Առաջարկում են մի շարք ներմուծվող ապրանքներ ազատել ԱԱՀ-ից
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես են եկել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0% դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ նոր օրենսդրական նախաձեռնությամբ:
Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատել ներմուծվող բեղմնավորված ձկնկիթը, տոհմային ինկուբացիոն ձուն եւ ձկան կերը:
Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում կխթանի ձկնաբուծության զարգացումը: Ըստ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի կատարած հետազոտությունների` 1983թ.-ին Սեւանում սիգը եղել է 10-11 հազար տոննա, այն ժամանակ լճի հիմնական ձկնային պաշարների 80-90%-ը կազմում էր սիգ տեսակի ձուկը: 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին այն հասել էր առավելագույնի` 30 հազար տոննա, 2000թ.-ին իջել էր մոտավորապես 2000 տոննայի, իսկ այսօր ունենք ընդամենը 170-180 տոննա:
Օրենքի ընդունման արդյունքում սպասվում է արհեստական ջրամբարներում ձկնաբուծության զարգացման աճ, ինչը կհանգեցնի Սևանա լճից ձկնորսության եւ ձկնագողության նվազեցման և Սևանա լճում ձկան պաշարի վերականգնման: Բացի այդ, այն նաեւ հնարավորություն կընձեռի ձկնաբուծությամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկություններին, առավել նպաստավոր վիճակում հայտնվելով, մեծացնել արտահանման հնարավորությունները, ինչի արդյունքում համեմատաբար կավելանան արտարժույթի հոսքերը դեպի հանրապետություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել