HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազի կարծիքով՝ պատժաչափը մեղմ է

Դատարանն ապացուցված է համարել թվով 3 անձանց կողմից ավազակություն կատարելու, ապօրինի կերպով զենք պատրաստելու եւ կրելու համար առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:  

Դատարանը հիմնավորված է համարել այն, որ Երեւան քաղաքի բնակիչ Կ. Կարապետյանը, ներգրավելով իր մորեղբոր որդուն` 17-ամյա Ա. Մ.-ին, ապա նաեւ վերջինիս ընկերոջը` Պ. Հակոբյանին, 2009 թվականին ստեղծել է կազմակերպված կայուն խումբ:

Վերջիններս պլանավորել ու կատարել են ավազակային հարձակումներ` զենքի ապօրինի գործադրմամբ: Ընդհանուր առմամբ, բացահայտվել է վերոհիշյալ անձանց մասնակցությամբ ավազակային հարձակմամբ կատարված հափշտակության 4 դրվագ:

Հանցավոր խումբը, ընդհանուր առմամբ, ավազակային հարձակում է գործել թվով 4 բնակարանի սեփականատերերի նկատմամբ: Հանցավոր խմբի գործողություններից տուժել էին մասնավորապես Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 3 շենքի 44 բնակարանի, Երևան քաղաքի Դավիթաշեն Ձոր-1 թաղամասի 89 եւ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/26 տների բնակիչները՝ Արսեն Լալայանցը, Սուրեն Շահգալդյանը, Մանվել Բադալյանը, որոնց տներից ավազակային հարձակմամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար  (կանխիկ գումար եւ ոսկեղեն): 

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 20.09.11թ.  դատավճռով Կ.Կարապետյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ  քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 236-րդ հոդվածի 3-րդ մասով, Ա.Մ.-ն եւ Պ. Հակոբյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 236-րդ հոդվածի 3-րդ մասով:

Դատարանը Ա. Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում 9 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, Պ. Հակոբյանի նկատմամբ` 11 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, իսկ Կ. Կարապետյանի նկատմամբ` ազատազրկում` 12 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ:

Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը գտնում է, որ հանցագործությունների կազմակերպիչ Կ. Կարապետյանի եւ Պ. Հակոբյանի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի սահմանած պատիժը մեղմ է եւ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` կայացված դատավճիռը պատժաչափի մասով վերանայելու համար:

Մեղադրող դատախազը ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել էր Կ. Կարապետյանին դատապարտել 14, իսկ Պ. Հակոբյանին` 13 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter