HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երկու ընտանիք վարկերի պատճառով տուն է վաճառել

Արարատի մարզի Հովտաշատ գյուղում միայն «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն» ունի 270 վարկառու: Գյուղացիներն այլ վարկային կազմակերպություններից նույնպես վարկեր են վերցրել: Վարկերի պատճառով հովտաշատցիներ Զոհրաբ Քավշանյանի եւ Յուրիկ Պապիկյանի ընտանիքները վաճառել են իրենց տները, փակել են վարկի գումարներն ու լքել Հայաստանը:

Գյուղից մի հոգի էլ սեփականաշնորհված հողն է վաճառել: Յուրիկ Պապիկյանն ունեցել է երկհարկանի տուն: Շատերի նման նա էլ հայտնվել է բանկային «սարդոստայնում», եւ տարիներ հետո այնպես է ստացվել, որ պարտքեր է ունեցել գրեթե բոլոր բանկերին` շուրջ 5 մլն դրամ: Սկզբում զբաղվել է ձկնաբուծությամբ, հետո ցլիկներ է առել, որ անասնապահական տնտեսությունը զարգացնի, սակայն տուժել է:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Հովտաշատ գյուղի երաշխավորող Մկրտիչ Գասպարյանն ասաց, որ այս տարի բավականին մեծ դժվարությամբ են վարկառուները փակում վարկերը: Քանի որ ժամկետանց վարկերը շատ են, բանկը որոշել է նրանց նկատմամբ խիստ լինել: Առայժմ դատական գործեր գյուղում չկան, սակայն չի բացառվում, որ առաջիկայում մի գյուղացի հայտնվի դատարանում: Բանկը գյուղացիներին գրավի դիմաց վարկը տալիս է 15 տոկոսով, իսկ առանց գրավի` 23 տոկոսով: «Գնալով վճարումներն ուշացնող գյուղացիների թիվն ավելանում է: Բանկին էլ ի՞նչ հետաքրքիր է, որ տարին բարենպաստ չի եղել, դրա համար չեն կարողանում վճարումներ անել: Յուրաքանչյուր վարկառուի համար 3 երաշխավորող կա. եթե ինքը չտա, երաշխավորողներից են պահանջում»,- ասում է Մ. Գասպարյանը: Նա արդեն 15 տարի է` հասարակական հիմունքներով աշխատում է «Ակբա»-ի հետ եւ եկել է այն եզրակացության, որ խելոք մարդիկ, վարկեր վերցնելով, օգտվում են: «Բայց 100 տոկոսով կարող եմ ասել, որ վարկի տոկոսադրույքը բարձր է: Ես էլ եմ օգտվում վարկերից, ինքս կարողանում եմ փակել, բայց մարդ կա` նույնիսկ 100 դոլար չի կարողանում տոկոս տա»,- ավելացնում է Մկրտիչ Գասպարյանը: Նրա կարծիքով` գյուղատնտեսական վարկերը պետք է լինեն առավելագույնը 12 տոկոս եւ տրամադրվեն միայն ՀՀ դրամով: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը վարկերը տալիս է հիմնականում դոլարով, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում գյուղացիների համար: «Սա արտասահմանյան ներդրումներով բանկ է, ասում է` ինձ դոլար է եկել, դոլար եմ տալիս, ո՞նց կարող եմ վերածել դրամի, դրանից կտուժեմ: Դրամային վարկեր էլ ունեն, բայց քիչ են, չեն բավարարում: Չգիտեմ` մեղավորությունն ումն է, բայց ժողովուրդը բողոքում է, որովհետեւ դրամ-դոլար տատանումներից մարդիկ տուժում են»,- ավելացնում է Մ. Գասպարյանը:

«Գյուղի 70 տոկոսն այսօր վարկի տակ է, այդ 70 տոկոսն էլ կործանվում է»

 

 

Արմավիրի մարզ, Գրիբոյեդովի համայնքապետ Սոս Գաբրիելյան Մեր գյուղացիները վարկ են վերցնում հիմնականում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից, «Կամուրջ», «Արեգակ», «Ֆինքա» վարկային կազմակերպություններից: Չնչին գումարներ են տալիս, դրանով ի՞նչ ներդրում պիտի գյուղացին անի: Բանկը վարկ է տալիս ու մարդուն գցում ճահիճը: Գումարի չափը շատ քիչ է, երբեք այնքան գումար չեն տալիս, որ վարկ վերցնողը գնա մի 10 հատ խոզի գոճի առնի: Տված գումարով հազիվ կարողանա 2-3 խոզի գոճի պահի, դրանից էլ եկամուտ չի մնում գյուղացուն: Վարկային կազմակերպություն կա, որ 32%-ով է վարկ տալիս: Լավ կլինի չասեմ, թե որ կազմակերպությունն է: Իրենք կարող են ասել` չեք ուզում, մի վերցրեք: Միջինացված տվյալ վերցնենք` 20-24%: Գյուղատնտեսության մեջ կա՞ երաշխիք, որ 24% եկամուտ կստանա գյուղացին: Դրա համար ով մի անգամ վարկ է վերցնում, էլ դրանից պրծում չկա: Բանկերը լավ գիտեն, թե այս վիճակից դուրս գալու համար ինչ պետք է անեն: Պիտի մի քիչ մատչելի տոկոսադրույքով վարկը տան: Եթե ցրտահարություն կամ կարկուտ է լինում, եւ դա արձանագրվում է համապատասխան մարմնի կողմից, բանկը չպիտի խեղդի գյուղացուն, թե բեր վարկը փակի. ժամանակ պիտի տան: Ասենք` ցրտահարվել է մարդու բերքը, սկի ապրելու միջոց չունի, ինքը որտեղի՞ց բերի վարկ փակի: Գոնե մենակ տոկոսը վերցնեն, մայր գումարի մարումն էլ թողնեն հետո, այդ գյուղացուն չկործանեն: Եթե այս տեմպերով շարունակվի, մարդիկ իրենց գույքն էլ կկորցնեն, տունն էլ: Գյուղի 70 տոկոսն այսօր վարկի տակ է, այդ 70 տոկոսն էլ կործանվում է: Շատերը բանկերի տոկոսները փակելու համար գնում մասնավորից են 10 տոկոսով գումար վերցնում, որ ժամկետանցի տակ չընկնեն: Մի կողմից բանկի տոկոսն է տալիս, մյուս կողմից` մասնավորի: Քիչ-քիչ բոլորն էլ դատարանի առաջ են կանգնելու:

«Բանկերը նմանվել են «լոմբարդի»

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցություն Վահե Էնֆիաջյան Յուրաքանչյուր երկրի քաղաքացի բնակարան, մեքենա գնելու, ծրագիր իրականացնելու համար վարկ է վերցնում: Քաղաքացու ցանկությունն է վարկ վերցնելը, եւ առաջին հերթին ինքն է պարտավոր հաշվի առնել` վարկը կարողանալո՞ւ է մարել, թե՞ ոչ: Հարյուր հազարավոր մարդիկ էլ կան, որ վարկը վերցնում են ու փակում: Եթե իրականում Դուք հետազոտություն ունեք (մենք ինքներս էլ կարող ենք հետազոտություն անցկացնել), Ձեր արդյունքները փոխանցեք մեզ, որ փորձենք հասկանալ խնդիրը: Գյուղատնտեսության ոլորտը մերը չէ, պատասխանատուն մենք չենք, բայց միշտ ասել ենք, որ բանկերը նմանվել են «լոմբարդի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter