Ի սկզբանե բանակը ստեղծվել է սխալ արժեքային և կառավարման համակարգով
Նոյեմբերի 26-ին ՄԻԺԻ գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի «Ազգային անվտանգության և պաշտպանության» հանձնաժողովի նիստը «ՀՀ Զինված ուժերում վերջերս տեղի ունեցած միջադեպերի մասին» թեմայով։
Ելույթ ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը, որը անդրադարձավ ՀՀ զիված ուժերում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ միջադեպին՝ ասելով, որ այդ միջադեպերը բանակում առկա միջանձնային հարաբերությունների հետևանք են` խարսխված երկրում իշխող ռեժիմի կառավարման համակարգի վրա։
Տիգրան Խզմալյանը փաստեց, որ հայկական բանակը համալրվում է հիմնականում ժողովրդի անապահով խավի ընտանիքների զավակներից, ուստի այն արտացոլում է հոգեբանական, հասարակական և դասակարգային այն գործընթացները, որոնք առկա են հասարակության մեջ։ Այնինչ հայկական բանակը պետք է ամրապնդվի ընտանիքից։ Ամուր ընտանիք՝ ամուր բանակ։ Եվ քանի որ բանակում գրեթե ամեն ինչ ոչնչացվել է, ուստի պետք է կարողանալ հայ ընտանիքներում վերկանգնել սրբությունները, խեղված արժեհամակարգը, որպեսզի իրավիճակը շտկվի։
Գնահատելով բանակում տիրող առկա իրավիճակը` նիստի մասնակիցները նշեցին, որ բանակի ղեկավարությունը չունի անհրաժեշտ կամք` շտկելու համար իրավիճակը, ցածր են սպայակազմի մասնագիտական ունակությունները, և անբավարար` մարդկային որակները: Բանակն առ այսօր հայ հասարակության առաջ փակ համակարգ է, իրականում չկան հասարակական օժանդակություն և վերահսկողություն: Բանակի բարձրագույն հրամանատարական կազմը կոռումպացված է, և բացակայում է անհրաժեշտ սոցիալական արդարությունը կրտսեր սպայական հրամանատարական կազմի և բանակի ղեկավար կազմի միջև: Բանակում տեղ են գտել հանցագործ աշխարհի հասկացողություններ, որոնցով հարաբերվում են զինծառայողները։ Ի սկզբանե բանակը ստեղծվել է սխալ արժեքային և կառավարման համակարգով, ինչն ուղղակի պրոյեկտումն է օտար զինված ուժերից։
Քննարկման մասնակիցները արեցին մի շարք առաջարկներ, որոնց իրականացումը որոշակի առումով կնվազեցնի մահվան ելքով դեպքերն ու պատահարները, կբարելավի զինծառայողների միջանձնային հարաբերությունները։
Մասնավորապես, նշվեց, որ բանակը պետք է ավելի բաց լինի հասարակության առջև։ Հասարակության միջամտությունը բանակում տիրող բարքերին, միջանձնային հարաբերություններին պետք է լինի օժանդակության և վերահսկողության գործառույթներով։ Սակայն իրավիճակում որակական փոփոխություն կարելի է ակնկալել միայն համակարգային լրջագույն փոփոխություններից հետո։ Այս մասին նշվում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել