մլն են ինձ տվել, այսօր պահանջում են 3000 դոլար: Ասում եմ` իմ ձեռը մի հատիկ դոլար դնեիք, տեսնեի` էդ ինչ ա, ես էլ ձեզ դոլար տայի, ասում են չէ` պիտի դոլար տաս»,- ավելացնում է Սերոբ Գրիգորյանը: Նա տեղեկացել է, որ կուտակված տոկոսներով այժմ իրենց վարկը կազմում է շուրջ 4700 դոլար: Վերցրած վարկն ամբողջությամբ ներդրել են գյուղատնտեսության մեջ, սակայն տուժել են: Միայն ձմերուկից նախորդ տարի 1300 դոլարի վնաս են կրել, բերքը չեն կարողացել նույնիսկ 25-30 դրամով իրացնել: Այժմ Սերոբի ընտանիքը խնդիրներ ունի նաեւ այլ անձի պատճառով: Վարկեր վերցնելիս բանկերը պահանջում են երաշխավորներ: Սերոբ Գրիգորյանը երաշխավորել է իր սանիկին, որպեսզի նա էլ վարկ ստանա, սակայն վերջինս գնացել է Ռուսաստան, եւ բանկն ամբողջ գումարը պահանջել է Սերոբից: Գյուղացիներն այնքան անտեղյակ են վարկային գործառույթներից, որ չգիտեն, թե ինչ պատասխանատվություն կարող է կրել երաշխավորը, եթե գլխավոր վարկառուն պարտավորությունը չկատարի: Նմանատիպ վիճակում է հայտնվել Սերոբ Գրիգորյանը: «Բանկի աշխատողներն ասին` բեր սանիկիդ տեղը վարկը փակի, ես էլ մասնավորից տոկոս եմ վերցրել, տարել փակել եմ, հիմա 350 դոլար պիտի տոկոս փակեմ ուրիշի փոխարեն: Բանկում ինձ չբացատրին, որ երաշխավորելու դեպքում ռիսկ ես վերցնում քո վրա: Ես գիտեի, թե ձեւական ստորագրում եմ, որ վարկ ստանա, եթե բացատրեին, թե ինչ ա նշանակում երաշխիքը, ես չէի ստորագրի»,- ուշացած զղջում է Սերոբը: Ընտանիքն ամեն պահի սպասում է, որ ամսվա վերջին հերթական այցով իրենց դուռը կթակեն ԴԱՀԿ եւ բանկի աշխատողները: Սերոբի կինը` Սվետլանա Մկրտչյանը, ասում է, որ այս տարի ավել են ցանել, որպեսզի վաճառքից ստացված գումարով տոկոսները փակեն, հիմա միակ հույսը 1000 հատ ավելի վաճառքից ստացված գումարն է: «Մի բան գիտեմ, որ գյուղացին շատ մեղք է, որ ընկել է բանկերի ձեռքը: Կյանքում մեզ հետ նման բան չէր եղել, որ հիմա էս օրի ենք հասել»,- նշում է տիկին Սվետլանան: «Էս բանկերն էս ի՞նչ արին մեր գլուխը: Տոկոսով վերցրինք, ասինք կոգտվենք, բայց լրիվ սկանք: Որ բանկի աշխատողներին մնա, մեր շորերը հագներիցս կհանեն, կտանեն: Մեր ունեցած միակ եկամուտը ավելն ա, էս անգամ որ գան, տալու եմ ձեռները, թող տանեն»,- կնոջը լրացրեց Սերոբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter