HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Վանաձորի Քիմպրոմի» բիզնես ծրագրերն ամբողջությամբ կանխատեսումների վրա են հիմնված

«Հետքի» հարցերին պատասխանում է «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը

Ինչո՞ւ աշխատողների աշխատավարձը 6 ամիս ուշացումով տրվեց:

Վեց ամիս չի եղել, 4 ամիս է գալիս: Էն էլ մարդիկ կան, որ առաջ ստացել են: Դրա համար ես չեմ մտածում, որ դա 4, 6, 8 ամսվա է:

Էդ գոռոցները… մի քիչ բորբոքված մարդիկ են, մի քիչ շատ են խոսում: Եվ մի բան էլ մի մոռացեք. քանի որ նույն օրը «Նաիրիտի» ցույցը եղել է, ու էս ցույցն է եղել, ես մտածում եմ, որ էստեղ կարող է ուրիշ հարցեր էլ լինեն, ոչ թե մենակ աշխատավարձի հարցը:

Ի՞նչ նկատի ունեք:

Դե, եթե համ էնտեղ, համ էստեղ, նույն օրը` նույն ժամին. պատահականություն ես չեմ համարում: Ինչ-որ կազմակերպված պահ ես տեսնում եմ էստեղ, ինչ-որ համախմբված մի գործողություն:

Այս պահին քանի՞ մարդ է աշխատում «Քիմպրոմում», և որքան է աշխատողի միջին աշխատավարձը:

Էսօրվա դրությամբ 621 հոգի մարդ կա անձնակազմում` 3 գործարաններում` ՋԷԿ-ում, Շոլկում և բուն քիմգործարանում: Միջին աշխատավարձը 80-100 հազար դրամ է: Մեկ ամսվա մաքուր աշխատավարձը, որ «Քիմպրոմը» տալիս է աշխատողներին, 48,5 մլն է:

Այս պահին որքա՞ն չվճարված աշխատավարձի պարտք ունի գործարանը:

Մեծ է ընդհանուր պարտքը, իսկ աշխատողներին` նայած` 3, 4 ամսվա, մարդ կա, որին ընդհանրապես պարտք չունենք: Ամեն անգամ մի դաստա դիմում եմ ստանում, փորձում ենք ինչ-որ հարցեր լուծել. մահ կա, հիվանդություն կա, ուրախություն կա: Փորձում ենք էս առաջնահերթությամբ լուծումներ գտնել:

Ինչո՞ւ եք այդքան մեծ թվով աշխատողներ պահում, եթե չեք կարողանում վճարել նրանց:

Մեր կադրերի վիճակը բարդ է էսօր: Ես մասնագետներ ունեմ, որ կարող է Հայաստանում 1-2 հոգի է մնացել: Եթե ես իրենց էսօր հրաժեշտ տամ, ոսկուց էլ սարքեմ էս գործարանը, չենք կարող աշխատացնել: Ես, էդ ամեն ինչը հասկանալով, գնում եմ էս պայմաններին, գնում եմ իրենց հետ միասին` իրենց հետ կիսելով դժվարությունները: Ինչքան իրենք են ստացել, էնքան էլ ես եմ ստացել աշխատավարձ: Թող մեկը կանգնի ասի` Սնեգիրյովը ստացել է, ես չեմ ստացել: Մի բան էլ մի մոռացեք` ես սեփականատեր չեմ: Ես սեփականատիրոջ ներկայացուցիչ եմ: Ես էլ վարձու մարդ եմ. ոնց որ ժողովուրդը, նույնն էլ ես:

Ո՞ւմ է պատկանում «Քիմպրոմը»:

Չորս անհատ ձեռներեց են Ռուսաստանից: Ես մեկի հետ եմ շփվում: Իր հետ եմ իմ հարցերը լուծում:

Նրանցից ֆինանսավորում չե՞ք ստանում:

Ռուսաստանի վիճակը էսօր շատ բարդ է: Տեսնում ենք, որ հայերի վերադարձն է էնտեղից շատ, գումարների պակասություն է անցյալ տարիների համեմատ: Եթե մի 2 տարի առաջ իմ ֆինանսական հարցերը հանգիստ լուծում էի, հիմա մեծ դժվարությամբ եմ էդ հարցերին մոտենում:

Ի՞նչ լուծում եք տեսնում` աշխատողների աշխատավարձի հետ կապված:

Ասում են, որ կարելի է լուծում տալ մարդկանց կրճատելով, մարդկանց հանելով, բայց ես դա սխալ լուծում եմ համարում: Կարող եմ գործարանի մի մասը վաճառել, աշխատավարձը տալ ու ասել շնորհակալություն, հաջողություն ձեզ: Դա ձև է: Բայց արդյոք դա ձև՞ է: Երկու տարի դրա դեմ եմ պայքարում:

Իսկ եթե չվճարվող արձակուրդի ուղարկեք նրանց:

Դուք պատկերացնում եք` ես Ձեզ ասեմ` գնացեք, մի 4 ամիս հետո կկանչեմ: Դուք կարծում եք` դա ճի՞շտ է:

Ի՞նչ կասեք «Քիմպրոմի»` քաղաքապետարանին ունեցած հսկայական պարտքերի մասին:

Ինձ դա շատ չի անհանգստացնում: Հաշվի առեք, որ էդ պարտքերը հնուց են եկել` 2001-ից: Որպես սեփականատեր` ես էս գործարանը պարտքերով առա: Էդ պարտքերի թիվը 162 մլն էր էն ժամանակ: Նախկին տնօրենները պարտքերը չեն մարել, ինձ ժառանգություն են հասել: Ես էլ էդ պարտքերից ինչքան կարողանում եմ, մուծում եմ: Բայց դա չի նշանակում, որ քաղաքապետարանը պետք է հույսը դնի, որ միայն Քիմգործարանը պետք է պարտքերը տա: Դա շատ սխալ սկզբունք է: Բացի Քիմգործարանից` 100 հազարավոր ուրիշ միջոցներ կան քաղաքային բյուջեն լցնելու: Էս քաղաքի ղեկավարությունը պետք է զբաղվի, որ էս գործարանը աշխատի, քանի որ մենք իր գործն ենք թեթևացնում առաջին հերթին: Մենք գործ ենք տվել մարդկանց: Հա, մի քիչ դժվարությամբ է, մի քիչ փողի պրոբլեմ է, բայց ռեալ եթե նայենք, էդ հոգսը իրենից հանել ենք:

Գործարանն այս պահին ի՞նչ արտադրանք է տալիս և ի՞նչ ծավալի:

Սալիկների արտադրությունն է աշխատում շատ մեծ եռանդով: Տարեկան մոտ 600-700 տոննա սալիկ ենք արտադրում:

Ո՞րն է արտադրանքի սպառման շուկան:

Աղետի գոտին է պետպատվերով: Քիմգործարանը երբեք չի զբաղվել սալիկների արտադրությամբ: Էդ միտքը ծագեց, կյանքի կոչվեց Սպիտակի և Լենինականի համար: Մտածեցինք, որ տեղական արտադրանք լինի, ոչ թե տարբեր տեղերից բերեն: Լիովին չենք կարող ապահովել, բայց 20% մատակարարում ենք: Իսկ կորունդի արտադրանքը արտահանում էինք ասիական շուկա` Թայլանդ:

Նախկինում ի՞նչ արտադրամասեր են գործել, և ի՞նչ ծավալներ է ապահովել գործարանը:

Կորունդի, կարբիդի, կալիումական պարարտանյութերի, սալիկների արտադրամասերը. տարեկան մոտ 20 հազար տոննա կալիումական պարատանյութ, մինչև 15 հազար տոննա կարբիդ, 2-3 տոննա` թանկարժեք քար: Այս ծավալները լրիվ ապահովել ենք:

Ի՞նչ է պետք գործարանի նախկին հզորությունը վերականգնելու համար:

Ամենաբարդ հարցը ֆինանսականն է: Շատ դժվար է: Կարբիդը որ ուզենամ վերագործարկել, չնայած լրիվ պատրաստ եմ, 750 հազար դոլարի կարիք ունեմ (250 հազար` հումքը, 150 հազար` հումքի բերելը, 250 հազար` 2 ամսվա լույսի փողը): Էս կարգի գումարների խնդիր է:

Ի՞նչ ֆինանսական աղբյուրներ ունի գործարանը:

Բիզնես վարկեր են բիզնես ծրագրերի տակ:

Արտադրանք չունեք, ինչի՞ հիման վրա եք ծրագիր ներկայացնում:

Հիմա չկա, բայց որ ներկայացնում ես, վաղը-մյուս օրը կլինի:

Այսինքն` ձեր բիզնես-ծրագրերն ամբողջությամբ կանխատեսումների վրա՞ են հիմնված:

Այո, առաջին հերթին կանխատեսումների:

Ե՞րբ եք վերջին անգամ վարկ ստացել:

Վերջին աշխատավարձի ժամանակ:

Ի՞նչ բիզնես-ծրագիր ունեք առաջիկայում:

Առաջիկա բիզնես-ծրագիրը «Քիմպրոմի» ՋԷԿ-ի վերափորձարկումն է: Դա է առաջնահերթ խնդիրը: Դա մեր առաջին քայլն է, որ կարող է տանել մնացած հարցերի լուծմանը: Սարքավորումների 90%-ը մտել է գործարան: 1-1,5 ամիս էլ փորձարկումները կանենք, դեկտեմբերի վերջերին կգործարկենք: Դե, դա նախնական է:

Ի՞նչ կտա ՋԷԿ-ի վերագործարկումը:

ՋԷԿ-ը տալիս է գոլորշի, ջերմություն: Եթե ունենաս գոլորշի, գոլորշային ջերմություն, ցանկացած քիմիական արտադրություն էդ բազայի վրա կարող ես հիմնել: Դա էլեկտրաէներգիա ստանալու նոր մեթոդ է, որ աշխարհում 3 տեղ կա` Չինաստանում, Ամերիկայում, Կանադայում: Ոնց որ ածուխն է, դրա ջրածխային տարբերակն է: Եթե էսօրվա գազի գնի տարբերակով փորձենք, ոչ մեկի հետ ոչ մի շուկայական հարաբերության մեջ չենք կարող մտնել: Արտադրանքի գինը կգերազանացի առաջարկը, որ էսօրվա շուկայում կա:

ՋԷԿ-ը նախկինում «Քիմպրոմին» էր պատկանում, հիմա վաճառվե՞լ է:

Դա ոչ թե վաճառված է, այլ առանձնացված: Երաշխավորագրով հանձնվել է մի ֆիրմայի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter