HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվեց Ալավերդու բյուջեն

Ալավերդու «Օրհուս» կենտրոնում նոյեմբերի 25-ին կազմակերպվել էր Ալավերդի համայնքի 2011թ. բյուջեի շնորհանդեսը, որին մասնակցում էին քաղաքապետարանի բյուջետային և քաղաքի սոցիալական հիմնարկների ղեկավարներ: Բյուջեն հրապարակեց Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Համայնքի 2011թ. բյուջեի եկամուտները նախատեսվել են 314 մլն դրամ, որից պաշտոնական դրամաշնորհները կազմում են 212,5 մլն դրամ: Դրամաշնորհներից 196 մլն դրամը կազմում է դոտացիան, որի առթիվ Արթուր Նալբանդյանը հայտնեց իր գոհունակությունը: «Ալավերդին միակ քաղաքն է, որ դոտացիան նույնն է մնացել. շատ մեծ համայնքների դոտացինաներ 2011թ. նվազել են»,- ասաց նա: Բնապահպանական սուբվենցիաները 2011թ. Ալավերդու բյուջեում կկազմեն 38,6 մլն դրամ: Արթուր Նալբանդյանը բյուջեի եկամտային մասը ներկայացնելիս շեշտեց, որ այն ռեալ կանխատեսելու նպատակով ինքը 2010թ. բյուջեի փաստացի մուտքերը համեմատել է նախորդ տարիների ցուցանիշների հետ, հաշվի է առել այդ տարիների ընթացքում նախատեսված եկամուտների դինամիկան: Սակայն բյուջեի հրապարակման ընթաքում նա փաստերով չհիմնավորեց համեմատությունները: Ընդամենը շեշտեց, որ 2010թ. եկամուտների համեմատ 2011թ. բյուջեն աճ է արձանագրելու 485 հազար դրամով, որն էլ առանձնապես չի կարող մեծ փուշ հանել քաղաքի մատից: Քաղաքապետի հավաստմամբ 2011թ. Ալավերդու համայնքի բյուջեն նաև հաշվեկշռված է: Թե ինչպես պետք է դա հասկանալ` նույնպես չմեկնաբանեց: Բյուջեի եկամտային մասում 2011թ. քաղաքի Ակներ գյուղական թաղամասի խմելու ջրի համար սահմանվել են վարձավճարներ, որոնցից նախատեսված 519 հազար դրամը կներգրավվի բյուջեի եկամուտների մեջ: Դեռ 2010թ. սկզբին քաղաքապետարանի բյուջետային հիմնարկ-ձեռնարկությունները դարձել են համայնքի ոչ առևտրային կազմակերպություններ, ինչի արդյունքում վերջիններիս կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող ծնողական վարձավճարները չեն մտնի 2011թ. բյուջեի եկամուտների մեջ, և դրանց շուրջ 23 մլն դրամը նախատեսված է որպես առևտրային կազմակերպությունների` երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, մարզադպրոցի, ըմբշամարտի դպրոցի և մյուս հիմնարկների եկամուտներ: Արթուր Նալբանդյանի հեղինակած 2011թ. բյուջեի նախատեսված եկամուտներում շարունակում է խոցելի մնալ սեփական հարկային եկամուտների կանխատեսումը: Համայնքի բյուջեի ապառքները այս պահին կազմում են 50 մլն դրամ: Դրանք հիմնականում հողի և գույքահարկի հարկատուների պարտքերն են բյուջեին: 2011թ. բյուջեում հողի հարկ է նախատեսվել 6,8 դրամ: «Ընդ որում, հողի հարկի տարվա հաշվարկային թիվը կազմում է 4,9 մլն դրամ: Ապառքից մենք նախատեսել ենք 1,9 մլն դրամ»,- ասաց քաղաքապետը: Սա այն դեպքում, երբ 2007 և 2008թթ. բյուջեների եկամտային մասերում քաղաքապետը նախատեսել է մինչև 15 մլն դրամ հողի հարկի եկամուտներ` ապառքների հետ միասին: Գույքահարկը կազմում է 23,3 մլն դրամ: Ներկայացվեց նաև բյուջեի ծախսային մասը, որը 2011թ. կկազմի 314 մլն դրամ: Արթուր Նալբանդյանը չհիմնավորեց նախտեսված ծախսերի առաջնահերթությունը: Դրանք չէին բխում նաև Ալավերդու զարգացման վերաբերյալ քաղաքապետի ուղերձից: Ուղերձում քաղաքապետը հայտնում է. «Ալավերդին պետք է դառնա բնապահպանական և առողջապահական նորմերին համապատասխան էկոհամակարգով, բարեկեցիկ և զարգացած, զբոսաշրջության համար հարմարավետ և ցանկալի քաղաք»: «Հետքի» այն հարցին, թե ի՞նչ պատճառներով բյուջեի ծախսային մասում գումար չի նսախատեսվել վերոնշյալ ոլորտների համար, Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Բյուջեի նախատեսված բոլոր ծախսերը տուրիզմի զարգացմանն են ուղղված»: Սակայն սրան հասնելու համար հարկավոր է նախ կատարել լուրջ ներդրումներ, և որ ամենակարևորն է` նախատեսված գումարները ազնիվ ծախսել: Թե որքանով կնպաստի տուրիզմի զարգացմանը աշխատանքի վարձատրության համար նախատեսված 49 մլն և ապրանքների ձեռք բերման կամ ծառայությունների համար նախատեսված 84 մլն դրամը, կերևա հետագայում: Ալավերդու բյուջեի ծախսային մասով քաղաքապետը 2011թ. բնապահպանական մասհանումներից 33,4 մլն դրամ է հատկացրել կենցաղային թափոնների աղբավայրի կառուցմանը: «2011թ. աղբավայրի կառուցումը կսկսենք: Հատկացված գումարից 3,7 մլն դրամը նախատեսված է աղբավայրի նախագծանախահաշվային փաստաթղթերը նախապատրաստելու, և 1,5 մլն դրամը` աղբավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական ուսումնասիրման համար»,- ասաց Արթուր Նալբանդյանը: Աղբավայրի կառուցման նախահաշվային արժեքը, սակայն, կազմում է 150 մլն դրամ, որը քաղաքապետը նախատեսել է հայթայթել միջազգային դոնոր կազմակերպություններից: Ըստ Արթուր Նալբանդյանի` 2011թ. բյուջեի ծախսային մասում էական դժվարություններ չեն առաջանա նվազագույն աշխատավարձին ավելացված 2,500 դրամը վճարելու հարցում: Համայնքը չի ստացել աշխատավարձի բարձրացման վճարների տարբերության փոխհատուցում, և փորձել է «տեղավորվել»` բյուջեի ծախսերը ինչ-որ ձևով վերանայելով: Շնորհանդեսի ընթացքում բյուջեն գրեթե չքննարկվեց: Քննարկումից հատկապես անմասն մնացին քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկների ղեկավարները, ովքեր աննպատակահարմար էին համարում ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են ծրագրել 2011թ. բյուջեով իրենց ղեկավարած հիմնարկներին հատկացված գումարներով: «Ես քաղաքապետին իմ առաջարկությունները առանձին կատարել եմ: Ինչո՞ւ պիտի այդ մասին այսօր ես այստեղ ասեմ»,- ասաց Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Հռիփսիմե Մարգարյանը: Իր կարծիքում անզիջում տնօրենին այդպես էլ անհասկանալի մնաց, որ իրեն վստահված հիմնարկին համայնքի բյուջեից հատկացված գումարների իր ծրագրած ծախսերի հրապարակումը բխում է համայնքի բյուջեի թափանցիկ ծախսումների վերաբերյալ օրենսդրական պահանջից: Ի դեպ, Ալավերդու համայնքի 2011թ. բյուջեն նախատեսված էր քննարկել նաև նոյեմբերի 26-ին ավագանու նիստում, սակայն քննարկումը ձախողվեց, քանի որ ավագանու 11 անդամից 7-ը չներկայացավ նիստին: Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Անուշ Էվոյանի` բացակայող ավագանիներից երկուսը նիստի օրը հանրապետությունում չէր: Իսկ ավագանիներ Մերուժան Աբելյանը, Կամո Երիցյանը, Գագիկ Էվոյանը, Արմեն Կարապետյանը, Հակոբ Ճուղարյանը, չնայած պատշաճ տեղեկացվել էին, բայց ավագանու նիստի չէին ներկայացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter