Բնապահպանական տեսչության «պաշտպանությունը»
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ծիծաղելի գումարով` 100 հազար դրամով (300 դոլլարից պակաս) է տուգանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` Ողջի գետ 50 տոննա պոչհանքի արտահոսքի համար: Շրջակա միջավայրին հասցված վնասը, սակայն, մի քանի անգամ բարձր է գնահատվել` 650 հազար դրամ (մոտ 1800 դոլլար):
Ինչպես հայտնի է, ձեռնարկության պոչերը պարունակում են քիմիկատներ, որոնք օգտագործվում են հանքանյութի հարստացման ընթացքում: Բացի այդ, պոչերում առկա են հանքանյութին բնորոշ բոլոր մետաղները` պղինձ, մոլիբդեն, ինչպես նաեւ այնպիսի խառնուրդներ, ինչպես ռենիում, սելեն, տելլուր, բիսմուտ: Այս բոլոր մետաղներն առողջության եւ շրջակա միջավայրի համար համարվում են տոքսիկ:
Հետաքրքիր է իմանալ` ի՞նչ նորմերով է ղեկավարվել բնապահպանական պետական տեսչությունը, ի՞նչ վերլուծություններ է անցկացրել եւ ինչպե՞ս է որոշել վնասը եւ տուգանքի չափը: Օրինակ` արդյոք անցկացվե՞լ է Ողջի գետի հատակից վերցված նմուշի վերլուծություն, որտեղ նստվածք են տալիս մետաղները: Անցկացվե՞լ է նմուշների վերլուծություն զարգացման մեջ, օրինակ` վթարի առաջին օրը, երկրորդ օրը, մեկ շաբաթ անց: Ո՞ր տարրերի պարունակությունն է գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ո՞ր տեղերում, վթարից հետո քանի՞ օրվա ընթացքում:
Էկոլոգների մտահոգությունների հետ համակարծիք է Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն: Կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանն ասում է, որ ռիսկի տակ է ամենից առաջ Կապանի բնակչությունը, քանի որ Ողջի գետը հոսում է քաղաքի միջով եւ նաեւ այն համայնքներով, որոնց հողերը ոռոգվում են Ողջիի ջրերով:
«100 հազար դրամը տուգանք է, որը կարող է նշանակել ավտոտեսուչը, եթե կարմիր լույսի ժամանակ անցնես,- ասաց նա «ԷկոԼուր»-ի հետ զրույցում եւ հավելեց,- ահա այս գումարով` 100 հազար դրամով է բնապահպանական պետական տեսչությունը պաշտպանում մեզ եւ շրջակա միջավայրը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել