HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Սովոր են, որ 6 ամիսը մեկ 1 ամսվա աշխատավարձ պիտի ստանան

Նոյեմբերի 11-ին «Վանաձոր քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատողներն առաջին ցույցն էին կազմակերպել` գործարանի ղեկավարությունից պահանջելով իրենց 6 ամսվա աշխատավարձը: Ցույցից 4 օր անց` նոյեմբերի 15-ին, աշխատողներին 1 ամսվա աշխատավարձ վճարվեց: Բանվորների մի մասը կարծում է, որ դա ցույցի արդյունքն է, մի մասն էլ համոզված է, որ ցույցը արվեր, չարվեր, իրենց աշխատավարձ կտային. արդեն սովոր են, որ տարին 2 անգամ պիտի աշխատավարձ ստանան` «6 ամիսը մեկ` 1 ամսվա փող»: Ղեկավարությանն այս հարցով դիմելով` միշտ ստացել են «լավ կլինի» պատասխանը: Իրենք էլ ոչ մի անգամ չեն բողոքել. վախեցել են աշխատանքից զրկվելուց: Իսկ հիմա այլևս չեն հանդուրժում ու բողոքում են, որովհետև այս անգամ 6-րդ ամիսն էլ է լրացել: Արդեն 7-րդ ամիսն է, ինչ աշխատավարձ չեն ստանում: Իրենց բողոքը չարտահայտելու մյուս պատճառն էլ այն է, որ «Քիմպրոմը» չաշխատող հիմնարկ է, աշխատող արտադրամաս չունի, ինչը, աշխատողների կարծիքով, «փակում է իրենց բերանը». ստիպված լռում են: Բանվորների մի մասը, սակայն, չի ընդունում այս վերջին պատճառաբանությունը. արտադրանք տալ-չտալն իրենց խնդիրը չէ: Արտադրությունը կանգնած է, թող իրենց չվճարվող արձակուրդի ուղարկեն: Բայց եթե աշխատում են, ուրեմն պետք է աշխատավարձ ստանան. չէ՞ որ աշխատավարձ չստանալը չի խանգարում լրիվ գրաֆիկով աշխատենուն: Եթե ցույցից հետո հիմնարկության աշխատողներին գոնե 1 ամսվա աշխատավարձ վճարվել է, ապա աշխատանքից ազատվածները դա էլ չեն ստացել: Իսկ նրանք հենց փող չստանալու պատճառով են հեռացել հիմնարկից: «Վեց ամիսը մեկ փող էին տալիս: Պարտքերով յոլա էինք գնըմ. մի անգամ մեկից, մի անգամ բանկից, մի անգամ մի բան եմ վաճառել էն հույսով, որ գործարանը իրա պարտքերը կտա, ես էլ իմ պարտքերը կփակեմ,- ասում է նախկին աշխատող Վարդանը:- Որտե՞ղ է գրած, որ 6 ամիսը մեկ պետք է աշխատավարձ տան»: Ըստ աշխատանքային պայմանագրի` աշխատավարձը ժամանակին (յուրաքանչյուր ամսվա 15-ին) չվճարելու դեպքում «Քիմպրոմը» պարտավոր է տուգանք վճարել պետությանը ամեն օրվա համար պարտքի 0,02%-ի չափով: «Եթե տոկոսը բարձր լիներ` 10,20%, հաստատ էդպես չէր լինի, ստիպված կտար աշխատավարձը: Հիմա փոքր գումար է տույժը, չի տալիս. ձեռնտու է էդ ձևը»,- կարծում է նախկին աշխատող Հովիկը: Նախկին աշխատողներից մի քանի համարձակներ որոշել են «պաշտպանել իրենց իրավունքը օրենքի սահմաններում». մտադիր են դատի տալ գործարանի տնօրենին: Պարզվում է` «Քիմպրոմը» հսկայական պարտքեր ունի նաև պետությանը: Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանի փոխանցմամբ` «Քիմպրոմի»` համայնքին ունեցած պարտքն այս պահին կազմում է մոտ 60 մլն դրամ: Ապառքներից բացի` առանձին պարտք է կուտակվել չվճարված հարկերի տույժ-տուգանքներից: Երեք ամիսը լրանալուց հետո չվճարված հարկերի դիմաց սկսում է տույժ հաշվվել` ամեն ժամկետանց օրվա համար պարտքի 0,15%-ի չափով: Ինչպես պաշտոնյան է բացատրում, տույժը վճարվում է ապառքը մարելուց հետո: Նրա տեղեկացմամբ` այս պահին «Քիմպրոմի»` տույժերից գոյացած պարտքն ապառքից շատ է: «Վերջին 2 տարում իրենց պարտքը հասել էր մոտ 200 մլն-ի, հիմա մոտ 60 մլն է կազմում,- ասում է Վ.Դարբինյանը:- Տույժը եղել է 30 մլն, 30 մլն էլ մնում է»: Պաշտոնյայի խոսքով` գործարանն ամբողջ տարի հարկ չի վճարում, իսկ երբ հարցը հասնում է կառավարություն, երբ «դատարան գնալու, հաշիվների վրա կալանք դնելու, սնանակության գործընթաց սկսելու» վտանգ է առաջանում, «ինչ-որ տեղից գումարներ է հայթայթում, բերում միանգամից տալիս մի 30 մլն»: Ըստ պաշտոնյայի` գործարանը ֆինանսավորվում է բիզնես-վարկերով. «երաշխավորագրերով վարկեր է ստանում»: Համայնքապետարանն էլ նրանից է «գարանտիաներ ստանում ու ընդառաջում»: Վ.Դարբինյանի խոսքերով` համայնքապետարանը միջոցներ ձեռնարկում է` «Քիմպրոմին» պարտավորեցնելու վճարել պարտքերը. գրություն է ուղարկում, զգուշացնում, սպառնում, իսկ պարտքի մարման որոշված ժամկետները լրանալուց հետո «կոշտ քայլերի են դիմում»: «Կոշտ խոսալն էն է, որ, ասենք, դատարանի վճիռ է տրվում,-բացատրում է Վ.Դարբինյանը:- Համ էլ դատի ենք տվել, էլի»: Բայց հետաքրքիրն այն է, որ ոչ մի դատական գործընթաց մինչև վերջ չի ընթացել: Ըստ Վ.Դարբինյանի` հաշվի առնելով, որ «Քիմպրոմը ժողովրդական նշանակություն ունեցող օբյեկտ է», քաղաքապետարանը միշտ էլ «ընդառաջել է» ու հայցը հետ վերցրել: «Քիմպրոմի» դեմ վերջին հայցը քաղաքապետարանը ներկայացրել է 2010-ին: Վճիռ է կայացվել պարտքը հարկադիր դատական կարգով բռնագանձելու մասին: Բայց քաղաքապետարանն, ըստ սովորության, դարձյալ «ընդառաջ է գնացել». կնքվել է համաձայնություն, որով «Քիմպրոմը» պարտավորվել է 2010 թ. ապրիլի 1-ից մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մարել պետությանն ունեցած ողջ պարտքը հավասար չափաբաժիններով` ամեն ամիս 3 մլն դրամ` ապառքների մասով` գումարած ընթացիկ հարկերը: «Քիմպրոմն» առաջարկել է, պարտավորվել, բայց չի կատարում իր ֆինանսական պարտավորությունները: «Վերջին 6 ամսվա ընթացքում մի եռամսյակի չափ էլ չեն վճարել»,- ասում է բաժնի պետը: Այնուամենայնիվ, քաղաքապետարանն նորից «կոշտ միջոցների» չի դիմում. հիմա էլ համաձայնագիրն է պատճառ բերում, որը դեռ ուժի մեջ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter