HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսկ Քոչարյանը Ղարաբաղի փողը տվե՞լ է

Գեւորգ Լալայան

Լավ-վատ` շրջեցինք համահայկական դրամահավաքի տարեգրության եւս մեկ էջը, կարելի է ասել` ամենափառավորը, որովհետեւ առաջին անգամ «Հեռուստամարաթոնի» շրջանակում հանգանակված գումարը հատեց-անցավ 20 միլիոնի սահմանագիծը: Փառք ու պատիվ սփյուռքի մեր հայրենակիցներին, ինչու չէ` նաեւ կարեւոր այդ ձեռնարկից անմասն չմնացած հայաստանցիներին, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում փորձեցին օգտակար լինել` թեկուզ «մի կաթիլ» ջրով:

Ամբողջ 12 ժամ հեռուստացույցի «վազող» տողերով հրապարակվում էին բարեգործությանը մասնակցող կազմակերպությունների եւ անհատների անունները, որոնք տվյալ պարագայում` անկախ փոխանցված գումարի չափից, հարգանքի են արժանի: Մարդիկ վստահ են, որ գոնե սոցիալական դժվարություններ ունեցող Արցախին օժանդակելու հարցում իշխանությունների ջանքերը չեն կարող անկեղծ չլինել: Թերեւս միայն անուղղելի հոռետեսը կարող է վատ-վատ բաներ մտածել: Ինչ-որ է, ակցիան ավարտվեց, բայց հասարակությանը հետաքրքրող որոշ հարցականներ, այնուամենայնիվ, մնացին օդում կախված: Շատերին նախեւառաջ հետաքրքրում է համահայկական կոչվող «Հեռուստամարաթոնին» Հայաստանի եւ ԼՂՀ-ի նախկին ու ներկա իշխանավորների, մեր տեղական մեծահարուստների մասնակցության հարցը: Անգամ ամենահետաքրքրասերները հեռուստապաստառի «վազող» տողերում հանրաճանաչ անձանց անունների, կարծես թե, չհանդիպեցին: Զարմանալի է, մի՞թե պաշտոնաթողությունից հետո պետական մտածողությունն իսպառ լքել է, ասենք, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Արկադի Ղուկասյանին, որոնց «փոքր» հայրենիքի դեմ այսօր պատերազմի հոտ է փչում, մինչդեռ այնտեղ իր հույժ լուծմանը սպասող ջրի խնդիր կա: Աշխարհի հայությունը` նույնիսկ նախապատրաստական դասարան հաճախող 5-6 տարեկան լիբանանցի երեխան, իր լուման է ներդնում, իսկ մեր երբեմնի պետական բարձրաստիճան այրերի հոգը չէ, կարծես: Միգուցե մենք սխալվում ենք` տա Աստված այդպես լինի, բայց հակառակն ապացուցող փաստ, ցավոք, չկա: Նույնը վերաբերում է նաեւ երկու հայկական պետությունների ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներին եւ շռայլ խոստումներ տված որոշ մեծահարուստների: Հարգելի Սամվել Ալեքսանյանի հավաստիացումը, թե ինքը «Հայաստան» հիմնադրամի հաշվին փոխանցելու է 200 հազար ԱՄՆ դոլար, դեռ ականջներիս մեջ է: Տեսնես` ի՞նչ եղավ: Իհարկե, մենք հասկանում ենք, նվիրատվությունը կամավոր է: Իհարկե, չի բացառվում, որ, օրինակ, պարոնայք Քոչարյանի եւ Ղուկասյանի «ձեռքը պակաս» է այս պահին: Եթե խնդիրն իրոք ֆինանսական սղությունն է, ես կարող եմ ներողություն խնդրել աննրբանկատության համար եւ նույնիսկ առաջարկել հաջորդ «Հեռուստամարաթոնի» հանգանակության գումարն ամբողջովին ուղղել Արցախի երկու նախկին ղեկավարների նյութական վիճակի բարելավմանը: Հետո հերթը կգա նաեւ մյուսներին:

Գեւորգ Լալայանը ՌԱՀՀԿ խմբագիրն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter