HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թվում է` իմ աչքի առաջ Շայդուլինը իմ տունն է քանդում»

Հարցազրույց Սանահինի երկաթուղային դեպոյի տնօրենի տեղակալ Ռոբերտ Ճուղուրյանի հետ Ռոբերտ Ճուղուրյանը իր 69-ամյա կյանքի 50 տարին անցկացրել է երկաթուղում, որից 33 տարի` 1976-2008 թթ., ղեկավարել է Սանահինի երկաթուղային հանգույցը: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինի 189/Ն հրամանը Ռոբերտ Ճուղուրյանը գնահատում է որպես ոտնձգություն հայկական երկաթուղու նկատմամբ: «Հրամանից հետո ծանր ապրումներ եմ ունենում, թվում է` իմ աչքի առաջ  Շայդուլինը իմ տունն է քանդում»,- ասում է Ռոբերտ Ճուղուրյանը:

Դուք եւ Ձեր որդին` Հակոբ Ճուղուրյանը, ով վերջին 2 տարում ղեկավարում է Սանահինի լոկոմոտիվային դեպոն, դեկտեմբերի 1-ից, այսինքն` 189/Ն հրամանը կյանքի կոչելու հենց առաջին օրը, որոշել եք հեռանալ դեպոյից: Ինչո՞ւ:

Որովհետեւ հրամանի հետ կապված Սանահինի լոկոմոտիվային դեպոյում ստեղծված դժգոհությունների, բողոքի ցույցերի ու մյուս ակցիաների համար ինչպես Շայդուլինը, այնպես էլ Հայաստանի առանձին ղեկավարներ ինձ եւ որդուս են մեղադրում: Այդ հրամանից հետո շատ ծանր ապրումներ եմ ունենում: Ես ու որդիս պատրաստ ենք անտրտունջ հեռանալ դեպոյից, միայն թե դեպոն չլուծարվի:

Դուք այդ հրամանը չե՞ք քննարկել Շայդուլինի հետ առանձին:

Մեր հանդիպումը եղել է 2009 թ. նոյեմբերին Շայդուլինի առաջին տեղակալ Խակովի ներկայությամբ: Խակովը զեկուցեց Սանահինի դեպոյի դրական աշխատանքների մասին, ներկայացրեց նաեւ մեր խնդրանքը, որ Սանահինի լոկոմոտիվային դեպոն չվերանա: Շայդուլինը մեր ներկայությամբ ասաց` հարց չկա, այդպես էլ կմնա:

Նոյեմբերի 10-ին Զամանլու նորակառույց կամրջի մոտ տված իր ասուլիսում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Շայդուլինը Լոռու մարզպետի հետ քննարկել է նաեւ դեպոյի նոր ղեկավարի խնդիրը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այդ խնդիրը դրվում:

Ես պարզ ասեմ. հրամանը մեզ չի առնչվում: Շայդուլինը 1,5 ամիս առաջ եկավ  Սանահին (Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի պետին էլ իր հետ էր բերել), մեր դեպոյի տաղավարում հավաքված երկաթուղայիններին ասաց, որ այսուհետեւ նրանց պետը պետք է լինի Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի պետը: Այդ ժամանակ մեքենավարներից մեկը Շայդուլինին ասաց, որ մենք չենք թողնի, որ Դուք այդպիսի հրաման տաք, այդ հրամանը չի լինի: Այստեղ մեքենավարները նրան սառը ընդունեցին եւ Շայդուլինին հայտնեցին, որ այդ հրամանին չեն ենթարկվելու: Այդ միջադեպից հետո Շայդուլինը անցավ վճռական քայլերի: Նախկինում Հայաստանում 160-170 էլեկտրաքարշեր են աշխատել, այսօր աշխատում են 12-15-ը: Պարզվում է` միայն Սանահինի լոկոմոտիվայիններն են արժանի եղել կրճատման, մինչդեռ նրանք անկախ Հայաստանի դժվար տարիներին` երկրաշարժի ու Ղարաբաղի պատերազմի տարիներին, աներեւակայելի սխրանքներ են կատարել: Մեր մեքենավարները Խրամի կամրջի թեքություններով ամսական 2-3 պայթյունների վտանգի տակ վարել են գնացքները: Ես չեմ մոռանում, երբ 1994 թ. մարդատար գնացքը Սադախլոյում պայթեցվեց, եւ մի 10 րոպեում 2-3 վագոն այրվեց, 3 մարդ էլ` վագոնի մեջ. ամենից շուտ, ոստիկանության աշխատողներից էլ շուտ, մեր լոկոմոտիվայիններն էին հասել օգնության: Ցուրտ ու մութ տարիներին, երբ կայարաններում հերթապահ գոյություն չուներ, Սանահինի բրիգադն է հացահատիկը Սադախլոյից տեղափոխել Հայաստան: Այսօր Գյումրիից մինչեւ Այրում չկա երկաթուղային այնպիսի կոլեկտիվ, որ երկրի արտակարգ իրավիճակներում օպերատիվ բեռնափոխադրումներ կատարի: Գիտեք, խնայողության առումով Շայդուլինը կարող է վերացնել նաեւ Գյումրիի լոկոմոտիվային դեպոն, եւ գնացքները առանց շրջադարձի աշխատեն Երեւանից ուղիղ դեպի Այրում: Բայց մենք չգիտեք` պատերազմական վիճակում գտնվող մեր երկրում վաղը ի՞նչ վիճակ կարող է ստեղծվել:

Ի՞նչ է սպասվում Սանահինի երկաթուղայիններին 189/Ն հրամանի իրականացման դեպքում:

Որքան էլ հավատացնեն, թե Սանահինի երկաթուղային դեպոն չի վերանալու, ես հավատացած եմ, որ մի 5-6 ամիս հետո Սանահինի երկաթուղային դեպոն գոյություն չի ունենալու: Աստիճանաբար վագոնային արտադրամասում կկատարվեն կրճատումներ, կմնա 1-2 հոգի, մյուս հիմնարկներն էլ ընթացքում կամաց-կամաց կվերանան: Ես պարզ ասեմ. առաջարկած հաստիքացուցակում կան այնպիսի աշխատանքներ, որ դեպոյականը չի գնա աշխատելու, որովհետեւ դրանք մասնագիտական հաստիքներ են, եւ գծի ուղեմասի աշխատողներ պետք է լինեն: Նոր հաստիքացուցակում, եթե Գյումրիի լոկոմոտիվային բրիգադը պետք է գնա Այրում, մեր մեքենավարներին աշխատանք չի մնում: Կրճատվում են նաեւ Սանահինի լոկոմոտիվային դեպոյում մեր ունեցած 4 փականագործի եւ մեկ վարպետի հաստիքները: Եթե վերանորոգման արտադրամասը աշխատի, ներկայացված հաստիքացուցակով իրականում դեպոյի 134 աշխատողից աշխատանք կունենա ընդամենը մի 20-25 աշխատող:

Ինչպե՞ս եք տեսնում հետագա զարգացումները:

Ես հույս ունեմ, որ Կառավարությունը այսպես չի թողնի: Մենք դիմում ենք գրել նախագահ Սերժ Սարգսյանին, Կառավարությանը, ԱԺ-ին, որ անկախ հանձնաժողով ուղարկեն` Սանահինում իրավիճակը ուսումնասիրելու: Կարծում եմ` այդ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի նաեւ կոնցեսիոն պայմանագրով հատկացված գումարների  ծախսումները: Մենք չենք ժխտում, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում ճգնաժամ է, բայց  թող այդ ճգնաժամը Շայդուլինի ուռճացված ապարատին էլ վերաբերի: Այլապես դեպոյականները չեն հանձնվելու, նրանք մի մարդու նման պայքարելու են, որ Սանահին լոկոմոտիվային դեպոն պահպանվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter