HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Ապշում եմ, որ դատավոր Թովմասյանը ունեցել ա կանխելու հնարավորություն, բայց չի կանխել»

Որդու ծեծի մասին է ասում Սամվել Հարությունյանը

«Տեսա` կռվում են. Աշոտին գցեցին ներքև, ոտքերով, ձեռքերով լավ խփեցին, ծեծեցին: Բոլորն էլ ծեծում էին. 4 հոգի էին, 4-ն էլ ծեծում էին: Ես վախեցա, իջա մեքենայից ու վազելով գնացի առաջ: Ասեցի` հենց հիմա վերջացրեք, թե չէ էսա միլիցիա կզանգեմ: Իմ ասելուց հետո նրանք դադարացրին: Բայց իրան լավ ծեծեցին: Արյուն չկար, բայց որ ինքը մեքենա նստեց, ես տեսա` մեջքի երկու կողմում լավ կարմրած, քերծված տեղեր կային:

Շորերը, շալվարը ցեխոտված, կեղտոտված, պատռված մի փոքր տեղ»,- պատմում է Ստեփանավանի բժշկական կենտրոնի աշխատակից Նունե Պառավյանը, ով ակամայից վկա է դարձել դատավորի և դատարանի կարգադրիչների կողմից քաղաքացու ծեծին: Այդ օրը` նոյեմբերի 8-ին` ուշ երեկոյան, Նունե Պառավյանն ու Աշոտ Հարությունյանը, որն աշխատում է Ստեփանավանի բժշկական կենտրոնում (ընտանիքով Վանաձորում է բնակվում), վերադառնալիս են եղել խնջույքից: Աշոտը Նունեին ավտոմեքենայով ուղեկցելիս է եղել տուն: Ճանապարհին կանգ են առել մի խանութի մոտ: Այդ խանութում Աշոտը հանդիպել է Ստեփանավանի դատարանի դատավոր Ա.Թովմասյանին: Նրանց միջև ինչ-որ երկխոսություն է սկսվել (Աշոտի հոր ասելով` որդու խեթ հայացքը դուր չի եկել դատավորին): Խանութից դուրս գալով` որոշել են խոսակցությունը շարունակել մի ուրիշ` ավելի հարմար վայրում: Նունեի պատմելով` դատավորը նստել է իր մեքենան ու Աշոտին ասել. «Քշի իմ հետևից»: Դատավոր Թովմասյանին հետևելով` Աշոտն ու Նունեն հայտնվել են դատարանի շենքի առաջ (Ստեփանավանի դատարանը քաղաքից դուրս է գտնվում): Դատավորը իջել է մեքենայից, Աշոտը հետևել է նրան և մոտեցել դատարանի առաջ կանգնածներին: Նունեն մեքենայից չի իջել: Լսելով, որ վիճում են, ավտոմեքենայի դուռը բացել է և Աշոտին խնդրել, որ իրեն տուն տանի: «Դե, 3 րոպեից կգաս»,- ասել են Աշոտին: Սակայն տան մոտ Նունեն չի իջել մեքենայից` չցանկանալով Աշոտին մենակ թողնել: Ու նրա հետ հետ է եկել: «Դատարանի առաջ լրիվ կազմով սպասում էին. դատավորը, հետը 4 հոգի էին` 3-ը քաղաքացիական հագուստով, մեկը` ֆորմով»,- հիշում է Նունեն: Մեկը մոտեցել է մեքենային ու Աշոտին ասել` դե իջի: Աշոտը հարցրել է` «ըստեղ նկարվո՞ւմ ա կամերաներով», պատասխանել են` ոչ: Աշոտը մեքենան շենքից մի փոքր հեռու է կանգնեցրել: Նունեն այս անգամ էլ չի իջել մեքենայից, և դատարանի աշխատակիցներին թվացել է, թե Աշոտն այս անգամ մենակ է: Մեքենայի մեջ նստած` 10 րոպե Նունեն կռվի ձայներ է լսել: Վերջապես չհամբերելով` դուրս է եկել, որ տեսնի, թե ինչ է կատարվում: Եվ իր ասելով` ականատես է դարձել վերևում նկարագրված ծեծին: «Որ ես մոտիկացա, ասեցի` հեսա միլիցիա կզանգեմ: Դրանցից ֆորմովը ասեց` հեռու գնա, թե չէ քեզ էլ կխփեմ»,- պատմում է Նունեն: Հետո, ինչպես Նունեն է հիշում, Աշոտին «քցել են փողոցի էն մի կողմը, ու իրանք գնացել»: Աշոտը Նունեին տուն է տարել, ինքն էլ եկել Վանաձոր: Տուն է հասել գիշերը` ժամը 1:30-ի սահմաններում: Տան անդամներին դեպքի մասին ոչինչ չի պատմել: Հայրը նրա պատառոտված շորերը միայն հաջորդ օրն է տեսել: Դեպքի հաջորդ օրը` նոյեմբերի 9-ի առավոտյան, Հարությունյանների տուն են եկել քաղաքացիական հագուստով մարդիկ, ներկայացել որպես Ստեփանավանի ոստիկանության բաժնի աշխատակիցներ և առանց «թուղթ ցույց տալու»` Աշոտին տարել Ստեփանավան` բաժին: «Էկա Ստեփանավան, մտա բաժանմունք: Բոլորն էլ ասին` դե լավ, ինչ էղել ա, չի էղել, դուք էլ եք կիրթ մարդ, դատավորն էլ: Ասին` բողոք-բան չըլնի քո կողմից, անհարմար ա, թող անցնի գնա: Զրույցներից նենց հասկացա, որ էսա ամեն ինչ կճշտվի, կվերջանա, կգնա»,- պատմում է Աշոտի հայրը: Բայց իմանալով, որ որդին պետք է կալանքի տակ պահվի` եկել է Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի մոտ, պատմել եղելությունը: Դատախազն էլ խոստացել է, որ «իր կոնտրոլի տակ ամեն ինչը օրենքի սահմաններում կլուծվի»: Աշոտ Հարությունյանը մինչ օրս կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հանցակազմով: Նունե Պառավյանին 2 անգամ բաժին են կանչել` մի անգամ բացատրագիր գրելու, մի անգամ ցուցմունք տալու: Երկու անգամ էլ քննիչ Ա.Բերբերյանը նրան առանց ծանուցագրի է կանչել: Նունեն քննիչից իմացել է, որ Աշոտին մեղադրում են այն բանի մեջ, որ նա իբր «մտել է դատարանի բակ, հարձակվել դատարանի աշխատողների վրա, հայհոյել նրանց»: Հաղորդումը ներկայացրել են Աշոտին ծեծի ենթարկած աշխատակիցները: Դատավոր Թովմասյանը ևս ցուցմունք է տվել Աշոտ Հարությունյանի դեմ: Ընդ որում, դատավորն այն հիմնավորումն է բերում, որ Աշոտ Հարությունյանը գործել է վրեժխնդրությունից դրդված, քանի որ ««Ակբա կրեդիտ» բանկն ընդդեմ Սամվել Հարությունյանի» քաղաքացիական գործը քննելիս ինքը վճռել է բավարարել գումարի բռնագանձման հայցն ընդդեմ Աշոտ Հարությունյանի հոր: Բայց Սամվել Հարությունյանը անհիմն է համարում դատավորի այս ենթադրությունը, քանի որ, իր ասելով, «բանկի հետ ոչ մի վեճ կամ դատարանի որոշման դեմ առարկություն չի ունեցել»: Նա չի հրաժարվում պարտքից. «Ներկայացրել եմ դատարան, որ բերքս փչացել ա, չեմ կարողացել էդ բերքից եկամուտ ստանամ, էդ ա պատճառը, որ վարկս չեմ կարողացել մարել: Ես չեմ հրաժարվում պարտքից: Ինչի՞ պետք ա թշնամանք ըլնի, ախր»: Սամվել Հարությունյանը համոզված է, որ դատավոր Թովմասյանն է հրահրել կռիվը: «Քննությունը կպարզի` իմ որդին մեղավոր ա, թե մեղավոր չի: Ընդունենք` ես կողմնակալ կըլնեմ, իրա հայրն եմ, ոչինչ չեմ խոսում իրա վարքից: Բայց ես ապշում եմ և անընդունելի եմ համարում, որ դատավոր Թովմասյանը, լինելով կրթված և օրենքի մարդ, իշխանության ներկայացուցիչ, ունեցել ա կանխելու հնարավորություն, բայց չի կանխել: Նա պըտի դիմեր ոստիկանություն, ոչ թե զարգացներ, հրահրեր: Էկավ, մտավ շենքից ներս, գիտեր հանցանք ա արել, թող զանգեր, ըտեղ ձերբակալեին: Ինչի չեն կանխել. իրանց նպատակն ա էղել քցեն քացու տակ, 4 հոգով թուրքի շան նման ջարդեն: Եթե Նունեն մեքենայից դուրս չգար, ի՞նչ կըլներ իմ տղայի վիճակը»- ասում է վրդովված հայրը: Աշոտ Հարությունյանի պաշտպան Անահիտ Ալոյանն էլ կարծում է, որ դատարանն իր պաշտպանյալի նկատմամբ անհիմն որոշում է կայացրել` կալանքի տակ վերցնելով նրան: Ըստ նրա` կալանավորումը օրենքով նախատեսվում է բացառիկ դեպքերում, երբ կա վտանգ, որ մեղադրյալը կթաքնվի նախաքննական մարմնից, կփախչի, կխանգարի քննությանը, այսինքն` կկատարի այլ հակաօրինական արարքներ: Դատարանը նաև առանց պատճառաբանության մերժել է խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը` հաշվի չառնելով նույնիսկ, որ մեղադրյալը լավ կենսագրություն ունի, կրթություն, աշխատանք, 2 անչափահաս երեխա: «Ինձ տարօրինակ թվաց, որ դեպքը կատարվել է գիշերը, իսկ առավոտյան ժամը 8-ից տասը պակաս մեծ օպերատիվությամբ մարդուն տանը հայտնաբերել են, ընդ որում` ձևակերպել են «հայտանբերվեց օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում»: Ի՞նչ օպերատիվ գործողությունների մասին է խոսքը. նա մի քանի օր փախա՞ծ էր, ինչ էր: Կամ գիշերով ե՞րբ հասցրին վերցնել հաղորդագրություն»,- զարմանում է Ա.Ալոյանը: Փաստաբանի կարծիքով` սրանք կարևոր հարցեր են, որոնք դատարանն անտեսել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter