HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տաթեւ. ինչպես են տնօրինվում «գերակա շահ» հռչակված հողերը - 1

12 հալիձորցիներ արդեն մեկ տարի է` հրաժարվում են գերակա շահ հռչակված իրենց սեփականությունը հանդիսացող հողերը վաճառել «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի հայտարարած տարածքում շինարարություն իրականացնող «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ին:

2009 թ. հունիսի 26-ի թիվ 848 որոշմամբ Կառավարությունը, «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի եւ 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, որոշում էր ընդունել Տաթեւ վանական համալիրը եւ հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Աղվանի եւ Բարձրավան գյուղական համայնքները հայտարարել զբոսաշրջային կենտրոն` անվանելով «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոն: Նույն օրը, մեկ այլ` թիվ 944 որոշմամբ, Կառավարությունը Հալիձոր գյուղի բնակիչների սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու որոշում էր ընդունել, որում մասնավորապես նշվում է. «Ելնելով Տաթեւի վանական համալիրի վերակառուցման ծրագրի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղական համայնքի տարածքում ճոպանուղի եւ հյուրանոցային համալիր կառուցելու անհրաժեշտությունից` սույն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված` Հալիձորի բնակիչների սեփականություն հանդիսացող 4.5697 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ գերակա հանրային շահ հետեւյալ հիմնավորմամբ. ա/ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերին, քանի որ ծրագրի իրականացումը նպատակաուղղված է բնակավայրերի ենթակառուցվածքների, ինչպես նաեւ ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման ապահովմանը, որը կարեւոր ռազմավարական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի համար»: Ճոպանուղու եւ հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով Հալիձոր համայնքին հարակից 17 հա տարածքի ձեռք բերումն այդպես էլ աննկատ կանցներ, եթե հալիձորցի 12 բնակիչներ չորոշեին բողոքարկել 1քմ-ի համար իրենց առաջարկված փոխհատուցման չափը, ինչպես նաեւ առանց պայմանագրային պարտավորության` իրենց սեփականություն հանդիսացող հողերում շինաշխատանքների սկսման գործընթացը: Սեփականության իրավունքի խախտումը վերացնելու եւ գումար բռնագանձելու պահանջով 2009 թ. նոյեմբերի 16-ին Շավարշ, Ռայա եւ Վրեժնիկ Մկրտչյանները, Նելլի, Հրայր, Սաշիկ եւ Ջուլիետա Զախարյանները, Արշալույս Մինասյանը, Ավագ, Արկադի, Արտավազդ եւ Աննա Գեւորգյանները դիմում են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հայցադիմումի մեջ հայցվոր կողմը մասնավորապես նշում է, որ Սյունիքի մարզպետի անունից հանդես եկող անձինք վերջին մեկ տարվա ընթացքում իրենց տարբեր մեթոդներով, այդ թվում` սպառնալիքներով հարկադրում են վաճառել հողամասերը 1քմ-ը 100 դրամով, այն դեպքում, երբ դրանց շուկայական արժեքը 2000 դրամից ավելի է: Եվ որ պակաս գնով վաճառելու դեպքում իրենք կմնան անգործ ու ստացած չնչին գումարով չեն կարողանա ընտանիքները պահել: Հատված հայցադիմումից. «Արդեն որոշ ժամանակ է, ինչ հարկադիր կերպով, մեր կամքին հակառակ, մեր հողամասեր է ներխուժել եւ հողաշինական աշխատանքներ է կատարում «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ն, որը նաեւ ցանկապատել է մեր հողամասերի մի մասը: Մենք փորձում ենք թույլ չտալ մեր հողամասերում աշխատանքներ կատարել, սակայն մեզ ահաբեկում են, թույլ չեն տալիս մտնել մեր հողամասեր` ասելով, որ բռնել կտան, իսկ երբ դիմում ենք ոստիկանության Գորիսի բաժին, ասում են, որ ոչինչ անել չեն կարող, քանի որ այդ ամենը կատարվում է Սյունիքի մարզպետի հսկողությամբ: Մենք մեր հողամասերը օտարելու պայմանագրեր չենք կնքել, եւ դրանց նկատմամբ իրավունքը պատկանում է մեզ»:

Հայցվոր կողմը դատարանից խնդրել էր պատասխանող կողմին, վերջինիս աշխատակիցներին, շինարարներին իրենց գույքով ու տեխնիկայով վտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերից: Պարտավորեցնել «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ին` իրենց հողամասերը բերել նախկին տեսքի: Հալիձորի բնակիչները 2009 թ. նոյեմբերի 23-ին կրկին դիմում են Սյունիքի ընդհանուր իրավասության դատարան` վարույթում գտնվող հայցի գումարի բռնագանձման մասով հայցագինն ավելացնելու պահանջով: Դիմումով հայցվորները տեղեկացրել էին, որ պատասխանող կողմն արգելել է իրենց մտնել սեփականություն հանդիսացող հողամասեր` աշնանացան ցորեն ցանելու համար: Ու քանի որ դատարանը մերժել էր հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը` արգելել «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի»-ին կամ վերջինիս անունից հանդես եկող անձանց մուտքը հայցվորների սեփական հողային տարածքներ, իրենք վնասներ են կրել: Վնասի չափը հալիձորցիները հաշվարկել էին 1 հա-ից ստացվող եկամտի չափով:

Ըստ այդ հաշվարկների` 1 հա հողամասից ստացվում է առնվազն 40-50 ցենտներ ցորեն, որի 1կգ-ի գինը տատանվում է 130-150 դրամի սահմաններում, եկամուտն էլ, համապատասխանաբար, 750 հազար դրամ է կազմում միջինը` 1 հա-ի հաշվարկով: 

Հայցվոր, Հալիձորի բնակիչ Ավագ Գեւորգյանը վիճելի տարածքում 2,5 հա հողամաս ունի: «Լավ, բերքատու հող է, իմ ապրուստի միակ միջոցը, որ ուզում են էժան առնեն: 4 հա 7 հազար մետր հող էլ մի ուրիշ տեղ ունեմ, թող գան` ձրի տամ իրանց: Ես դրանք ոչ կարում եմ մշակել, ոչ էլ էդ հողից հնարավոր է եկամուտ ստանալ: Բայց իրանք վերցնում են իմ լավագույն տարածքն ու ուզում են չնչին կոպեկներով վարձահատույց լինել,- ասում է Ավագ Գեւորգյանը:- Ես իրանց տված փողը չեմ վերցրել, իրանք էլ փոխանցում են արել նոտարական գրասենյակի դեպոզիտ հաշվի համարին: Հիմա ոչ թողնում են` մենք մշակենք էդ հողերը, ոչ իրանք են շինարարություն անում: Տանը 7 շունչ ենք, ոչ մեկս չենք աշխատում, պարապ-սարապ նստած ենք, երեխուս ուղարկել եմ խոպան, որ ապրենք»: Ավագն ասում է, որ արդեն 3 տարի է` հողը չի կարողանում մշակել, ալյուրը պարտքով է գնում: Իր անունով բացված դեպոզիտ հաշվին, իր չվաճառած հողերի դիմաց գումար կա փոխանցված` 1քմ-ը 96 դրամով հաշվարկած, սակայն Ավագն այդ գումարին ձեռք չի տվել եւ ցանկություն էլ չունի վերցնելու:

«Չեմ վերցրել, որովհետեւ իմ հողն ավելին արժի,- պարզաբանում է Ավագը:- 1քմ-ը 2000 դրամ է, որը 1 հա-ի հաշվարկով կկազմի 20 մլն դրամ: Ես էլի եմ ասում, չեմ ուզում` երեխեքս ջիպ քշեն. մենք ընդամենը ուզում ենք գոյատեւել: Սաղն էլ գիտեն, որ մեր տան ապրուստի հիմնական միջոցն էդ հողն է եղել, որից ես նորմալ եկամուտ եմ ստացել: Ես ուզեցել եմ հողերն առնող մարդուն տենամ, ասել եմ` ուզում եմ տիրոջը տենամ, կարող ա ես իրան ձրի եմ տալիս, ասել են` չես կարա տենաս: Մեր հողերը գերակա շահ հռչակել է Կառավարությունը, բայց առնողը Կառավարությունը չի: Բա մի հատ չտենա՞նք` առնողն ով ա»: 

Վրեժնիկ Մկրտչյանի ընտանիքը եւս բաղկացած է 7 անձից, նրանցից ոչ ոք չի աշխատում որեւէ կառույցում, այսինքն` հողից բացի` եկամտի այլ աղբյուր չունեն: Վրեժնիկը նախկին ազատամարտիկ է. 1992-94 թթ. մասնակցել է Արցախի ազատագրման ճակատամարտերին: Որպես ազատամարտիկ` որեւէ արտոնությունից չի օգտվել, միայն 2009-ին պարգեւատրվել է Վազգեն Սարգսյանի անվան մեդալով: Վրեժնիկին վրդովեցնում է, որ իր 12 հազար քմ հողատարածքի դիմաց իրեն ընդամենը 987 հազար դրամ են առաջարկել, ավելի ճիշտ` այդ գումարն արդեն իսկ, առանց իր համաձայնության, փոխանցված է դեպոզիտ հաշվին: «Եթե ես վաճառեի այդ հողը, կվաճառեի 24 մլն դրամով,- հաշվարկում է Վրեժնիկ Մկրտչյանը:- Քմ-ը գալիս է 2 հազար 200 դրամ: Հաշվարկն արել եմ մեր հողերի պետական, կադաստրային արժեքով, որ մենք գիտենք` կազմում է 222 դրամ: Ես գիտեմ, որ շուկայական արժեքով կարամ 10 անգամ բարձրացնեմ, էդ ա իմ հաշվարկը: Ես օրենքով եմ ասում, իսկ օրենքով պետական արժեքն ինչքան է հողիդ, սեփականատերը կարա դրա դիմաց 10 անգամ ավելի գին ուզի: Բայց ինձ առաջարկել են քմ-ը վաճառել 87 դրամով»: Վրեժնիկը բացատրում է, որ իր հողն առաջին կարգի է, բերքատու, ինքն իր այդ 1հա 200 հազար մետր հողատարածքից 5,5-ից 6 տոննա ցորեն է ստանում տարեկան. մի մասը վաճառում է, մի մասն էլ վերածում է ալյուրի, որն օգտագործում են տան կարիքների համար: ««Ռենգո» շինարարական կազմակերպությունը չիմանալով մտել էր իմ 1000 քմ հողը: Հետո իմանալով, որ դա դեռ վաճառված չէ` դուրս էր եկել,- պատմում է Վրեժնիկ Մկրտչյանը:- Ես էլ արդեն 3-րդ սեզոնն է` չեմ կարում հողս մշակեմ: Չգիտենք, ճիշտն ասած, թե ինչ անենք, անորոշ վիճակ է, ստացվում է, որ ոչ մերն ա, ոչ մերը չի»: 

Հայցվորներից 65-ամյա Սարգիս Զախարյանին պատկանող հողատարածքը` 1հա 4800 մետր, եւս գտնվում է վիճելի տարածքում: Սարգիս պապը վստահեցնում է, որ իր այդ հողամասից մոտ 2000 դոլարի չափով եկամուտ է ստանում: Ստացված գումարից հանում է արած ծախսերը, դեռ 1000 դոլար էլ իրեն մնում է ձմռան ապրուստը հոգալու համար: «Էս իրեք հոգիս որ չենք տվալ, պրոստո մեզնից ոչ մեկը ոչ մի տեղ չի աշխատում, այլ եկամուտ չունենք: Էն մյուսները, որ էդքան հեշտ համաձայնվել ու իրանց հողերը տվել են, ուրեմն իմացեք, որ ուրիշ տեղ ավելի լավ հողեր ունեն: Մեջները կան, որ ճոպանուղում են աշխատում: Մարդիկ էլ կային, որ չէին էլ մշակում, ու իրանց ձեռնտու էր ծախելը,- ասում է Սարգիս Զախարյանը:- Բայց ամենակարեւորը` չգիտենք, թե ով ա մեր հողերը առնողը: Օրը մեկը գալիս ա: Դատարանում եկել մեկը խոսում էր` Կարեն Բաբուլյան, իրանց իրավաբա՞նն է, թե չգիտեմ` ով ա: Ես էդ մարդուն ասում եմ` դե, որ հողս վերցնում ես, փողս տուր: Ասում է` ես չեմ վերցնողը: Ասում եմ` էդ դեպքում ո՞վ ա: Մենք ուզում ենք էդ տիրոջը տենանք: Կարող ա էդ մարդը դուրս գալիս ա, ես իրան ձրի եմ տալիս: Ես ասում եմ, բայց խնդրում եմ, աղջիկ ջան, դու էլ ասա, թող էդ մարդը գա, կադաստրային արժեքով հաշվի, փողս տա, հողն առնի»: «Իսկ ո՞վ ասաց, որ մենք կադաստրային արժեքով հաշվարկված չենք վճարել,- հարցադրումը Տաթեւի Ճոպանուղու եւ հյուրանոցային համալիրի շինարարական ծրագրի ղեկավար, Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի անդամ Արտաշես Ղազախեցյանին է:- Համապատասխան կազմակերպությունը եկել, գնահատել է: Քմ-ը եղել է 42 դրամ, մենք վճարել ենք կրկնակին»:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter