HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մեզ փրկեք, խեղդում են»

Ձկնաբույծներն ընդդեմ Արմեն Գեւորգյանի

«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ Արկադի Գեւորգյանի գլխավորությամբ այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում էին հավաքվել մոտ մեկ տասնյակ ձկնաբույծներ: Նրանք անհանգստացած էին ձկնաբուծության ոլորտում կառավարության կողմից վարվող քաղաքականությամբ եւ առաջիկայում տեղի ունենալիք փոփոխություններով:

Քննարկմանը մասնակցում էին «Ժառանգությունից» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ՀՅԴ-ից` պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Արա Նռանյանը, ինչպես նաեւ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Ձկնաբույծները բողոքեցին ամեն ինչից` սկսած հողերի կատեգորիաների փոփոխությունից, մինչեւ կեղտաջրերի համար վճարվելիք գումարների չափերը:

Քանի որ ձկնաբուծության ոլորտը կարգավորելու նախաձեռնությունը Տարածքային կառավարման նախարարությանն է, ձկնաբույծները հիմնականում դժհոհում էին ՏԿ նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանից` ասելով, որ նա «արտադրության մեջ չի մեծացել եւ գործից լրիվ անտեղյակ է», ինչի հետեւանքով էլ ոլորտի կարգավորումը սխալ ճանապարհով է տանում: Արկադի Գեւորգյանը նշեց, որ դեռեւս սեպտեմբերի 4-ին փոխվարչապետն Արարատի մարզի Հայանիստ գյուղում գյուղապետերի մասնակցությամբ քննարկում է կազմակերպել եւ թիրախ է դարձրել ձկնաբույծներին` ասելով, որ ջուրն անխնա օգտագործում են հենց ձկնաբույծները:

«Ջրի 70-80 տոկոսը չի հասնում գյուղացուն ներքին դրենաժային համակարգի վատ վիճակի պատճառով, թող չասեն, թե ձկնաբույծներն են մեղավոր»,-ասում է Ա. Գեւորգյանը:

Սակայն, ՀԿ-ի նախագահը չի ժխտում, որ Արարատյան հարթավայրում ջուրը պակասում է` ասելով, որ դա անկանոն հորատման արդյունք է: Ձկնաբույծների սրտով չէր նաեւ կառավարության կողմից առաջարկվող այն փոփոխությունը, որով այդ ոլորտի համար նախատեսված հողերի կատեգորիաները պետք է փոխվեն` գյուղատնտեսականից դառնան արտադրական: Ձկնաբույծները պնդում են, որ իրենց գործունեությունը եւս գյուղատնտեսական է եւ հողի կատեգորիայի փոփոխության կարիք ամենեւին չկա:

Նշում էին, որ իրենք պետությանը հարկեր են վճարում, ավելին` միայն ներկրվող ձկան կերից պետբյուջե են վճարում 1 մլրդ 200 մլն դրամ եւ իրենցից դժգոհելու պատճառ ամենեւին էլ չկա: Ստյոպա Սաֆարյանը հարց ուղղեց, արդյոք հետաքրքրվել են, թե իրենց գործունեությունից գյուղացիները գո՞հ են, թե՞ դժգոհ:

«Դժգոհ չեն, ամբողջը սարքած բան է»,- հայտարարեց Արկադի Ղուկասյանը:

Այնուամենայնիվ, նշենք, որ հատկապես Արմավիրի մարզի այն համայնքներում, որտեղ ձկնաբուծարաններ կան, արտեզյան հորերի ջրի նվազման հիմնական մեղավորը, գյուղացիների կարծիքով` ձկնաբուծարաններն են: Օրինակ` Գրիբոյեդով գյուղում հենց այդ տեսակետն են պնդում թե համայնքապետը, թե գյուղի բնակչությունը:

«Մեզ փրկեք, խեղդում են»,- դիմելով պատգամավորներին հայտարարեց Արկադի Գեւորգյանը: Առաջիկայում նախատեսվում է եւս մեկ քննարկում կազմակերպել եւ ԱԺ խմբակցությունների հետ համաձայնություն ձեռք բերելու դեպքում անցկացնել խորհրդարանական լսումներ: «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները պատրաստվում են ոլորտը կարգավորելու համար մշակել օրինագիծ: Դրան կողմ են ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները, մնում է` ՀՀԿ-ն համաձայնություն տա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter