HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստամբուլյան օրագիր. 19-ը ապրիլի

Ստամբուլում գտնվելու երկրորդ օրը մեզ համար հատկանշական էր, քանի որ այդ օրը Մեծ եղեռնի ժամանակ զոհված հայ լրագրողներին նվիրված ասուլիս էին հրավիրել տեղացի մի քանի հասարակական գործիչներ, այդ թվում՝ «Ակօսի» խմբագրապետ Ռոբեր Կոպթաշը: Սա լավ հնարավորություն էր Ստամբուլի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներից ոմանց հետ ծանոթանալու, շփվելու համար: Հաճելի էր տեսնել հայկական խնդրի շուրջ քննարկման մասնակցող պոլսահայ երիտասարդների, որոնք անմիջապես հետաքրքրվեցին մեզնով՝ պատրաստակամություն հայտնելով օգնել հնարավոր խնդիրների դեպքում: Ուրախանում ես, երբ օտար երկրում ազգակից, առավել եւս հայերեն խոսող մարդ ես գտնում:

Ասուլիսից հետո պատահաբար հանդիպեցինք երաժիշտ Արտո Թունջբոյաջյանին: ԱՄՆ-ից նախորդ օրն էր ժամանել. պատրաստվում էր «Քարդեշ թյուրքյուլեր» («Եղբայրական երգեր») խմբի հետ թողարկած ձայնասկավառակի շնորհանդես-ասուլիսին: Տպավորություն ստացա, որ Արտոն մի քիչ տխուր է: Խոսքի մեջ նշեց, որ արդեն 9 ամիս Հայաստանում չի եղել, իսկ հարցիցս, թե երբ կգա, մի փոքր այլայլվեց ու դժվարացավ հստակ պատասխանել: Հասկացա, որ նեղացել է Հայաստանից: Բայց անմիջապես էլ շեշտեց, որ պատճառը ժողովուրդը չէ, այլ իշխանությունները: Չուզեցի մանրամասները հարցնել, քանի որ զգում էի՝ տհաճ թեմա էր նրա համար:

Հետո զրույցի ընթացքում պատմեց, որ երբ 2006-ին Կարսում “Armenian Navy Band” խմբով համերգ են տվել, ոչ մի հայաստանցի չի մասնակցել: Իմանալով, որ նոր ձայնասկավառակի շնորհանդեսի շրջանակներում պատրաստվում են Թուրքիայում Վանից մինչեւ Ստամբուլ շրջագայություն կազմակերպել՝ մասնակցելու ցանկություն հայտնեցինք: Արտոն սիրով համաձայնեց ու չնայած ցույց չտվեց, բայց, կարծում եմ, ներքուստ ուրախացավ: Նրա միջոցով ծանոթացանք նաեւ խմբի պրոդյուսեր ու ակորդեոնիստ, հայազգի Սարո Ուստայի հետ: Ուրախ ու հետաքրքիր անձնավորություն էր:

Ինձ հատկապես գրավեց նախկին համալսարանական ընկերներից կազմված «Քարդեշ թյուրյուլեր»-ի բազմազգ կազմը՝ հայ, թուրք, քուրդ, ազերի, մակեդոնացի... Նույնքան բազմազան էր նաեւ երգացանկը՝ թրքերեն, քրդերեն, հայերեն, չեչեներեն, եզդիերեն, զազայերեն... Ասուլիսին ներկաները տարվեցին խմբի եւ Արտոյի կատարումներով: Եթե հայաստանցի լրագրողներս չէինք հասկանում այլ լեզուներով հնչող երգերը, ապա տեղացիները հաստատ չհասկացան Արտոյի կատարմամբ դիպուկահարի կրակոցից զոհված փոքրիկ Հայդոյի մասին երգը: Բայց ամենակարեւորը թերեւս երգերի մեղեդին ու ընդհանուր շունչն էր, որ լեզվի իմացություն չէր պահանջում ու միատեսակ հասկանալի էր բոլորին:

Ստամբուլ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter