HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ըննդիմության հանրահավաքին բախումները պետք է բացառել

Ժամեր անց կմեկնարկի ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը: Կազմակերպիչները հայտատարել են, որ այս հանրահավաքը բեկումնային է լինելու, եւ ժողովուրդը հուսահատված տուն չի գնա: Երեկ էլ Հայաստանում ԱՄՆ դեսպանատւնն էր իր քաաղաքացիների համար հայտարարություն տարածել՝ կոչ անելով հնարավորինս զգույշ լինել եւ հանրահավաքի ժամերին զերծ մնալ քաղաքի այդ հատվածում գտնվելուց, քանի որ հնարավոր են տրանսպորտային խցանումներ։

«Հիշեցնում ենք, որ նույնիսկ խաղաղ հանրահավաքը կարող է հանկարծակի վերածվել բախման, եւ հնարավոր է բռնություն կիրառվի առանց զգուշացման»,- ասված էր ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։ 

Տպավորությունն այնպիսին է, որ այսօր արտառոց բան է լինելու Երեւանում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ սկզբունքորեն չի մեկնաբանում միջազգային դիվանագետների հայտարարությունները` դա համարելով իրենց խնդիրը:

Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանում թե ընդդիմությունը, թե իշխանությունը պարտավոր են հարգել օրենսդրությունն ու Սահմանադրությունը եւ ամեն ինչ պետք է անեն օրենքի սահմաններում: 

«Հաշվի առնելով մեր ընդդիմադիր գործընկերների այն հայտարարությունները, թե ամեն ինչ արվելու է սահմանադրական ճանապարհով, հույս ունեմ, որ իշխանության եւ ընդդիմության մեջ կգերիշխի սառը դատողությունը, եւ կանեն օրենքից բխող քայլեր»,- ասում է Շարմազանովը:

Ըստ նրա` պետք է բացառել բախումները, քանի որ անկախության եւ հատկապես վերջին տարիներին բախումներ շատ են եղել, որոնք որեւէ մեկին օգուտ չեն տվել ու չեն տալու:

«Որեւէ երկիր բախումներով առաջ չի շարժվում: Ես հույս ունեմ, որ մեր ընդդիմադիր գործընկերների մեջ կլինեն մարդիկ, որոնք սառը դատողությամբ կառաջնորդվեն: Այդ բախումը պետք չէ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, առավել եւս՝ հասարակությանը»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների հայտարարություններին, թե հնարավոր է նստացույցեր լինեն, Շարմազանովը նշեց, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ օրենքի սահմաններում ինքն է որոշում իր մարտավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter